2018-02-06 09:04:00

Հայաստանի հայ կաթողիկէ համայնքը հիւրընկալեց Կարդինալ Քուրտ Քոխին։


2018թ. փետրուարի 5-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայաստանի համայնքը երջանկութիւնն ունեցաւ հիւրընկալելու Հռոմի Սուրբ Աթոռի Քրիստոնէական միութեան խորհրդի նախագահ՝ Վսեմաշուք Կարդինալ Քուրտ Քոխին և ներկայ լինելու նրա ձեռամբ մատուցուած Սուրբ և Անմահ Պատարագին, հրաւէրով Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի: Վսեմաշուք Ծիրանաւորը Սուրբ Զոհը մատուցեց Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի ժողովրդապետութեան մատուռում՝ համապատարագութեամբ Արհ. Ռաֆայէլ Արք. Մինասեանի, Արհ. Տ. Պետրոս Արքեպս. Միրիաթեանի, Կովկասում պապական նուիրակի ժամանակաւոր պաշտօնակատարի և Հայաստանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականների, ներկայութեամբ Անարատ Յղութեան հայ միաբան քոյրերի և Հայաստանի տարբեր շրջաններից եկած հայ կաթողիկէ երիտասարդների:

Սուրբ Պատարագից առաջ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանն իր ողջոյնի խօսքն ուղղեց Վսեմաշուք Կարդինալին՝ ուրախութիւն յայտնելով նրա այցելութեան և հայ կաթողիկէ համայնքի համար Սուրբ Պատարագ մատուցելու պատրաստակամութեան, եղբայրական սիրոյ այդ հոգեշահ քայլի համար:

Սուրբ Պատարագը մատուցուեց լատինական ծիսակատարութեամբ և Հայ Եկեղեցու շարականների երգեցողութեամբ: Վսեմաշուք Կարդինալն իր քարոզի ընթացքում ներկաների ուշադրութիւնը հրաւիրեց Սուրբ Գրքի ընթերցուածի վրայ, որը Երուսաղեմի տաճարի կառուցման մասին էր: Կարդինալը բացատրեց «Եկեղեցի» հասկացութիւնը՝ որպէս Քրիստոսի Խորհրդաւոր Մարմին, Քրիստոսի աշակերտների միութիւն և զօդ, փրկութեան տապան և մարդկութեան սրբագործման ճանապարհ, որի առանցքային շարժիչ ուժը Սուրբ Հաղորդութիւնն է՝ խորհրդաւոր միութիւնը Տէր Յիսուս Քրիստոսի Անձի և Զոհաբերութեան հետ: Կարդինալը կոչ արեց յարատև մասնակցել միասնական աղօթքի՝ խմբուած Յիսուսի Սուրբ Զոհի շուրջ, որն ի Քրիստոս եղբայրների և քոյրերի միութեան միակ գրաւականն է: «Քրիստոնէական մեր ողջ ինքնութիւնը կարող ենք համառօտել ձեռքերի երեք ժեստերի մէջ։ Առաջինը դա ընդունելու ժեստն է, ձեռքեր, որ բացւում են՝ ընդունելու Աստծոյ պարգևները։ Երկրորդ ժեստը դա դէպի վեր բարձրացող ձեռքերի ժեստն է, որոնք փառաբանում են Աստծուն ստացուած պարգևների համար։ Երրորդ ժեստը դա ստացած պարգևները ուրիշներին փոխանցելու, աւանդելու ժեստն է։ Եւ այսպէս՝ ընդունելով, փառաբանելով, աւանդելով է, որ կերտւում է մեր քրիստոնէական ողջ ինքնութիւնը» ասաց Կարդինալը:

Սուրբ Պատարագից յետոյ Վսեմաշուք Կարդինալին և ներկաներին իր խօսքն ուղղեց հայ կաթողիկէ երիտասարդների խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը: Հայր Սուրբը շեշտեց, որ Վսեմաշուք Կարդինալի ներկայութիւնը մեծ օրհնութիւն է և խրախուսանք հայ երիտասարդների համար՝ յարատևելու և ամրանալու քրիստոնէական առաքելութեան մէջ, ապրելու եղբայրութեան մէջ, որպէսզի կարողանան վկայել Տիեզերական Եկեղեցու միութեան ճշմարտութիւնը: Հայր Գառնիկը գոհունակութեամբ շարունակեց, թէ հայ կաթողիկէ երիտասարդները քաջատեղեակ են Կաթողիկէ Եկեղեցու վարդապետութեանը, դաստիարակուած և պատրաստուած են հանդիպելու և շփուելու քրիստոնէական այլ համայնքների ներկայացուցիչների հետ: Նա պատմեց Հռոմի Սրբազան Քահանայապետի հետ հայ երիտասարդների հանդիպումների մասին՝ 2016-ի յունիսին, Հայաստանում և 2016-ի յուլիսին՝ Լեհաստանի Կրակով քաղաքում, Երիտասարդութեան համաշխարհային օրուայ ընթացքում, ինչպէս նաև ներկայացրեց ամեն տարի Հայաստանի Աղաճանյան կենտրոնում կազմակերպուող երիտասարդական միջոցառումները և ապագայ ծրագրերը: Իր խօսքի վերջում Հայր Գառնիկը Վսեմաշուք Կարդինալին յանձնեց մի նուեր՝ հայ կաթողիկէ երիտասարդաց խմբի նշանը:

Հայր Գառնիկից յետոյ դարձեալ խօսք առաւ Կարդինալ Քոխը և շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան և միասնական աղօթքի համար:

Սուրբ Պատարագից յետոյ հայ կաթողիկէ հոգևորականները միասին ճաշեցին Վսեմաշուք Կարդինալի հետ և մտերմիկ զրուցեցին սեղանի շուրջ:

Կարդինալ Քուրտ Քոխը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու յունուարի 30-ից փետրուարի 4-ը Սուրբ Էջմիածնում գումարուող Արևելեան Ուղղափառ և Կաթողիկէ Եկեղեցիների միջև աստուածաբանական երկխօսութեան միացեալ յանձնախմբի՝ 15-րդ հանդիպմանը, որին ներկայ էին նաև Սիրիայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Պետրոս Արքեպս. Միրիաթյանը և Թուրքիայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Լևոն Արքեպս. Զեքիյանը:








All the contents on this site are copyrighted ©.