Երէկ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեան արցախեան շարժումի 30-ամեակին առիթով յղեց հետեւեալ շնորհաւորական ուղերձը.
«1988 թուականի փետրուարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտայայտում էր արցախցիների ազատ ինքնորոշուելու կամքը: Երեք տասնամեակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացաւ ողջ հայութիւնը: Այսօր նշում ենք այդ պատմական շրջադարձային իրադարձութեան 30-րդ տարեդարձը, որն Արցախի Հանրապետութիւնն իրաւամբ հռչակել է Արցախի վերածննդի օր:
Աւելի՛ն, այն դարձաւ հայ ժողովրդի վերածննդի օրը: Մոնթէն ճիշդ էր ասում, երբ պնդում էր, որ եթէ կորցնէինք Արցախը, կը շրջէինք հայոց պատմութեան վերջին էջը: 1988 թուականի փետրուարի 20-ը հայ ժողովրդի միասնութեան, վճռականութեան եւ ազգային զարթօնքի պահն էր:
Մեր ժողովրդի խաղաղ եւ օրինական քայլերին Ազրպէյճանը պատասխանեց Սումկայիթում եւ այլ վայրերում կազմակերպուած կոտորածներով: Այդ օրերին արդէն պարզ դարձաւ, որ Արցախի ժողովուրդը դատապարտուած է ֆիզիքական բնաջնջման կամ յաղթանակի:
Մեզ պարտադրուեց պատերազմ: Պատերազմ սանձազերծողները վստահ էին, որ մեծ առաւելութիւն ունեն եւ, հայերին ոչնչացնելով ու Արցախը դատարկելով, Ղարաբաղի հարցը կը փակեն արագ եւ ընդմիշտ: Երեք տասնամեակների հեռաւորութիւնից այսօր արդէն վստահօրէն կարող ենք պնդել, որ ղարաբաղեան շարժումը փրկել է հարիւր հազարաւոր կեանքեր:
Արցախի հայութիւնը, թիկունքում ունենալով համայն հայութեան աջակցութիւնը, կարողացաւ պատուով դուրս գալ այդ ծանր փորձութիւնից: Այսօր մեզ թշնամի անուանողներն ինչում ասես մեզ չեն մեղադրում, բայց Արցախի ժողովրդի միակ մեղքն այն է, որ նա չի պարտուել եւ չի բնաջնջուել այդ պատերազմում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ղարաբաղեան շարժումը պատմութեան որոշակի փուլում պէտք է փոխակերպում ապրէր: Պետականութեան հռչակմամբ շարժումը ոչ թէ մարեց, այլ դարձաւ պետական քաղաքականութիւն: Համազգային պոռթկումի եւ զարթօնքի պսակը մեր երկու հայկական պետութիւններն են:
Ղարաբաղեան շարժման 30-րդ տարեդարձը մենք տօնում ենք` լսելով նոյն յոխորտանքները, նոյն սպառնալիքները, ինչ 30 տարի առաջ: 30 տարի շարունակւում է հայատեացութեան քարոզչութիւնը: Թւում է, թէ ոչինչ չի փոխուել: Սակայն մենք ենք փոխուել: Արդէն 30 տարի ազրպէյճանական լուծը թօթափած ազատ Արցախը զարգանում է առաջանցիկ կշռոյթով` թէ՛ տնտեսապէս, թէ՛ քաղաքականապէս, թէ՛ մշակութապէս:
Մեր հասարակական գիտակցութեան մէջ գուցէ եւ արդարացուած ընկալում կայ, որ արուածը բաւարար չէ: Ուստի, մենք անընդհատ պէտք է բարձրացնենք մեր պահանջների եւ ակնկալիքների նշաձողը:
Որպէս ժողովուրդ եւ պետութիւն` մենք դեռ շատ գործ ունենք անելու: Հսկայական անելիք կայ բոլոր ասպարէզներում, բայց այն, ինչ միասին արել ենք անցած 30 տարիների ընթացքում, երբեմն` ծանրագոյն պայմաններում, իսկապէս քիչ չէ: Ակնյայտ է` սա վերջին դարերի հայոց պատմութեան թերեւս ամենակարեւոր երեսնամեակն է: Մենք անելու ենք անհամեմատ աւելին եւ կրկին համարելու ենք, որ քիչ է:
Անազատութիւնը չունի արդարացում, եւ ազատութիւնը չունի այլընտրանք: Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններում մենք կառուցում ենք ժամանակակից եւ ժողովրդավարական պետութիւններ: Մենք անվերապահօրէն յարգում ենք մարդու հիմնարար իրաւունքները, քանի որ ողջ հայ ժողովրդի համար ազատութիւնը եւ մարդու արժանապատուութիւնը բացարձակ արժէքներ են:
Կեցցէ՜ Հայաստանի Հանրապետութիւնը:
Կեցցէ՜ ղարաբաղեան շարժման ծնունդ Արցախի Հանրապետութիւնը:
Կեցցե՜ն ղարաբաղեան շարժման առաջամարտիկները»
All the contents on this site are copyrighted ©. |