2016-02-09 09:56:00

200-ից աւելի հայ կաթողիկէ երիտասարդներ պատրաստում են մեկնել դէպի Լեհաստան


Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի օրհնութեամբ, 2016թ.փետրուարի 6-ին Գիւմրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցաւ  Կրակովում կայանալիք Երիտասարդաց համաշխարհային օրուան ընդառաջ  2016թ. առաջին նախապատրաստական ընդհանուր երիտասարդական հանդիպումը՝ Հայաստանի և Վրաստանի կաթողիկէ համայնքների մօտ 220 երիտասարդների մասնակցութեամբ:

Հանդիպումը սկսուեց 10:30-ին, Սբ. Պատարագի աւարտից յետոյ: Երիտասարդներին ողջոյնի խօսքով դիմեց նախ Գիւմրիի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը, ով երիտասարդներին սիրով հիւրընկալեց առաջնորդանիստ տաճարում: Տhր Գրիգորը բարի գալուստի ջերմ խօսքերից յետոյ հարկ համարեց երիտասարդներին խնդրելու մեծ լրջութեամբ վերաբերուել 2016թ. յուլիսին դէպի Կրակով կատարելիք ուխտագնացութեանը՝ խորհրդածելով սեփական հոգևոր պատրաստութեան, շնորհքի վիճակում գտնուելու և Աստծուն հաճելի ընթացք որդեգրելու մասին՝ նախ և առաջ Խոստովանութեան և Սբ. Հաղորդութեան խորհուրդներից լիարժէք օգտուելու միջոցով: Շատ երիտասարդներ, խորութեամբ չգիտակցելով այս երկու խորհուրդների առանցքային դերը քրիստոնեայի կեանքում, չեն օգտւում դրանց անհատնում հոգևոր գանձերից՝ ապաւինելով հաւատքի և աղօթքի մասին սեփական պատկերացումներին: «Ո՞րն է քրիստոնեայի գերագոյն նպատակը: Ո՛չ այլ բան, եթէ միայն՝ Քրիստոսին միանալը: Ինչպէս՞.նախևառաջ՝ Սբ. Հաղորդութեան միջոցով».ասաց Տէր Գրիգորը և յորդորեց այս և առաջիկայ հանդիպումների ընթացքում օգտուել քահանաների ներկայութիւնից և խոստովանել, պատրաստուել Սբ. Պատարագի ընթացքում հաղորդուելու: Յորդորը ապարդիւն չմնաց.հանդիպման ընթացքում քահանաներն ու վարդապետները եկեղեցու տարբեր հատուածներում ընդունում էին խոստովանութիւններ:

Տէր Գրիգորից յետոյ խօսք առաւ ԵՀՕ-2016-ի հայկական խմբի ուխտագնացութեան կազմակերպչական խմբի նախագահ Գերպ. Հ. Գառնիկ  վրդ. Յովսէփեանը: «Մեծ ուրախութիւն է՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու համար ունենալ այսպիսի մեծաթիւ երիտասարդութիւն, գիտակից երիտասարդութիւն, որը մօտ է մեր Տէր Յիսուս Քրիստոսին»ասաց վարդապետն իր խօսքի սկզբում և երիտասարդներին ներկայացրեց Ֆրանչիսկոս Սրբազան քահանայապետի Մեծ Պահքի վերաբերեալ 2016թ. ուղերձը՝ յընթացս մեկնաբանելով և մանրամասնօրէն բացատրելով Պահքի էութիւնը: Հարկ չենք համարում այստեղ ներկայացնել ուղերձը.ամփոփն արդեն ներկայացուած է կայքում:

Ապա երիտասարդները ծանօթացան ԵՀՕ-2016-ի նախապատրաստութեան 2015թ. աշխատանքների ամփոփին, որի զեկուցումը ևս կայքում հրապարակուած է:

Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանը, ով այս պահին հոգում է Երևանի ժողովրդապետութեան հոգևոր պէտքերը, խօսք առնելով, ասաց հետևեալը. «Ինձ համար նոր փորձառութիւն է ԵՀՕ-2016-ը, ես, որպէս երիտասարդ, ժամանակին մասնակցել եմ Մադրիդում կազմակերպուած ԵՀՕ-ին: Կարևոր է, որ տրամադիր լինէք ապրելու  ու կիսելու հոգևոր ապրումը՝ միլիոնաւոր երիտասարդների հետ այն իրականութեան մէջ, որի առաջ դուք պէտք է յայտնուէք: Եւ ամենակարևորն է՝ դնել դիտաւորութիւն, որոշել, թէ ձեր նպատակը որն է»:

Արևիկի, Ազատանի, Լանջիկի, Ձիթհանքովի ժողովրդապետ Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսեանը երիտասարդներին կոչ արեց ջանքեր գործադրել՝ աւելի խորութեամբ ճանաչելու Տէր Յիսուս Քրիստոսին ու ընթանալ Փրկչի պատգամների համաձայն, ապրել քրիստոնեավայել կեանք:

Հոգևորականներին լսելուց յետոյ երիտասարդները, Տկն. Գոհար Շախուլյանի ղեկավարությամբ, սկսեցին սովորել ԵՀՕ-2016-ի պաշտօնական օրհներգը՝ հայերէն թարգմանութեամբ: Ընտրուեցին երգեցողութեան մէջ առաւել ակնառու շնորհներ ունեցող երիտասարդներ, որոնք կլինեն առաջնորդողներ՝ կատարման ժամանակ: Միւսները կը միանան և կանեն լաւագոյնը՝ միասին գեղեցիկ երգելու համար:

 








All the contents on this site are copyrighted ©.