Ընկերային ցանցեր:

RSS:

Ռատիօ Վատիկան

Քահանայապետի եւ Եկեղեցւոյ ձայնը աշխարհի հետ երկխօսութեան մէջ

Լեզու:

Եկեղեցի \ Եկեղեցին հայկական

Ռուսաստանում Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի հովուական այցի հանգրուանները։

Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեան - RV

13/01/2018 09:45

2018թ. Յունուարի 9-ին Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը եւ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանն այցելեցին Նիժնի Նովգորոդ, որտեղ ապրում է 15 հայ կաթողիկէ ընտանիք, որոնք գաղթել են Ջաւախքի Ծղալթբիլա եւ Ջուլղա գիւղերից: Նրանք յաճախում են կաթողիկէ տեղի լատինածէս եկեղեցին եւ շատ գործունեայ եւ ջերմեռանդ են եկեղեցական կեանքում: Տարին մի քանի անգամ Հ. Պետրոսը այցելում է Նիժնի Նովգորոդի հայ համայնք եւ մատուցում Սուրբ Պատարագ, կատարում խոստովանութիւններ եւ մատակարարում այլ Սուրբ Խորհուրդներ: Յունուարի 9-ին հայ կաթողիկէ համայնքը մեծ ուրախութեամբ ընդունեց Ռաֆայէլ Սրբազանին, ում տեսնում էին առաջին անգամ: Առաջնորդ Հայրը Աստուածայայտնութեան տօնական Սբ. Պատարագ մատուցեց, ապա ներկայ եղաւ ընդհանուր հիւրասիրութեան եւ երեկոյի, որ անցաւ ուրախ եւ ջերմ մթնոլորտում:

Յունուարի 10-ին Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը եւ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանը Մոսկուայում հանդիպեցին Ռուսաստանի լատինածէս կաթողիկէների առաջնորդ Արքեպիսկոպոս Պաոլո Պեցցիին:  Նրանք խօսեցին համայնքների հոգեւոր կեանքի, իրականացուող ծրագրերի մասին: Ռաֆայէլ Սրբազանը Արքեպիսկոպոս Պեցցիին շնորհակալութիւն յայտնեց առ այն, որ Մոսկուայի եւ միւս քաղաքների կաթողիկէ եկեղեցիները մշտապէս բաց են հայ կաթողիկէ հաւատացեալների եւ քահանաների համար՝ հայ ծէսով պաշտամունք կատարելու եւ Խորհուրդները մատուցելու համար: Հանդիպումը ջերմ եւ եղբայրական էր:

Յունուարի 11-ին Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը եւ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանն հանդիպեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Պրն. Վարդան Տողանեանին, ով հանդիսաւոր եւ ջերմ ընդունելութիւն կազմակերպեց բարձրաստիճան հոգեւորականների համար: Պարոն դեսպանը յայտնեց իր պատրաստակամութիւնը՝ օգնելու Ռուսաստանում հայ կաթողիկէ համայնքներում հոգեւոր հովիւների ծառայութեանը՝ ի շահ հայ ժողովրդի հոգեւոր նկարագրի զարգացման եւ միասնականութիւն: Պէտք է ասել, որ Պրն. Տողանեանը ջերմ յարաբերութիւններ ունի Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանի հետ եւ երբեմն մասնակցում է նաեւ հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր արարողութիւններին:

Յունուարի 11-ին Առաջնորդ Հայրը եւ Առաջնորդական Փոխանորդը հանդիպեցին Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկուայի Պատրիարքութեան Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ Վոլոկոլամի Միտրոպոլիտ Իլարիոնի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ նոյն բաժնի քարտուղար Իերոմոնախ Ստեֆան Իգումնովը: Քննարկուեցին Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքների ներկայիս կեանքի տարբեր կողմեր եւ հարցեր, որոնք ընդհանուր են Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կեանքի հետ: Միտրոպոլիտ Իլարիոնը պատմեց Մոսկուայի Պատրիարքութեան խաղաղասիրական աշխատանքների մասին, որոնք իրականացւում են Սիրայում՝ պատերազմի դադարեցման ուղղութեամբ: Ռաֆայէլ Սրբազանն իր երախտագիտութիւնը յայտնեց Ռուս Ուղղափառ Եկեղեցուն՝ ի դէմս Միտրոպոլիտ Իլարիոնի՝ պատերազմի հետեւանքով տուժածներին օգնութիւն ցուցաբերելու համար՝ շեշտելով, որ Ռուս Ուղղափառ Եկեղեցին այդպիսով հաւատարիմ է մնում իր պատմական առաքելութեանը եւ յաւելեց, որ Մերձաւոր Արեւելքի քրիստոնեաները դարեր շարունակ իրենց յոյսերը կապել են Ռուսաստանի եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովանու ու պաշտպանութեան հետ:

13/01/2018 09:45