2016-10-22 13:16:00

Լեհաստանի Սանդոմեժ քաղաքը հիւրընկալեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանին


Լեհաստանի Սանդոմիեժ քաղաքում 2016 թուականի հոկտեմբերի 17-ը նուիրուած էր հայկական քրիստոնէական մշակոյթին և պատմութեանը: Որպէս յատուկ հիւր՝ հրաւիրուել  էր Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների  առաջնորդ Արհ. Տ.  Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասեանը՝ ուղեկցութեամբ Հայաստանի Աշոցքի շրջանի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկի: Սանդոմիեժի Մայր Տաճարում Սանդոմիեժի թեմի առաջնորդ եպիսկոպոս Քշիշտոֆ Նիտկևիչի հանդիսապետութեամբ և արքեպիսկոպոսներ Ռաֆայել Մինասեանի և Էդվարդ Ֆրանկովսկու մասնակցութեամբ մատուցուեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում Նիտկևիչն իր  ելոյթում անդրադարձաւ հայ ժողովրդի հարուստ քրիստոնէական անցեալին և մշակութային ժառանգութեանը:

Միջոցառումներին  մասնակցում էին  նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհահայոց մշակութային ժառանգութեան հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, Լեհաստանի Սենատի նախկին պատգամաւոր Լուկաշ Աբգարովիչը, Սվենտոկշիսկե մարզի խորհրդարանի վիցեմարշալեկ Գրիգոր Շահինեանը, Սանդոմիեժի քաղաքապետ Մարեկ Բրոնկովսկին և այլ հիւրեր:

Ելոյթով հանդէս եկաւ Արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոսը : Ան յատուկ  անդրադարձ կատարեց հայ ժողովրդի  այն պատմութեան հերոսական և ողբերգական էջերին, որոնց ընթացքում հայ ժողովուրդը պատերազմել է իր քրիստոնէական ինքնութիւնը պահպանելու համար և կրել զրկանքներ, ենթարուել ցեղասպանութեան` քրիստոնեայ լինելու համար:

Նոյն օրը Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանը  հանդիպում ունեցաւ Սանդոմիեժի հոգևոր ճեմարանի սաների հետ, նրանց ներկայացրեց հայ ժողովրդի Քրիստոնէական պատմութիւնը, անդրադարձաւ Հայոց ցեղասպանութեանը, Մերձաւոր Արևելքում ծաւալուող իրադարձութիւններին և քրիստոնեայ հայ համայնքի խնդիրներին, խօսեց միջ եկեղեցական յարաբերութիւնների, Հռոմի Ֆրանչիսկոս Պապի Հայաստան կատարած այցի և այլ թեմաների մասին:

 








All the contents on this site are copyrighted ©.