2017-10-27 09:37:00

Գիւմրիի մէջ Հայկական Կարիտասի կողմէ կազմակերպուած համագումար


2017թ. հոկտեմբերի 25-ին Գիւմրիի Վիկտորիա պլազա հիւրանոցում տեղի ունեցաւ Հայկական Կարիտասի կողմից կազմակերպուած համագումար՝ «Աղէտներին դիմակայելու պատրաստուածութիւնը՝ որպէս առաջին քայլ դէպի կայուն զարգացում» թէմայով: Այդպիսին է Հայկական Կարիտասի ծրագրի անուանումը, որը միտուած է աղէտների ռիսկի նուազեցմանը Հայաստանի համայնքներում: Հայկական Կարիտասն այս մասշտաբային ծրագիրն իրականացնելու է Կարիտաս Եւրոպայի, Ռումինիայի Կարիտասի եւ Արտաքին գործերի նախարարութեան, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարութեան, Աղէտների ռիսկի նուազեցման ազգային պլատֆորմի հետ համագործակցութեամբ: Համագումարին ներկայ էր նաեւ Հայկական Կարիտասի Ընդհանուր Նախագահ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը՝ ուղեկցութեամբ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսեփեանի, Հ. Մաշտոց Վրդ. Զահթերեանի, Տ. Գրիգոր Ավ. Քհնյ. Մկրտչեանի եւ Տ. Նարեկ Քհնյ. Թադեւոսեանի: Մասնակցում էր նաեւ Ուկրաինայի Կարիտասի փոխնախագահ Հայր Անդրեյ Նագերնեակը:

Համագումարի բացման խօսքով հանդէս եկաւ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը.

«Շատ ուրախ եմ՝ տեսնելով, որ այսքան շատ մասնագէտներ են հաւաքուել այստեղ՝ կիսելու մեզ հետ իրենց փորձառութիւնը: Սա շատ կարեւոր է, բայց ոչ բաւարար. ուսումնասիրել, լաւ գաղափարներ առաջարկել եւ ապա գնալ դատարկաձեռն…Եթէ լաւ գաղափարը արդիւնք չի տալիս, այն կտրում են, ինչպէս անպտուղ ծառը: Հետեւաբար, իմ ցանկութիւնն է, որ ոչ միայն վերլուծութիւններ անէք, այլեւ անհերքելի վկայութիւն տաք ձեր աշխատանքի: Արեւելեան Եւրոպայի Կարիտասի հետ աշխատանքը պէտք է լինի ծանրակշիռ եւ նախատիպ՝ աշխարհի բոլոր Կարիտասների համար: Մենք աղքատ ազգ չենք, այլ ունակ, խելացի, հնարագէտ ազգ ենք, մենք իրապէս կարող ենք արդիւնք տալ, եթէ մեր եղբայրներն օգնեն հզօրանալ ռւ կարողանալ ձեռք մեկնել կարիքաւորներին: Իմ ուղերձը ձեզ հետեւեալն է՝ կիսէ՛ք ձեր փորձառութիւնը մեզ հետ եւ եկէ՛ք պրագամտիկ լուծումներ գտնենք եւ օգնենք աղքատ եւ դժուարին իրավիճակներում ապրող մարդկանց»:

Հայկական Կարիտասի ռազմավարութեան եւ ծրագրերի մասին ամփոփ ծանօթացրեց ծրագրերի ղեկավար Անահիտ Գեւորգեանը:

Աղէտների ռիսկերի նուազեցման (ԱՌՆ) պետական ռազմավարութեան եւ ՀՀ-ում իրականացուող ծրագրերի մասին խօսեց ՀՀ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դաւիթ Կարապետեանը, ԱՌՆ ազգային պլատֆորմի տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար Արա Բարսեղեանը: Հայկական Կարիտասի ծրագիրը մանրամասնօրէն ներկայացրեց ծրագրի ղեկավար Արմեն Մարտիրոսեանը: Ելոյթներով, վերլուծութիւններով եւ առաջարկներով հանդէս եկան ՀՀ-ում Ռումինիայի դեսպանատան հիւպատոսական բաժնի ղեկավար Ցեզար Բիվոլարուն, վրացական Կարիտասի նոյնանուն ծրագրի մասին զեկուցմամբ՝ Լիանա Մխեիձէն, Ռումինայի Կարիտասի ներկայացուցիչ Իոաննա Գաւրիլասը, Շիրակի մարզում սեյսմիկ վտանգների մասին զեկուցմամբ՝ Սեյսմիկ պաշտպանութեան Հիւսիսային ծառայութեան տնօրէնի խորհրդական Սերգեյ Նազարեթեանը, այլ մասնագէտներ՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարութիւնից, Շիրակի մարզպետարանից: Համագումարի երկրորդ մասում տեղի ունեցան նաեւ խմային աշխատանքներ՝ Շիրակի համայնքապետերի մասնակցութեամբ:








All the contents on this site are copyrighted ©.