2017-04-27 08:47:00

Օտարերկրացի մի խումբ լրագրողներ այցելեցին Հայ Կաթողիկէ Առաջնորդարան


2017թ. ապրիլի 25-ին Գյումրիի Հայ Կաթողիկէ առաջնորդարան այցելեցին Աւստրիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի կաթողիկէ և հասարակական ուղղուածութեան լրատուամիջոցների մօտ մէկ տասնեակ լրագրողներ, ովքեր ուսումնասիրութիւններ են անում և նիւթեր պատրաստում Հայոց Ցեղասպանութեան, Ղարաբաղեան հիմնախնդրի, Հայաստան-Եվրամիություն յարաբերութիւնների, Հայ Առաքելական և Հայ Կաթողիկէ Եկեղեցիների մասին: Նրանց ուղեկցում էր Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եւրոպայի և Սկանդինավիայի հայրապետական պատուիրակ Հ. Տիրան աբեղայ Պետրոսեանը:

Նախքան Հայ Կաթողիկէ առաջնորդարան այցելելը, օտարերկրացի լրագրողները հանդիպել են նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարարների, այլ պաշտօնեաների հետ, ապրիլի 24-ին Սուրբ Էջմիածնում մասնակցել են Սուրբ Պատարագի, ապա հարցազրոյց ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի հետ:

Օտարերկրեայ լրագրողները ապրիլի 25-ին Գիւմրիում նախ այցելեցին Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Տաճար, որտեղ նրանց դիմաւորեցին Գիւմրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչեանը և Փանիկի ժողովրդապետ Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը:

Հայ կաթողիկէ առաջնորդարանը ճաշկերոյթ կազմակերպեց լրագրողների համար, հայ կաթողիկէ հոգևորականների հետ միասին: Ապա հիւրասրահում տեղի ունեցաւ հարցազրոյց՝ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչեանի հետ: Լրագրողների հարցերը վերաբերում էին Հայաստանի հայ կաթողիկէ համայնքներին, Հայ Առաքելական Եկեղեցու հետ յարաբերութիւններին, դաւանանքային ընդհանրութիւններին և տարբերութիւններին և այլ հարցերի:

Տ. Գրիգորը մասնաւորապէս շեշտեց, որ Հայ Առաքելական Եկեղեցու հետ յարաբերութիւնները զարգանում են ամենադրական ուղղութեամբ, ջերմ երկխօսութեամբ՝ շեշտելով դաւանանքային ընդհանրութիւնը, համակարծութիւնը դաւանանքի հիմնական ընկալման մէջ, ազգային պատմական միութիւնը և եղբայրութիւնը:

Լրագրողներն այցելեցին նաև Հայկական Կարիտասի կենտրոնական գրասենեակ, զրուցեցին տնօրինութեան հետ, ապա այցելեցին Գիւմրիի Աւստրիական մանկական հիւանդանոց, նաև՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդարան:








All the contents on this site are copyrighted ©.