2017-08-23 09:44:00

Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանը Մոսկուայում հանդիպել է Կարդինալ Փիեթրօ Փարոլինի հետ


Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանը 2017թ. օգոստոսի 20-22-ը հովուական այցով գտնւում էր Մոսկուայում: Մոսկուայի և հարակից շրջանների հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Հոգշն. Հ. Պետրոս Վրդ. Եսայեանի խնդրանքով օգոստոսի 20-ին Առաջնորդ Հայրը մատուցեց Սուրբ Պատարագ Մոսկուայի Անարատ Յղութեան Կաթողիկէ Մայր Տաճարում: Սբ. Պատարագին մասնակցում էին հայ համայնքի հարիւրաւոր հաւատացեալներ: Սրբազան Հայրն իր քարոզում խօսեց Աստուածամօր Վերափոխման վսեմ խորհրդի մասին՝ հաւատացեալներին հայրաբար յորդորելով նմանուել Սուրբ Կոյսին՝ խորհրդածելով Աստուծոյ կամքին նրա անվերապահ հնազանդութեան, վստահութեան և հաւատարմութեան շուրջ՝ որպէս աստուածային շնորհներով լի մի սրբապատկերի, որ Տիրոջ Սուրբ Եկեղեցու ձգտումների կատարելութիւնն է:

Յաջորդ օրը Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանը հանդիպեց այս օրերին պետական այցով Ռուսաստանում գտնուող Հռոմի Սուրբ Աթոռի Պետական Քարտուղար Վսեմաշուք Կարդինալ Փիփեթրօ  Փարոլինի հետ՝ Մոսկուայում Սուրբ Աթոռի նուիրակութեան գրասենեակում: Ռաֆայել Սրբազանը Ռուսաստանի հայ կաթողիկէների համայնքի անունից իր ողջոյնները բերեց Վսեմաշուք Կարդինալին և եղբայրական ջերմ զրոյց ունեցաւ նրա հետ՝ ներկայացնելով Ռուսաստանի հայ համայնքի արդի մարտահրաւէրներն ու հոգևոր ձեռքբերումները:

 Յաջորդ օրը Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանը, Ռուսաստանի կաթողիկէ եպիսկոպոսների հետ միասին մասնակցեց Մոսկուայի Անարատ Յղութեան Կաթողիկէ Մայր Տաճարում Վսեմաշուք Կարդինալ Փիփեթրօ  Փարոլինի ձեռամբ երեկոյեան մատուցուած Սուրբ Պատարագին: Եկեղեցին լի էր հաւատացեալների բազմութեամբ, ովքեր եկել էին ներկայ գտնուելու այդ պատմական իրադարձութեանը: Ինչպէս մի քանի օր առաջ իր հարցազրոյցներից մէկում նշել էր Մոսկուայի լատին ծէսի կաթողիկէների Առաջնորդ Արքեպիսկոպոս Պավել Պեցցին, սա առաջին անգամն է, որ Հռոմի Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարը Ռուսաստան է այցելում պետութեան՝ ի դէմս Նախագահ Վլադիմիր Պուտինի, հրաւէրով: Սա մեծ նշանակութիւն ունի տեղի կաթողիկէների՝ թէ լատին ծէսի և թէ հայ ծէսի, համար, որովհետև Սուրբ Աթոռի երկրորդ բարձրաստիճան պաշտօնեայի այցը Մոսկուա նշանակում է նաև Հռոմի Սրբազան Քահանայապետի ներկայութիւնը իր հաւատացեալ ժողովրդի կողքին:

Օգոստոսի 31-ի Սբ. Պատարագից յետոյ Վսեմաշուք Կարդինալը նաև ընդհանուր հանդիպում ունեցաւ Ռուսաստանի կաթողիկէ եպիսկոպոսների հետ, որին մասնակցեց նաև Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանը:

 








All the contents on this site are copyrighted ©.