2017-08-01 06:53:00

«Ազգային երիտասարդաց օրեր-2017»-ը Աղաճանեան կենտրոնում


«Ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար, և Նրա անունը սուրբ է», Ղկ., 1:49

2017թ. յուլիսի 28-31-ը Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Աղաճանեան» կենտրոնում տեղի ունեցաւ «Ազգային երիտասարդական օրեր-2017» միջոցառումը, որին կմասնակցեց մօտ 120 երիտասարդ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Յունաստանի, Շվեդիայի հայ կաթողիկէ համայնքներից և Լեհաստանից: Հոգևոր, մշակութային այս միջոցառման նպատակն էր ամրապնդել հայ կաթողիկէ երիտասարդութեան միասնութիւնը, զարգացնել նրանց հոգևոր նկարագիրը, Մէկ Ընդհանրական Եկեղեցու պատկանելութեան և ազգային դիմագծի բարձր ինքնագիտակցութիւնը: Հայ կաթողիկէ առաջնորդութեան համայնքների մասշտաբով կազմակերպուած այս միջոցառումը շարունակեց Ընդհանրական Կաթողիկէ Եկեղեցու «Երիտասարդութեան համաշխարհային օրեր» միջազգային ուխտագնացութեան, որը կազմակերպուում է Հռոմի Սուրբ Աթոռի կողմից երեք տարին մէկ յաճախականութեամբ՝ աշխարհի տարբեր երկրների միլիոնաւոր երիտասարդների մասնակցութեամբ: 2016թ. Կրակովում կազմակերպուած Երիտասարդութեան համաշխարհային օրերին մասնակցեցին ամենաշատ թուով հայ կաթողիկէ երիտասարդներ (353 երիտասարդ): 

Միջոցառման հանդիսաւոր բացումը կատարեց միջոցառման նախաձեռնող և կազմակերպիչ Գերհ. Հ. Գառնիկ ծ.վ. Յովսէփեանը: Նա նշեց, որ սա առաջին անգամն է, որ նման բնոյթի երիտասարդական միջոցառում է կազմակերպուում՝ շարունակելով Ընդհանրական Եկեղեցու «Երիտասարդաց համաշխարհային օրեր» միջոցառման գեղեցիկ աւանդոյթը և նպատակը և յոյս յայտնեց, որ Ազգային երիտասարդական օրերն էլ յետայսու կդառնան ամենամյայ աւանդոյթ և մեծապէս կհարստացնեն հայ երիտասարդութեան հոգևոր նկարագիրը: 

Բացման Սուրբ Պատարագը մատուցեց ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը, առընթերակայութեամբ Գերհ. Հ. Գառնիկ ծ.վ. Յովսէփեանի և Աղաճանեան կենտրոնի տնօրէն Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի, համապատարագութեամբ հայ կաթողիկէ ժողովրդապետների, ովքեր այս երեք օրերի ընթացքում, մեծ մասամբ, իրենց համայնքների երիտասարդների հետ էին: Ռաֆայէլ Սրբազանն իր քարոզում երիտասարդներին հրաւիրեց մտածելու իրենց ինքնութեան շուրջ՝ հոգևոր և ազգային դիմագծով՝ որպէս հայ կաթողիկէ, անբաժանելի Ընդհանրական Եկեղեցուց և հայ ժողովրդից: 

Սուրբ Պատարագից յետոյ երիտասարդները երգեցին իրենց ընկերներ Գայանե և Լիա Սալնազարյաններ քոյրերի հեղինակած «Կամուրջներ» օրհներգը:

Նոյն օրը Հայկական Կարիտասի աշխատակից Մկրտիչ Բաբայանը երիտասարդների հետ զրոյց անցկացրեց արտագաղթի թեմայով՝ հետաքրքիր, բայց և մտահոգիչ տուեալներ հաղորդելով աշխարհում և մասնաւորապէս Հայաստանում արտագաղթի աճող տեմպերի, բացասական հետևանքների մասին: Երիտասարդները ակտիվ մասնակցեցին քննարկմանը:

Ապա Հ. Գառնիկը ներկայացրեց Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2017թ. Երիտասարդաց համաշխարհային օրերի ուղերձի բովանդակութիւնը:

Երիտասարդներն առիթ ունեցան առանձին խմբերով տարբեր քահանաների առաջնորդութեամբ զրուցելու քրիստոնէական ընտանիքի մերօրեայ մարտահրաւէրների մասին: Քննարկումների ընթացքում արծարծուեցին հայ ընտանիքների սոցիալական, բարոյական, հոգևոր խնդիրները, լաւ ընտանիք կազմելու քրիստոնէական սկզբունքները:

Երեկոյեան տեղի ունեցաւ Աստուածամօր ջերմեռանդութիւն՝ Սուրբ Վարդարանի աղօթքով և երգերով, որն անցկացրեց Տ. Յովսէփ քհն. Գալստեանը: Ապա՝ մշակութային երեկոյի ընթացքում, երիտասարդները հնարաւորութիւնն ունեցան դրսևորելու իրենց տաղանդները:

Յաջորդ օրը՝ յուլիսի 29-ը, նուիրուեց շրջագայութիւններին: Երիտասարդների խումբը նախ Գիւմրիի Սրբոց Նահատակաց մայր տաճարում մասնակցեց Սուրբ Պատարագի, որ մատուցուեց ձեռամբ Հ. Գառնիկ ծ.վ. Յովսէփեանի: Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Գիւմրիի ժողովրդապետ Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը: Ապա երիտասարդները շրջեցին Գիւմրիում, այցելեցին Սև Բերդ, որտեղ հանդիպեցին Գիւմրիի քաղաքապետ Սամվել Բալասյանին: Նա ողջունեց երիտասարդներին և իր ուրախութիւնը յայտնեց առ այն, որ հայ կաթողիկէ երիտասարդները հանդէս են գալիս ակտիվ նախաձեռնութիւններով, միասնական են, ազգասէր և եկեղեցասէր: Յիշեց նաև Սրբազան Քահանայապետի այցը Գիւմրի և խօսեց Սև Բերդում իր նախաձեռնութեամբ ստեղծուած յուշահամալիրի մասին՝ նուիրուած Պապի այցելութեանը: Երիտասարդներն աւելի ուշ ծանօթացան նաև յուշահամալիրին: Հ. Գառնիկը շնորհակալութիւն յայտնեց Գիւմրիի քաղաքապետին՝ ընդունելութեան, երիտասարդների կողքին լինելու համար, ինչպէս նաև՝ յատկապէս 2016թ. յունիսի 25-ին Սրբազան Քահանայապետի այցելութեան ժամանակ նրա ցուցաբերած մեծ աջակցութեան համարՆոյն օրը երիտասարդներն այցելեցին նաև Հառիճավանք և Մարմաշենի վանք, ապա վերադարձան Աղաճանյան կենտրոն և դիտեցին մի ֆիլմ՝ 2016-ի Լեհաստանում ԵՀՕ մասնակցութեան մասին, վերյիշեցին այդ անմոռանալի օրերը:

Յուլիսի 31-ը սկսուեց Սուրբ Պատարագով՝ ձեռամբ Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչեանի: Ապա երիտասարդները Տ.Յովսէփ քհն. Գալստեանի հետ միասին մասնակցեցին «Երիտասարդները՝ յոյսի առաջամարտիկներ» թեմայով աշխատաժողովին, որի ընթացքում առիթ ունեցան խորհելու սեփական կարողութիւնների, ինքնադրսևորման, իրենց համայնքներում եկեղեցական նախաձեռնութիւնների, ապագայ ծրագրերի մասին:

Օրուայ երկրորդ կէսին մասնակիցները ներկայացրեց ին, թէ ինչ գործունէութեամբ են զբաղուած համայնական երիտասարդական եկեղեցական միութիւնները:

Օրն աւարտուեց Աստուածամօր նուիրուած ջերմեռանդութեամբ և եռօրեայ միջոցառման փակման հանդիսաւոր արարողութեամբ, որի ընթացքում համերգային ելոյթներ ունեցան երգիչ Կարեն Մայիլյանը և երգչուհի Նվարդ Հարությունյանը:

Որպէս եզրափակում՝ Հ. Գառնիկ Ծ.Վ. Յովսէփեանը նուէրներ յանձնեց ժողովրդապետ հոգևորականներին և յայտնեց, որ իր նպատակն է առաջնորդութեան մասշտաբով կազմակերպուած այս միջոցառումը ժամանակի ընթացքում դարձնել համազգային հայ կաթողիկէ երիտասարդաց օրեր, որին կմասնակցեն հայ կաթողիկէ երիտասարդներ ամբողջ աշխարհից:

Խարոյկը, շուրջպարը եղան վերջին ակկորդը այս եռօրեայ միջոցառման:

 








All the contents on this site are copyrighted ©.