2017-05-23 10:13:00

Պապական նուիրակ Մարեկ արքեպս. Սոլչինսկին հրաժեշտ տուեց հայ կաթողիկէ համայնքներին


2017թ. մայիսի 19-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցու համայնքներին իր հրաժեշտը տուեց Արհ. Տ. Մարեկ արքեպս. Սոլչինսկին՝ Հռոմի Սրբազան Քահանայապետի արդեն նախկին նուիրակը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Սոլչինսկին այս պաշտօնը վարեց 5 տարի և հիմա, Քահանայապետի որոշմամբ, նուիրակի պաշտօնը կկատարի Տանզանիայում:

Արհ. Տ. Մարեկ արքեպս. Սոլչինսկին հրաժեշտի Սուրբ Պատարագը մատուցեց Գիւմրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ աթոռանիստ եկեղեցում՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանի, Արհ. Տ. Նշան արքեպս. Գարաքեհեյանի և հայ կաթողիկէ հոգևորականների ներկայութեամբ և համապատարգութեամբ, Գիւմրիի փոխ քաղաքապետ Վաղարշակ Մխիթարեանի Անարատ յղութեան հայ քոյրերի, Հայաստանում և Վրաստանում ծառայող լատին կաթողիկէ վարդապետների, Հայկական Կարիտասի, ամերիկեան բարեգործական CNEWA կազմակերպութեան աշխատակիցների և Գյումրիի ժողովրդապետութեան հաւատացեալների մասնակցութեամբ:

 Արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին ներկաներին ուղղուած իր խօսքում նախ անդրադարձաւ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2016թ. յունիսի 25-ին Գիւմրի այցելության ընթացքում Վարդանանց հրապարակում արտասանած քարոզի շեշտադրութիւններին.

«Քահանայապետի այցը գեղեցիկ խորհրդանիշը եղաւ ձեր համայնքի վերածննդեան: Նա իր Սուրբ Պատարագի մատուցման որպէս նշանաբան ընտրեց Եկեղեցու հոգևոր կեանքի վերակառուցման թեման:

Այս տաճարը, Տաշիրի և միւս հայ կաթողիկէ եկեղեցիները տեսանելի նշաններն են Եկեղեցու վերազարթօնքի: Բայց քրիստոնեայ համայնքի հոգևոր կեանքը վերակառուցելը քարեղէն տաճարներ կառուցելը չէ միայն: Այս մասին շեշտեց Քահանայապետը Գիւմրիում՝ ընդգծելով երեք կարևոր կէտ, որոնք անհրաժեշտ են հոգևոր կեանքը վերակառուցելու և հետագան հանգրուաններն ապահովելու համար՝ յիշողութիւնն, հաւատք, եղբայրասիրութիւն:

Վերակառուցելու համար քրիստոնեայ մի կեանք, որը քանդուել է, նախ պէտք է յիշողութիւն՝ այն վերակենդանացնելու համար, բայց անցեալը յիշելը պէտք է օգնի՝ ներկան հասկանալու և դէպի ապագայ գնալու համար:

Երկրորդ՝ անհրաժեշտ է հաւատքը.Աստուած Ի՛նքն է զօրավիգ կանգնում՝ մեր կեանքը վերակառուցելու համար:

Եղբայրասիրութիւնը՝ ողորմած սէրը.այս կէտի վրայ Պապը  յատուկ ուշադրութիւն դարձրեց:

Քրիստոնէական կեանքում քանդման պատճառը բաժանումն է: Համայնքի վերածնունդը կապուած է միութեան, համայնքի անդամների միջև սիրոյ զօդի ստեղծման հետ: Այս միութիւնը ողորմած սիրոյ պտուղն է, որը համայնականները փոխանակում են և փոխադարձաբար տալիս միմեանց…

Սէրը ամենաազդու գործիքն է քրիստոնեայի համար՝ վերականգնելու այն ամենը, ինչ քանդուած է բաժանման հետևանքով:

Ձեզ հրաւիրում եմ ընթանալու առաջ՝ հաւատքով և յոյսով, եղբայրասիրութեամբ:

Շատ դժուար է մարդկային յարաբերութիններում կամուրջներ վերակառուցելը: Բայց մենք ունենք վսեմ մի օրինակ՝ մեր Տէրը և Իր սէրը, որով գնաց մինչ ի մահ.սրա համար է, որ Տէրն ասում է.«Սիրեցէ՛ք միմեանց ինչպէս ես ձեզ սիրեցի»:Իմ կողմից երախտաւորում եմ, որ աղօթելու եմ ձեզ համար ամենուրեք, ուր որ գնամ:

Այս հինգ տարիներին ես առաջին անգամ խոր յարաբերութիւններ հաստատեցի Հայ Եկեղեցու հետ: Այս ժամանակահատուածում կարողացանք ապրել պահեր, որոնք իրօք արտակարգ էին ձեր համայնքի համար: Բաւական է յիշել այս երեք կէտերը, որոնք պատմական էին՝

2015թ. ապրիլի 12-ին Սբ. Պետրոսի տաճարում մատուցուած Սբ. Պատարագը՝ ձեռամբ Սրբազան Քահանայապետի, 2015-ի սեպտեմբերին Գիւմրիի Առաջնորդանիստ տաճարի օծումը և Սրբազան Քահանայապետի այցը Հայաստան և նաև Վրաստան… Ձեր համայնքի հետ այս շփումները անջնջելի հետք են թողել իմ հոգում…»:

Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանն իր խօսքում ևս անդրադարձ կատարեց Սրբազան Քահանայապետի՝ Հայաստան կատարած հովուական այցին՝ այն համարելով մի առիթ՝ որպէս հայ Եկեղեցի, մեր շնորհակալութիւնը յայտնելու Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

«Ես պէտք է փոխադարձ սիրոյ խօսքեր ասեմ: Սիրելի Սրբազանը ապրեց մեզ հետ, որպէսզի մեր ընթացքը հեշտանայ, որպէսզի մենք կարողանանք լաւագոյն կերպով ներկայանալ և յայտնել մեզ՝ որպէս կաթողիկէ՛ և որպէս հա՛յ: Իր աշխատանքի մէջ մշտապէս կար միասնականութեան նպատակը, որն ինքն ընդհանրապէս լռութեամբ կատարեց, բայց կարողացաւ հարթել, պաշտպանել, օգնել մեզ:

Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Ձեզ՝ Սրբազան, ձեր բոլոր զոհողութիւնների համար:

Կարող եմ վկայել, որ ամենախրթին պահերին և եղբայրասիրական արտայայտութիւններով Սրբազանը կարողացաւ պահպանել եղբայրասիրութիւնը մեր մէջ»: Եւ որպէս եղբայրսիրութիւն գեղեցիկ մի քայլ, Ռաֆայել արքեպս. Մինասեանը հայկական օբսիդիանից պատրաստուած մի սկիհ նուիրեց Մարեկ արքեպս. Սոլչինսկիին:Պապական նուիրակը  շնորհակալութիւն յայտնեց բոլոր ներկաներին և ասաց.

«Շնորհակալութիւն՛ն բոլորին, ում հաւատքի շնորհիւ այս համայնքը վերածնուեց: Ձեր սերունդը կրողն եք մի հոգևոր ժառանգութեան, որով պէտք է նեցուկ լինէք Սրբազան Քահանայապետին, ում յոյսը միայն դուք էք: Բոլորս պէտք է գիտակցենք մեր՝ մէկ Եկեղեցու անդամ լինելը»:

 Սուրբ Պատարագի վերջում պապական նուիրակը խնդրեց բեմ բարձրանալ նաև Արհ. Տ. Նշան արքեպս. Գարաքեհեյանին և երեք եպիսկոպոսներով միասին իրենց օրհնութիւնը բաշխեցին հաւատացեալներին:

Սուրբ Պատարագի աւարտից յետոյ պապական նուիրակի պատուին կազմակերպուեց ճաշկերոյթ, որին իր մասնակցութիւնը բերեց նաև Գիւմրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Ճաշկերոյթի ժամանակ համերգային ելոյթներով հանդէս եկան Արւեստի վաստակաւոր գործիչ երգիչ Մուրադ Մալխասեանը, Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցու երգչախմբի երգչուհի Մերի Մկրտչյանը, երգիչ Կարեն Մայիլյանը:








All the contents on this site are copyrighted ©.