2018-03-02 09:58:00

Հայկական Կարիտասը վերսկսել է «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի իրականացումը


Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական առաքելութիւնն է` մարդ անհատի և ամբողջ մարդկութեան ընդհանրական զարգացումը (integral human development):

2018թ. Փետրուարից Շիրակի մարզի 8 գիւղական համայնքներում Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպութիւնը վերսկսեց իրականացնել «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագիրը: Շիրակի մարզի և Տաշիրի շրջանի կաթողիկէ համայնքներում այս ծրագիրն իրականացուել է 2006թ.ից սկսած և ունեցել մեծ ձեռքբերումներ, ապա ժամանակաւորապէս դադարեցուել և վերսկսուել է այս տարի: Այն իրականացուել է Հայկական Կարիտասի աշխատակիցների և հայ կաթողիկէ քահանաների համատեղ կազմակերպչական աշխատանքով: Այս անգամ ընտրուել են Շիրակի մարզի հայ կաթողիկէ Արևիկ, Փանիկ, Լանջիկ, Մեծ Սեպասար, Ղազանչի, Սիզավետ, Բավրա, Սարագյուղ համայնքները: Կազմակերպւում են ակտիվ հանդիպումներ գիւղերի բնակչութեան հետ՝ ծանօթացնելու կամ վերյիշեցնելու ծրագրի հիմնական նպատակն ու խնդիրները, կազմակերպչական հետագայ գործընթացը: Ծրագրի ղեկավարն է Քրիստինէ Մխիթարեանը:

Ծրագրի նպատակն է համայնքներում Հայ Կաթողիկէ Եկեղեցուն կից ձևաւորել հասարակական խորհուրդներ, որոնք հնարաւորութիւն են ստեղծում բնակիչներին ստանձնելու պատասխանատուութիւն իրենց ամբողջական զարգացման համար, այսինքն՝ մասնակցելու համայնքի հոգևոր, մշակութային, հասարակական, տնտեսական կեանքի կարևոր միջոցառումների կազմակերպմանը, կարիքների գնահատմանը, խնդիրների յայտնաբերմանը, առաջնահերթութիւնների զատորոշմանը և լուծմանը: Այս վերջին բաղադրիչը ենթադրում է բնակիչների կողմից սեփական նախաձեռնութեամբ և ներուժով, մարդկային, նիւթական ռեսուրսներով խնդիրների լուծմանն ուղղուած ծրագրերի մշակում և իրականացում՝ նախ Հայկական Կարիտասի, ապա և՝ այլ կազմակերպությունների, պետական կառոյցների աջակցութեամբ: Այլ խօսքով, ծրագրի կազմակերպիչների առաքելութիւնն է ոչ թե անմիջականօրէն լուծել բնակիչների խնդիրները, այլ օգնել նրանց ինքնակազմակերպել և գտնել ուղիներ՝ ինքնուրոյն լուծելու իրենց խնդիրները և զարգանալու, հասնելու հոգևոր, հասարակական աւելի բարձր մակարդակի, ստեղծելու արդար հասարակարգ, որտեղ յարգւում է իւրաքանչիւրի արժանապատուութիւնը և իրաւունքները:

Ծրագրի ընթացքում համայնքների բնակիչների համար կազմակերպւում են դասընթացներ՝ ծրագրեր մշակելու հմտութիւններ սովորեցնելու համար, որպէսզի հետագայում կարողանան ինքնուրոյն գործել: Խորհուրդները պէտք է ունենան ոլորտային խնդիրների լուծման ենթախմբեր՝ ուրոյն գործառոյթներով: Սա կօգնի ստեղծել նաև որոշակիօրէն մասնագիտացուած կամաւորականների խմբեր: Ծրագիրը կարող է հիմքեր ստեղծել նաև ինքնազբաղուածութեան, աշխատատեղերի ստեղծման համար:

Ծխական հասարակական խորհուրդների հիմնման ծրագիրը ամբողջովին առաջնորդւում է Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի հիմնարար սկզբունքներով, որոնց հիմքը Տէր Յիսուս Քրիստոսի Աւետարանն է և Եկեղեցական Սրբազան աւանդութիւնը: Այս ծրագիրը հնարաւորութիւն է տալիս իւրաքանչիւրին իրականացնել համընդհանուր բարիքին ծառայելու  (diaconia) իր քրիստոնէական կոչումը՝ կամաւոր սկզբունքով, հիմք է ստեղծում քրիստոնէական ժողովրդավարութիւն և համերաշխութիւն կառուցելու համար: Խորհուրդների անդամները պէտք է գիտակցեն, որ իրենց ինքնակազմակերպման առանցքը Յիսուս Քրիստոսի Անձն է, Սուրբ Հաղորդութիւնը. առանց այդ գիտակցութեան խորհուրդները մնայուն լինել ու զարգանալ չեն կարող և կը սահմանափակուեն միայն նիւթական ժամանակաւոր խնդիրներ լուծելով:








All the contents on this site are copyrighted ©.