2017-07-28 07:50:00

Տեղի ունեցաւ «Սփիւռքում երիտասարդ հայ հետազօտողների առաջին առցանց գիտաժողով»ը


2017թ. Յուլիսի 22ին տեղի ունեցաւ «Սփիւռքում երիտասարդ հայ հետազօտողների առաջին առ-ցանց գիտաժողով»ը, որի նպատակն էր միաւորել եւ կապեր հաստատել աշխարհի տարբեր համալսարաններում աշխատող եւ սովորող երիտասարդ գիտնականների միջեւ, ներկայացնել Հայկական աշխարհի զարգացման վերաբերեալ նրանց տեսլականը: Գիտաժողովի ընթացքում Չինաստանի Հայկական համայնքի ղեկավար, գիտաժողովի հիմնադիր Մհեր Սահակեանի ելոյթի հիմնական նպատակն էր վերլուծել եւ գործնական առաջարկներ տրամադրել, թէ ինչո՛ւ եւ ինչպէ՛ս Հայաստանը կարող է մասնակցել չինական «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութեանը:

Մարինէ Սարգսեանը (Լէյդենի Համալսարան, Նիդերլանդներ) խօսեց Հարաւային Կովկասի երկրների Ռուսաստանի եւ Եւրոպական Միութեան հետ քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւնների զարգացման ընթաց-քին: Տաթեւիկ Ազիզեանը (Եւրոպայի քոլեջ, Նատոլին, Լեհաստան) ներկայացրեց ժողովրդավարութեան անցման ճանապարհին Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ինստիտուտների կառուցման փորձը: Էդգար Խաչատրեանը (Էստոնիայի դիւանագիտական դպրոց) հանդէս եկաւ առաջարկներով, թէ ինչպիսի՛ն կարող է լինել փոքր երկրների դիւանագիտութիւնը: Անահիտ Պարզեանը (Նանծինի համալսարան, Չինաստան) փաստեց, որ կիբերտարածքը (cybespace-Խմբ.) կարող է դիտարկուել նաեւ, որպէս մարդու կողմից ստեղծուած պատերազմների դաշտ: Լիսա Լեհիմճեանի (Ջոնս Հոփկինսի համալսարան, ԱՄՆ) ելոյթը վերաբերւում էր մեդիա գրագիտութեան եւ հաւաստիութեան գնահատման կարեւորութեանը թուային դարաշրջանում: Վարուժան Գեղամեանը (Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, Ռուսաստան) վերաիմաստաւորեց ժողովրդավարութիւն-աւտորիտարիզմ (մենատիրականութիւն-Խմբ.) եւ աշխարհիկութիւն-իսլամիզմ երկբեւեռութեան այլընտրանքները յետ-յեղաշրջումային Թուրքիայում: Անոյշ Պօղոսեանն («Եւրոպա» Ֆլենսբուրգի համալսարան, Գերմանիա) իր ելոյթում ներկայացրեց ԵՄ երեք «մեծ անդամներ»ի արտաքին քաղաքականութեան առանձնայատկութիւններն արաբ-իսրայէլական խաղաղութեան վերահաստատման գործընթացում: Սարէն Աբգարեանն (Ծիաօ Թոն համալսարան, Չինաստան) իր ելոյթում բացայայտեց Չինական փորձը միջազգային ներդրումային իրաւունքի ոլորտում: Միքայէլ Հայրապետեանը (Մոսկուայի Չայկովսկու անուան պետական կոնսերվատորիա(երաժշտանոց)) փաստեց, որ հայկական դասական երաժշտութեան կարող է դառնալ Հայաստանի եւ Սփիւռքի ազգային ինքնութեան պահպանման կարեւոր միջոց: Լիանա Եդիգարեանը (Պաղեստին) ներկայացրեց Հայ Դասական եւ Ժամանակակից գրողների ստեղծագործութիւնների թարգմանութեան տեխնիկական առանձնայատկութիւնները չինարէնով: Գիտաժողովի մասնակիցներին ողջունել էր նաեւ ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, նրա խօսքում մասնաւորապէս ասուած էր. «Ես մեծ խորհուրդ եմ տեսնում հայ գիտական միտքը համախմբելու այս նախաձեռնութեան մէջ: Վստահ եմ, որ ձեր գիտելիքները, ջանքն ու եռանդը այսուհետ նոյնպէս կը նպատակաուղղէք՝ ի բարօրութիւն մեր ազգի եւ ի նպաստ մեր հայրենիքի բարգաւաճման ու հզօրացման: Ջերմօրէն ողջունում եմ հայ ուսանողների եւ հետազօտողների առաջին համահայկական առցանց գիտաժողովի մասնակիցներին եւ դրուատանքի ջերմ խօսքեր ուղղում Չինահայ համայնքի ղեկավար Մհեր Սահակեանի հասցէին, ում ջանքերով կեանքի կոչուեց այս չափազանց օգտակար ձեռնարկը, որը պատիւ կը բերի ցանկացած երկրի երիտասարդ գիտնականներին»: Գիտաժողովի մասնակիցներին ուղղուած ողջոյնի խօսքում «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրէն Գագիկ Յարութիւնեան նշել էր. «Արդի յարափոփոխ աշխարհում հայկական հանրութեանն ուղղուած մարտահրաւէրներին դիմագրաւելը եւ ըստ արժանուոյն պատասխանելը հնարաւոր է միայն ազգային զարգացման՝ խորապէս մտածուած ռազմավարութիւն վարելու պարագայում: Իր հերթին, նման ռազմավարութեան մշակումը եւ իրագործումը հնարաւոր են միայն Հայաստանի (ՀՀ եւ ԼՂՀ) եւ Սփիւռքի մեր մտաւոր ու հոգեւոր ռեսուրսների սիներգետիկ (գործակցական-Խմբ.) միաւորման պարագայում: Այս համատեքստում ողջունում եմ ազգային մտաւոր ներուժի կենտրոնացմանն ուղղուած առցանց գիտաժողով կազմակերպելու՝ Չինաստանի հայ համայնքի նախաձեռնութիւնը»: Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակեանն իր հերթին նշել է. «Գիտաժողովի առանձնայատկութիւնը կայանում է նրանում, որ հայ երիտասարդ գիտնականներին միաւորելու գործընթացը կատարւում է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման շնորհիւ: Այս նախաձեռնութեան շնորհիւ մենք նպատակ ունենք համախմբել հայկական գիտական մտքի ապագան, ներկայացնել այն Հայկական աշխարհում, կապեր հաստատել Եւրասիայից մինչեւ Ամերիկա մայրցամաքներում աշխատող ու ուսանող հայ երիտասարդ գիտնականների միջեւ: Հէ՛նց այս կապերի միջոցով նրանք կը սկսեն համագործակցել ու արդիւնքներ տալ, կիսուել փորձով, որով կշահեն թէ՛ նրանք, թէ՛ նաեւ հայրենիքը: Պէտք է յիշե՛լ, որ 21րդ դարում կը յաղթի գիտունը: Կիրթ ու համախմբուած երիտասարդութիւնը հայկական աշխարհի յաջողութեան գրաւականն է»:








All the contents on this site are copyrighted ©.