2017-12-15 09:28:00

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Յունաստանի եւ Կիպրոսի պատուիրակութիւններին


Դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Յունաստանի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարարի տեղակալ Տէրենս-Նիկոլաոս Քուիքին եւ Կիպրոսի Հանրապետութեան նախագահի` հումանիտար եւ արտերկրեայ հարցերով յանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխաւորած պատուիրակութիւնները՝ ուղեկցութեամբ Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարար Հրանուշ Հակաբեանի:

Տիկին Հրանուշ Յակոբեանը Նորին Սրբութեանը ներկայացրեց Յունաստանի եւ Կիպրոսի պատուիրակութիւնների Հայաստան այցի նպատակը, կարեւորեց սփիւռքի հարցերի շուրջ սկզբնաւորուող եռակողմ համագործակցութիւնը, որն ազդարարուեց ՀՀ Սփիւռքի նախարարութեան հետ փոխըմբռնման յուշագրի ստորագրմամբ:

Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը ողջունեց հիւրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ նշելով, որ նման գործակցութեան համար ամուր հիմք են ծառայում դարերով ձեւաւորուած սերտ յարաբերութիւնները: Նորին Սրբութիւնը կարեւորեց պատմական հանգամանքների բերումով տարբեր երկրներում ապաստան գտած հայ եւ յոյն ժողուրդների զաւակների նկատմամբ դրսեւորուող հոգատարութիւնը, ինչը կը նպաստի սփիւռքի առջեւ ծառացող արդի մարտահրաւէրների յաղթահարմանը եւ ազգային ինքնութեան պահպանմանը:

Գարեգին Բ. Կաթողիկոսը կարեւորեց Սփիւռքում երեք համայնքների փոխադարձ զօրակցութիւնը, որպէսզի կարողանան հասնել իրենց ժողովուրդների դէմ պատմութեան ընթացքում գործուած անարդարութեան ճանաչմանը եւ միջազգայնօրէն դատապարտմանը:

Սփիւռքի համախմբման գործում Վեհափառ Հայրապետը կարեւոր նկատեց եկեղեցիների առաքելութիւնը, անդրադարձ կատարեց Հայաստանեայց Առաքելական եւ Յոյն Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկայ բարեկամական յարաբերութիւններին ու սփիւռքի տարբեր համայնքներում սերտ համագործակցութեանը:

Իր հերթին Յունաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Տէրենս-Նիկոլաոս Քուիքը նշեց, որ սփիւռքի համախմբուածութեան ամենակարեւոր կամուրջը կրօնն է եւ եկեղեցին` կարեւորելով եկեղեցու դերակատարութիւնը սփիւռքի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում:

Զրոյցի ընթացքում Կիպրոսի նախագահի` հումանիտար եւ արտերկրեայ հարցերով յանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը Նորին Սրբութեանը փոխանցեց Կիպրոսի նախագահի ողջոյններն ու բարեմաղթանքները: Պրն. Ֆոտիսն բարձրօրէն արտայայտուեց Կիպրոսի հայ համայնքի մասին՝ ընդգծելով, որ այն Կիպրոսի ժողովրդի կարեւոր մասն է կազմում: Հումանիտար եւ արտերկրեայ հարցերով յանձնակատարը նոյնպէս անդրադարձաւ սփիւռքի խնդիրներին՝ դրանց յաղթահարման գործում կարեւորելով երեք երկրների համատեղ ջանքերը: Վերջինս նկատեց նաեւ, որ Սփիւռքը մեծ ուժ է եւ կարող է իր հերթին նպաստել ազգային շահերին:

Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը և և ՀՀ-ում Հունաստանի Հանրապետութեան դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան:








All the contents on this site are copyrighted ©.