2017-06-28 13:48:00

Գիւմրիում բացուեց յուշակոթող՝ նուիրուած Գիւմրիում Ֆրանչիսկոս Պապի մատուցած Սուրբ Պատարագի յիշատակին


2016-ի յունիսի 25-ը պատմական յիշարժան ու սիրելի օր դարձաւ Գիւմրեցիների և Հայաստանի հայ կաթողիկէ բոլոր համայնքների համար: 1988-ի երկրաշարժից յետոյ գրեթէ ամբողջութեամբ աւերուած քաղաքի վերածննդեան, գոյատևման պայքարը նոր կենսական լիցքերով շարունակելու ճանապարհին շատ տեղին էր Քրիստոսի մէկ և Ընդհանրական Եկեղեցու Առաջնորդի՝ Հռոմի Սրբազան Քահանայապետի հայրական այցելութիւնը Գիւմրի: Այս խոնարհ ու պարզ կենցաղով քահանայապետն իր ներկայութեամբ և խօսքերով քաջալերեց մի ամբողջ ժողովուրդ և, մանաւանդ, այդքան տառապանքներ կրած և մինչ օրս բազում սոցիալ-տնտեսական դժուարութիւնների մէջ ապրող Գիւմրեցիներին: Իր հայրական սիրով Քահանայապետը հաւատքի և յոյսի մէջ հաստատեց ոչ միայն հայ կաթողիկէներին, այլ նաև առաքելականներին, ովքեր միասին տարել են համայնավարական հալածանքի, անաստուածութեան լուծը և այսօր էլ միասին՝ որպէս մեկ ընտանիք, քայլում են հոգևոր վերելքի դժուարին ճանապարհով: Սուրբ Պետրոսի յաջորդի այցը մի բարդ, բայց և քաղցր մարտահրաւէր էր՝ ապրելու սիրոյ և միութեան մէջ, միմեանց հետ մրցելու՝ միմիայն աւելի շատ սէ՛ր ու գորով ցուցաբերելով, ինչպէս ինքն ասաց Վարդանանց հրապարակում հաւաքուած 20.000-ից աւելի հաւատացեալներին: Այս միութեան կարևորութեան մասին Քահանայապետին ուղղուած իր խօսքում շեշտեց նաև Արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասեանը: Ո՞վ, եթէ ոչ Ռաֆայել Սրբազանը, աւելի լաւ գիտի միասնութեան գինը, որն այնքան յաճախ վճարում է այս հաւատարիմ մշակը՝ Մէկ Հայ Եկեղեցու կառուցմանն ուղղուած իր անդուլ աշխատանքով: Այս մասին նա խօսեց նաև 2017թ. յունիսի 25-ին Քահանայապետի Հայաստան այցի մէկ ամեայ  յոբելեանի յիշատակի Սուրբ Պատարագի ժամանակ, Գիւմրիի Սրբոց Նահատակաց մայր տաճարում.

Ի դէպ, այդ յոբելենական Սուրբ Պատարագը Ռաֆայել Սրբազանը համատեղեց իր քահանայական ձեռնադրութեան 45-րդ տարեդարձի հետ, չէ՞ որ յատկապէս Քահանայապետի այցը Գիւմրի և Սուրբ Պատարագի մատուցումը Վարդանանց հրապարակում առաւելաբար նրա՛ հովուական աշխատանքի մի գեղեցիկ պտուղն է:

Որքա՛ն մեծ էր նրա և համապատարագող միւս հայ կաթողիկէ հոգևորականների ուրախութիւնը, երբ նկատեցին, որ Սուրբ Պատարագի ընթացքում Սրբոց Նահատակաց տաճարում կանգնելու տեղ գրեթէ չկար: Ներկայ էր նաև Գիւմրիի փոխ քաղաքապետ  Վաղարշակ Մխիթարեանը: Ուրեմն, յիշողութիւնը շատ թարմ է և կենսունակ, ուրեմն կա պատմական այդ իրադարձութիւնը վերապրելու փափաք, Քահանայապետի և ամբողջ Եկեղեցու համար միասին աղօթելու պատրաստակամութիւն: Այս տրամադրութիւնն ակնյայտ էր նաև քաղաքային իշխանութիւնների մօտ: Սուրբ Պատարագից յետոյ Ռաֆայել արքեպս. Մինասեանը հրաւիրեց կատարելու բացումը Գիւմրիի Սև Բերդում կառուցուած մի յուշակոթողի, որը նուիրուած է Ֆրանչիսկոս Քահանայապետի կողմից Գիւմրիում մատուցուած Սուրբ Պատարագի յիշատակին: Բացման ժապաւէնը Ռաֆայել արքեպս. Մինասեանը կտրեց Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահեանի և Գիւմրիի Քաղաքապետ Սամուէլ Բալասանեանի հետ միասին:

Քաղաքապետի նախաձեռնութեամբ Սև Բերդ է տեղափոխուել այն Սուրբ Սեղանը, որի վրայ Հռոմի Սրբազան Պապը մատուցեց Սուրբ Պատարագը: Սեղանը տեղադրուել է 2016-ի յունիսի 25-ի խորանի նման մի տաղաւարի տակ, որը վերածուել է իւրօրինակ մի բագարանի.տաղաւարի պատերին փակցուած են պատմական օրուայ լուսանկարները՝ Քահանայապետը՝ Գարեգին 2-րդ Վեհափառ Հայրապետի և Ռաֆայել Սրբազանի հետ միասին, տեսարաններ Սուրբ Պատարագից: Այստեղ է նաև այն խաչքարը, որի մօտ կանգնած՝ Ընդհանրական Եկեղեցու Հովիւը իր հայրական խօսքով դիմեց 20.000 անոց բազմութեանը: Գիւմրիի Քաղաքապետ Սամվել Բալասանեանը խոստովանեց, որ չէր կարող այս յուշակոթողը չնուիրել այդ պատմական օրուան, որն իր համար շատ թանկ է.

Շիրակի թեմի առաջնորդը ևս փաստեց, որ 2016-ի յունիսի 25-ը պատմական է բոլորի համար, յատկապէս Քահանայապետի այցելութեան եղբայրակա՛ն շեշտադրութեամբ՝ թէ հայ կաթողիկէի և թէ հայ առաքելականի համար.

Ռաֆայել արքեպս. Մինասեանն իր խօսքում հրաւիրեց խորհրդածել Քահանայապետի այցելութեան խորհրդի մասին՝ որպէս հայ ժողովրդի և Եկեղեցու  միասնականութեան մի իւրայատուկ շաղախի.

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրեանն էլ իր հերթին շնորհակալութիւն յայտնեց միասնականութեան այսպիսի առիթ ստեղծելու համար.

«Ուզում եմ մէկ անգամ ևս շնորհակալութիւն յայտնել պարոն Բալասանյանին, որ այստեղ միասին կանգնած ենք մէկ նպատակի շուրջ»:

Մարզպետի խորհրդական, ՀՀ Մշակոյթի վաստակաւոր գործիչ Յասմիկ Կիրակոսեանն իր գնահատանքի խօսքն արտայայտեց՝ գիւմրեցիների անունից.

«Մի փոքրիկ երկիր, ունենալով իր յաւերժական Արարատը և մարդկութեան սկիզբը՝ Նոյան տապանը, Հռոմի Պապն ուզեցաւ այցելել այստեղ: 

Գիւմրիի Սև Բերդը, որն աստիճանաբար դառնում է քաղաքի մշակութային մի կարևոր կենտրոն, այս խորանաձև յուշակոթողով այսուհետ իր այցելուներին մշտապէս կը յիշեցնի Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու խոնարհ առաջնորդի պատմական այցելութեան մասին, մի յիշողութիւն, որն, ինչպէս դիպուկ կերպով բնորոշեց Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանը, բոլորինն է՝ անկախ դաւանական պատկանելութիւնից:

Տ. Յովսէփ քհն. Գալստեան








All the contents on this site are copyrighted ©.