2017-03-28 10:37:00

Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազօր դեսպանը այցելեց Փանիկ և Արևիկ


2017թ. մարտի 26-ին Փանիկի կաթողիկէ համայնքին իր այցելութիւնը բերեց Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազօր դեսպան պրն. Էրիկաս Պետրիկասը, Փանիկի ժողովրդապետ Հայր Գառնիկ վրդ. Հովսեփյանի հրաւէրով: Դեսպան պրն. Պետրիկասին եւ նրա կնոջը Փանիկի Սբ. Աստուածամայր եկեղեցու բակում դիմաւորեցին աղուհացով: Ապա եկեղեցու գաւթում հիւրերը մոմեր վառեցին և աղօթք բարձրացրին առ Աստուած, ապա եկեղեցում ներկայ գտնուեցին Սբ. Պատարագի հրաշափառ արարողութեանը, որը մատուցուեց ձեռամբ Հայր Գառնիկ Հովսեփյանի:

Քարոզի ընթացքում Հայր Գառնիկն իր խօսքը դեսպանին ուղղեց անգլերէն լեզուով և ապա հաւատացեալներին՝ հայերէնով: Իր խօսքի ավարտին Փանիկի ժողովրդապետը դեսպան Պետրիկասին նուիրեց «Հայր մեր» աղօթքը:

Պարոն դեսպանն իր հերթին շնորհակալութիւն յայտնեց և ասաց, որ համագործակցելու են Փանիկի զարգացման տեսլականով: Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանի առաջարկով պրն. Պետրիկասը մտադիր է օգնել վերանորոգելու Փանիկի Սբ. Աստուածամօր եկեղեցուն կից օրատորիայի շէնքը:

Օրատորիայում տեղի են ունենում երիտասարդաց միութեան հանդիպումները, նախկինում կազմակերպուել են նաև տարբեր խմբակներ եւ դասընթացներ՝ պատանիների արհեստի և արուեստի հմտութիւնները զարգացնելու նպատակով:

Շէնքն այժմ անմխիթար վիճակում է: Վերանորոգման նախագիծը Աստծոյ կամքով կմշակուի մօտ օրերս: Աշխատանքների կատարման ժամկէտները դեռևս քննարկւում են:








All the contents on this site are copyrighted ©.