2017-05-30 09:22:00

Սբ. Կազիմիրի հայ կաթողիկէ վանքը և վանական համալիրը, Լվով


Պատմական համառօտ տեղեկութիւններ՝ Ուկրանիայի հայ կաթողիկէների մասին

Առաւել մանրամասն՝  Քրշիշտոֆ Ստոպկայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու մասին յօդուածներում՝ մաս Բ, մաս Գ:

Ուկրանիայի տարածքում հայ կաթողիկէները հաստատուել են դեռևս 14-րդ դարում, բայց ձևաւորած համայնք, որպէս այդպիսին չի եղել: Կաթողիկէ Եկեղեցուն հավատարիմ լինելու և որպէս համայնք ինքնակազմակերպուելու առաւել ցայտուն փորձեր եղել են Լեհաստանի կողմից Ուկրանիայի տարածքների գրաւումից յետոյ: Ինչպէս գրում է հայագէտ լեհ պատմաբան Քրշիշտոֆ Ստոպկան, 1354թ. Արտազի Սբ. Թադէոս վանքի արքեպիսկոպոս Զաքարիան մեծ ջանքեր գործադրեց հայ կաթողիկէների կրօնական կեանքի կազմակերպման ուղղութեամբ՝ Կազիմիր Մեծի կողմից գրաւուած տարածքներում, մասնաւորապէս Լվովում: 1369-1373թթ. գործում էր Յակոբ եպիսկոպոսը, որը կրում էր Կիևի եպիսկոպոս տիտղոսը: Յայտնի են Գալիցիայի տարածքում՝ Ուկրանիայի մի հատուածը և Լեհաստանի մի մասը (կենտրոնը՝ Լվով) ապրող ազդեցիկ հայ կաթողիկէների անուններ (տե՛ս՝ դարձեալ նոյն պատմաբանի յօդուածում):

Լվովի  հայ կաթողիկէ Մայր Տաճարը

Առաջին համայնքը, որը պաշտօնապէս՝ որպէս համայնք, միաւորուեց Հռոմի Սուրբ Աթոռի հետ, այդ տարածքում ստեղծուեց 17-րդ դարում: Ըստ Ստոպկայի, «Լեհաստան կատարած իր այցի ընթացքում Սուրբ Էջմիածնի կաթողիկոս Մելքիսեդեկը Լվովի եպիսկոպոս ձեռնադրեց Միկոլայ Թորոսովիչին՝ տեղի հայերի մի հարուստ ընտանիքի ժառանգին: 1630 թուականին եպիսկոպոս Թորոսովիչն ընդունեց կաթողիկէ դաւանանքը: Մի քանի տարի անց նա գնաց Հռոմ, որտեղ 1635 թուականին վերահաստատուեց իր պաշտօնում, ստացաւ արքեպիսկոպոսի տիտղոս և հայկական ծիսակարգի կատարման համաձայնութիւն: Արքեպիսկոպոսին ենթակայ դարձան Լեհաստանի, Լիտվայի և Մոլդովայի հայերը»: Միկոյալ Թորոսովիչի յաջորդ եպիսկոպոսները ևս հավատարիմ մնացին Սուրբ Աթոռի հետ միութեանը, ինչպէս վկայում են պատմական տեղեկութիւնները: Մինչև 17-րդ դարի վերջը Ռեչ Պոսպոլիտայի (Լեհաստան, Ուկրիանայի մի հատուած) հայերի մեծամասնութիւնն ընդունեց կաթողիկէ հաւատքը և կազմաւորուեց որպէս ծաղկուն համայնք՝ 15 եկեղեցիներով, 20 քահանաներով և մօտ 3500 հաւատացեալներով, որոնց թիւը 19-րդ դարի կէսերին հասաւ 8000-ի՝ 10 ժողովրդապետութիւններով: Ուկրանիայի և Լեհաստանի միացեալ հայ կաթողիկէ համայնքը ունեցել է 13 եպիսկոպոս, որոնցից վերջինը՝ Դիոնիսի Կաետանովիչը (1939-1954թթ.) 1946թ. մարտի 8-9-ը դատապարտուեց Լվովի զինուորական շրջանի ռազմական ատեանի կողմից և վախճանուեց Աբեզ Կոմիի աշխատանքային գաղութում: Նրա հետ միասին համայնավարական ռեժիմը դատապարտեց հայ կաթողիկէ հոգևորականներ Հ. Կազիմիր Ռոմաշկինին, Հ. Վիկտոր Կվապինսկիին, Լվովի հայ կաթողիկէ համայնքի քարտուղարութեան աշխատակիցներ Ստանիսլավ Դոնիգևիչին, Գոհարինե Բաբաևային, Սերգեյ Նազարեանին, Վաղարշակ Գրիգորեանին և ուրիշների: 1940-ականներին 2000-ից աւելի հայ կաթողիկէներ աքսորուեցին Սիբիր, շատ քահանաներ սպանուեցին ֆաշիստական և համայնավար զօրքերի կողմից: Ուկրանիայի հայերի մեծ մասը 1945-47թթ.նաև բռնի ուժով արտաքսուեցին Լեհաստան:

Լվովի հայ կաթողիկէ արքեպիսկոպոսութեան ոչնչացումն իրականացուել է Լվովի НКГБ աշխատակիցների ձեռքով՝ Ուկրանիայի Կոմունիստական կուսակցութեան առաջին քարտուղար Ն. Խրուշչևի հրամանով: Լվովի հայ կաթողիկէ համայնքը գրեթէ իսպառ ոչնչացաւ, մնացած 8 քահանաները և բենեդիկտյան հայ միաբան քոյրերը տեղափոխուեցին Լեհաստան: Համայնավարները ազգայնացրեցին կամ պետական սեփականութիւն դարձրեցին հայ կաթողիկէ բազմաթիւ եկեղեցիներն ու հոգևոր կառոյցները՝ Լվովում, Իվանո-Ֆրանկովսկում, Տիսմենիցայում, Լիսեցում, Սնյատինում, Բերեժանիում, Գոռոդենկայում, Չեռնովցիում, Կուտիում և այլ քաղաքներում: Եկեղեցական ունեցուածքի մի մասը փրկեցին Լեհաստան գաղթած հաւատացեալները.այդ իրերը հիմա գտնւում են Լեհահայերի մշակոյթի և ազգային ժառանգութեան հիմնադրամում:

Լվովում և այլ համայնքներում դեռևս կան հայ կաթողիկէ ընտանիքներ, որոնք թուաքանակը, սակայն, մեզ յայտնի չէ առայժմ: Աղօթենք և հոսանք, որ նրանք նորից կը վերամիաւորուեն զարթօնք ապրող հայ կաթողիկէ համայնքում:








All the contents on this site are copyrighted ©.