2017-12-05 08:40:00

Ջաւախքի Բաւրա գիւղի երիտասարդական միութիւնը վերսկսել է իր գործունէութիւնը։


Ջաւախքի Բաւրա հայ կաթողիկէ համայնքի նոր ժողովրդապետն է Տ. Գրիգոր Աւագ Քահանայ Մկրտչեանը: Նա Բաւրայի ժողովրդապետն էր նաեւ 2012-2013թթ., երբ նախաձեռնեց գիւղի եկեղեցու հիմնանորոգումը Վրաստանի կառավարութեան ֆինանսական աջակցութեամբ:

Նրանից յետոյ՝ 2014-2017թթ. գիւղը հովւում էր Հեշտիայի ժողովրդապետ Տ. Անտոն Քհնյ. Անտոնեանը:

Նորից ստանձնելով Բաւրայի հովուութիւնը՝ Տէր Գրիգորը վերակազմակերպեց երիտասարդական եւ տիկնանց միութիւնները: Դեկտեմբերի 2-ին Բաւրայում նրանց համար կազմակերպուեց դասընթաց՝ հոգեւոր եւ ընկերվարական թէմաներով:

Դասընթացի առաջին մասում Տ. Գրիգորը մասնակիցներին հրաւիրեց խորհրդածել գիւղի հոգեւոր կեանքը զարգացնելու ուղիների շուրջ՝ հանդէս գալու նոր մտայղացումներով, նոր ծրագրերով: Օրինակ, որոշուեց Սուրբ Ծննդեան տօնին ընդառաջ կազմակերպել բարեգործական մի ձեռնարկ՝ միայնակ տարեցներին եւ հաշմանդամութեամբ երեխաներին նուէրներ, գեղեցիկ անակնկալներ մատուցելու համար: Նուէրները երիտասարդները հաւաքելու են համայնքի բնակիչներից, նաեւ՝ Եկեղեցու աջակցութեամբ: Ընտրուեցին երիտասարդական միութեան անդամներ, նշանակուեցին ձեռնարկների իրականացման պատասխանատուներ, հաստատուեցին երիտասարդական եւ տիկնանց միութեան կանոնադրութիւնները:

Դասընթացի երկրորդ մասում երիտասարդների հետ առաջնորդութեան թէմայով զրուցեց Վրաստանի Կարիտասի գործադիր տնօրէն Տկն. Անահիտ Մխոյեանը: Նա ներկայացրեց ստեղծագործական գաղափարներ, ծրագրեր մշակելու եւ իրականացնելու, թիմային աշխատանքի արդիւնաւէտ ճանապարհները, ոգեւորեց երիտասարդներին ձգտելու բարձունքների եւ ծառայելու Սուրբ Եկեղեցուն:








All the contents on this site are copyrighted ©.