Ընկերային ցանցեր:

RSS:

Ռատիօ Վատիկան

Քահանայապետի եւ Եկեղեցւոյ ձայնը աշխարհի հետ երկխօսութեան մէջ

Լեզու:

Եկեղեցի \ Եկեղեցական

Հարկ է կրթութիւնը դարձնել աւելի մարդակենտրոն՝ աւետարանական սկզբունքներով և նոր մօտեցումներով:

Gravissimum Educationis հռչակագիր

14/04/2018 10:41

Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպութեան անձնակազմի համար 2018-ի ապրիլի 10-ին կազմակերպուած հերթական հանդիպում-քննարկման թեման կրթութիւնն էր՝ Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի վերլուծութեամբ: Հանդիպումները վարող քահանան՝ Տ. Յովսէփ Գալստյանը ներկաների ուշադրութիւնը հրաւիրեց հիմնականում երեք կարևորագոյն փաստաթղթերի բովանդակութեան վրայ՝ Gravissimum Educationis հռչակագիրը (1965, Վատիկանի Բ տիեզերաժողով), Կաթողիկէ կրթութեան յանձնաժողովի «Կրթել՝ հոնաւն եղբայրասէր մարդկութեան» (Educating to Fraternal Humanism, 2017), «Կրթական ուղեցոյց՝ մարդկային սիրոյ մասին» (Educational Guidance in Human Love, 2017):

Առաջին փաստաթուղթը հիմնարար է Կաթողիկէ Եկեղեցու ամբողջ կրթական գործունէութեան համար.այն մատնանշում և բացատրում է առանցքային սկզբունքները, որոնք հիմնուած են մարդկային արժանապատւութեան յարգումին, մարդ անհատի ամբողջական զարգացման կրթական հնարաւորութիւնների ստեղծման և կրթութեան քրիստոնէական ընկալման, նպատակների վրայ:

Փաստաթղթում գրուած է .«Ճշմարիտ կրթութեան նպատակը մարդ անհատի ձևաւորումն է՝ հասնելու իր վերջնական նպատակին և հասարակութեան բարիքին, որի մէկ անդամն է ինքը և որի պարտականութիւնները կիսելու է», Gravissimum educationis, 1:

Կրթութեան քրիստոնէական ընկալման առանձնայատկութիւնից մեկն այն է, որ կրթութիւնը ի սկզբանէ չպէտք է սահմանափակուի միայն տեղեկատուութիւն փոխանցելով, այլ պէտք է կարևորի նաև բարոյական և հոգևոր արժէքների սերմանումը երեխայի մէջ և այդ արժէքների համաձայն գործնական կեանքը, այսինքն՝ այդ արժէքները կեանքում ապրելու հնարաւորութիւններ ստեղծի: Ընդ որում այդ գործնական կիրառութիւնը պէտք է ապահովուի ոչ թէ միայն անհատական, այլ՝ յատկապէս հաւաքական մակարդակի վրայ՝ ձևաւորելով եղբայրասիրութեան օրրաններ, միասնական առաքելութեան և աշխատանքի, նուիրման և յանձնառութիւն հնարաւորութիւններ:

Տէր Յովսէփը շեշտեց, որ Եկեղեցին դոգմատիկ մոնոլիտ համակարգի ջատագով չէ, այլ՝ անխախտ ճշմարտութիւնների վրայ հիմնուած դինամիկ զարգացման և նոր մտածողութեան ձևերի որդեգրման առաջամարտիկ, որ քայլում է ժամանակի պահանջների հետ համահունչ և որպէս դրանց մեկնաբան՝ ներշնչուած Աստծոյ հետ կենդանի երկխօսութեամբ:

Սերունդներ կրթելը Եկեղեցու կարևորագոյն առաքելութիւններից է, որովհետև կրթութեամբ ենք ստեղծում աւելի լաւ ապագայի, աւելի հոգևոր, առաւել բարոյական մարդ արարածի կերպարը՝ Տիրոջ շնորհի յոյսով և վստահութեամբ: Հարկ է կրթութիւնը ստատիկ, բոլոր համահարթեցնող, զուտ տեղեկատուութիւն տրամադրեց համակարգից դարձնել աւելի մարդակենտրոն.

«1.Կրթութիւնը դարձնել մարդկային՝ նշանակում է մարդ-անհատին դնել կրթութեան կենտրոնում, կենդանի համայնք ստեղծող մարդկային յարաբերութիւնների մէջ, որտեղ կա փոխադարձ կապուածութիւն և ընդհանուր նպատակ:

Սա եղբայրասէր հումանիզմ է:

2.Կրթութիւնը դարձնել մարդկային՝ նշանակում է թարմացնել կրթական դաշինքը սերունդների միջև՝ընտանեկան կրթութեամբ:

3.Աւելի մարդկային կրթութիւնը չի ստեղծում բաժանումներ, այլ՝ միասնականութեան, հանդիպման տարածութիւններ, կրթական ծրագրեր որտեղ կրթութիւնը պէտք է զարգացնի համերաշխութիւն, ընդհանրութիւն և միութիւն (solidarity, sharing, communion)»:

Բանախօսը առաջարկեց մտածել երկխօսութեան էութեան վրայ, թէ ինչպէս ենք երեխային սովորեցնում հաղորդակցուել, երկխօսել մարդկանց հետ, ինչպե՞ս է դա կազմակերպուում Կարիտասի կենտրոններում, որտեղ աշխատում են երեխաների հետ: Ներկաները պատմեցին իրենց փորձառութեան մասին, ծաւալուեց քննարկում:

Առանձին անդրադարձ եղաւ նաև սեռական կրթութեան վերաբերեալ, որը մեծ թերութիւններ ունի և անուշադրութեան է մատնուում դպրոցներում, ինչպէս փաստեցին աշխատակիցները: Այնուամենայնիւ, Հայկական Կարիտասի Փոքրիկ իշխան կենտրոններում կատարւում է խմբային և անհատական աշխատանք՝ սեռական զարգացման և դրա հետ կապուած խնդիրների վերաբերեալ: Բանախօսն առաջարկեց առաւել մեծ ուշադրութիւն դարձնել այս կէտին՝ փորձելով աշխատանքն այստեղ առաւել խարսխել Եկեղեցու փաստաթղթերի և քահանաների հետ միասնական աշխատանքի վրայ:

Պէտք է ասել, որ կրթութեան մասին այս հանդիպումը շարունակութիւնն էր ընտանիքի թեմայով հանդիպումների շարքի, որոնց ընթացքում բանախօսն անդրադարձել է ընտանիքի մասին Եկեղեցու ուսմունքի հիմնական կէտերին և փաստաթղթերին: Կարիտասին անձնակազմին տրամադրուել են «Եկեղեցու սոցիալական ուսմունքի ամփոփ» գրքի հայերէն թարգմանութեան օրինակներ: Հանդիպումները կազմակերպւում են երկու շաբաթ մէկ անգամ յաճախականութեամբ, առայժմ միայն Գիւմրիի կենտրոնների անձնակազմի համար:

14/04/2018 10:41