2017-09-12 10:11:00

Թափօրներ՝ նուիրուած Աստուածամօր ծննդեան տօնին։


Աղաչեա՛ վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած, զի միաբանեսցէ զԵկեղեցի իւր սուրբ, շինեալ ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից, պահել անարատ մինչեւ յօր երեւելոյ գալստեան իւրոյ.աղաչե՛մք:

2017թ. սեպտեմբերի 8-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցին տօնեց Աստվածամօր ծնունդը: Սրբերից միայն Սուրբ Կոյս Մարիամը եւ Յովհաննէս Մկրտիչն են, որ տօնացոյցում ունեն ծննդեան տօներ, միւս բոլորի պարագայում յիշատակուում են միայն մահուան օրերը: Սուրբ Կոյսն այս պատուին արժանի է իր մեծ վաստակի համար, որ ունի Տիրոջ փրկագործական տնօրինութեան մէջ:

Հնագոյն յիշատակութիւնն այս տօնի մասին պահպանուել է 6-րդ դարով թուագրուող մի օրհներգում, որից եզրակացնում են, որ տօնը կարող է ծագած լինել նոյն դարի սկիզբներին՝ Սիրիայում կամ Պաղեստինում՝ Եփեսոսի 431թ. տիեզերաժողովից յետոյ, երբ Աստուածամօր հանդեր ջերմեռանդութիւնը սկսեց մեծապէս տարածուել:

7-րդ դարում այս տօնն արդեն տարածուած էր Բիւզանդեայի տարածքում, նաև՝ Հռոմում, որտեղ դժուարութեամբ արտօնուեց Սուրբ Աթոռի կողմից, քանի որ Մարիամի ծննդեան մասին տեղեկութիւնները միայն պարականոն (Աստուածաշնչի գրքերի կանոնից դուրս գտնուող) գրականութիւնից են. հիմնական աղբիւրը՝ «Յակովբոսի աւետարանն է», կամ «նախաաւետարանը», որը թուագրուում է 2-րդ դարով: Իսկ հայոց մէջ այս տօնը սկսել է տարածուել 12-13-րդ դարերում:

Այսօր էլ հայ կաթողիկէ շատ համայնքներում հանդիսաւոր կերպով տօնուում է այս գեղեցիկ տօնը:

Շիրակի մարզի Ղազանչի համայնքի դպրոցականները դասերը վերջանալուն պէս Տ. Հովսեփ քհն. Գալստյանի առաջնորդութեամբ Աստուածամօրը նուիրուած օրհնաբեր թափօր կատարեցին.շրջում էին գիւղի փողոցներում՝ աղօթելով Սբ. Վարդարանը, խորհրդածելով Վարդարանի խորհուրդների մասին և երգելով Կոյս Մարիամին նուիրուած ժողովրդական հոգևոր երգեր: Երեխաները խնդրում էին Աստուածամօր բարեխօսութիւնն իրենց համայնքի համար, հիւանդների համար, նաև՝ եկեղեցու կառուցման համար, որի աշխատանքները մնացել են կիսատ: Թափորից յետոյ բոլորը ներկայ գտնուեցին Սուրբ և Անմահ Պատարագին, որ մատուցուեց մատուռում:

Սուրբ Մարիամին նուիրուած թափորներ տեղի ունեցան նաև շաբաթ և կիրակի օրերին՝ Սուրբ Պատարագից յետոյ՝ Հովտուն, Արփենի և Սիզավետ համայնքներում՝ հիմնականում երիտասարդների և պատանիների մասնակցութեամբ:








All the contents on this site are copyrighted ©.