Ընկերային ցանցեր:

RSS:

Ռատիօ Վատիկան

Քահանայապետի եւ Եկեղեցւոյ ձայնը աշխարհի հետ երկխօսութեան մէջ

Լեզու:

Եկեղեցի \ Եկեղեցական

Հռոմի մէջ Սուրբ Գրիգոր Նարեկացին Եկեղեցւոյ Վարդապետ հռչակումին նուիրուած համերգ։

Ս. Գրիգոր Նարեկացիին նուիրուած համերգ - RV

08/10/2016 09:14

(Ռատիօ Վատիկան) Ուրբաթ, 7 հոկտեմբերին, երեկոյեան ժամը 7ին, Ողորմութեան Յոբելինական տարւոյն եւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակին առթիւ,  Հռոմի Սուրբ Իգնատիոս Լոյոլա Եկեղեցւոյ մէջ, ներկայացուեցաւ Ալֆրետ Շնիթքէի «խառն երգչախումբի համերգ»ը, Սանդա Չեչիլիա Ակադեմիայի երգչախումբի կատարումով, եւ խմբավարութեամբ Չիրօ Վիսքոյի։

Համերգը, որ կը նկատուի քսաներորդ դարու երգչախմբային երաժշտութեան գլուխ գործոցներէն, յօրինած է Ալֆրետ Շնիթքէ, 1984-1985 տարիներուն, որուն  ներշնչման աղբիւրներէն մին եղած է Սուրբ Գրիգոր Նարեկացիի Մատեան Ողբերգութեան երրորդ գլուխը։

Ելոյթը նախաձեռնած էր Սուրբ Աթոռի եւ Մալթայի Ասպետներու մօտ Հայաստանի Հանրապետութեան Դեսպանութիւնը Նոր Աւետարանութեան Քահանայապետական խորհուրդին հովանաւորութեամբ։

Համերգին ներկայ գտնուեցան եկեղեցական, քաղաքական ու դիւանագիտական մարմիններու ներկայացուցիչներ ինչպէս նաեւ բազմաթիւ իատալա հայեր եւ հիւրեր։

Բացման խօսքը արտասանեց Սուրբ Աթոռի մօտ հաւատարմագրուած Հ Հ արտակարգ ու լիազօր դեսպան` Տիար Միքայէլ Մինասեան որմէ ետք խօսք առաւ նաեւ Նոր Աւետարանութեան Քահանայապետական խորհուրդին նախագահը` գերապայծառ Ռինօ Ֆիզիքելլա։

 

Ստորեւ կը ներկայացնենք վսեմաշուք դեսպան Մինասեանի արտասանած խօսքը։ 

Գերաշնորհ Տեր,

Ձերդ Գերազանցութիւններ,

Իշխանաւոր Այրեր,

Տիկնայք և Պարոնայք,

Հայաստանի Հանրապետութիւնը մէկ քառորդ դար է բոլորել 1991թ. անկախացումից. Յոբելեան, որը համընկնել է Գթասրտութեան Սուրբ Տարուայ Յոբելեանի հետ՝ աւելի մեծ ուրախութիւն չէինք կարող ակնկալել:

Հայաստանն այս մեծ պատեհութիւնն ընդունեց միջնադարի հայ մեծ բանաստեղծ ու աստուածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացու ոգու միջոցով, ով 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում հանդիսաւոր արարողութեամբ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից հռչակուեց Տիեզերական Եկեղեցու Վարդապետ:

Էկումենիկ այս Սրբի մեզ թողած ժառանգութիւնը, համակուած է գթասրտութեան ինքնատիպ զգացմունքով և Քահանայապետի կողմից հռչակուած Սուրբ Տարուայ առիթով մտորումների համար այն դարձել է մեր լաւագոյն ուղեկիցը և գործիքը:

2015թ. բռնած ճանապարհն այս տարի մեզ ուղղորդեց մինչև Ֆրանցիսկոս Պապի Հայաստան յիշարժան այց:

Այս ուրախ յոբելեանի տօնակատարութիւնները առաւել իմաստալից կլինեն, եթէ բոլոր հայերի համար թէ՛ Հայրենիքում, թէ՛ սփիւռքում, այն ուժերը համախմբելու և համակարգելու իւրայատուկ պահ հանդիսանայ՝ երկրի քաղաքացիական և հասարակական հաւասարակշիռ ու համապարփակ զարգացումն ապահովելու համար:

Հայ ժողովրդի համար, ով իր անկախութեան 25-ամեակը տօնում է եռանդով և դէպի ապագայ ուղղուած հայեացքով, Պապի այս մաղթանքը հայ ժողովրդին ուղղուած հզօր խրախուսանք էր, յատկապէս, որ դրանք արտասանուեցին Հայաստանում և մի այնպիսի նշանակալից տարում ինչպիսին Սուրբ Տարին է:

Գրիգոր Նարեկացու ''Մատեան Ողբերգութեան'' աշխատութեան բառերը, որը Պապի իսկ բնորոշմամբ հայ ժողովրդի հոգևոր սահմանադրութիւնն է, այցի ընթացքում արձագանքում էին ամէն քայլափոխի:

''Ուզում եմ ոգեշնչուել կոնկրետ օրինակով, աստուածային ողորմութեան մի մեծ ազդարարով'' - ասաց Պապը Գիւմրիի Սուրբ Պատարագի արարողութեան ժամանակ։...ուզեցի բոլորի ուշադրութեանը յանձնել Գրիգոր Նարեկացու կերպարը, Հայաստանի բառն ու ձայնը՝ դասելով նրան Տիեզերական Եկեղեցու Վարդապետների շարքում: Դժուար է գտնել մարդու սրտում բնաւորուած անդնդային թշուառութիւնները քննելու մէջ նրան հաւասարին: Նա, բայց և այնպէս, մշտապէս երկխօսութեան մէջ է դրել մարդկային թշուառութիւնները և Աստծոյ ողորմութիւնը, բարձրացնելով արտասուելի ու վստահութիւն տածող սրտաբուխ աղերս Տիրոջը՝ հաստատելով, որ Աստուած ''պարգևների բաշխողն է, բնութեամբ բարի [...], մխիթարութեան ձայն, քաջալերանքի լուր, ուրախութեան թռիչք, [...] անհամեմատելի քնքշութիւն, յորդառատ ողորմութիւն, [...] փրկարար համբոյր''(Մատեան ողբերգութեան, 3,1), Յայտարարելով, որ ''երբեք բարկութեան խաւարից չի մթագնել նրա ողորմութեան լոյսը` (նոյն, 16,1):

Մատեան Ողբերգութեան, 3-րդ գլխից մէջբերուած ճիշտ այս բառերն են տպաւորում Ալֆրեդ Շնիտկեին 80-ականների սկզբին, երբ աշխատութեան ռուսերէն թարգմանութիւնը հրատարակուեց Մոսկուայում: Ծնուեց ''Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտը'', որն առաջին անգամ կատարուեց ճիշտ 30 տարի առաջ 1986թ.:

Այն այս երեկոյ կկատարի Սանտա Չեչիլիա Ազգային Ակադեմիայի նշանաւոր երգչախումբը՝ Մաեստրո Չիրո Վիսկոյի ղեկավարութեամբ, որին իմ խորին շնորհակալութիւնն եմ յայտնում քրտնաջան աշխատանքի համար, հաշուի առնելով ստեղծագործութեան բարդութիւնը:

Յատուկ շնորհակալութիւն եմ յայտնում Նոր Աւետարանութեան զարգացման քահանայապետական խորհրդի նախագահ Ն.Գ. Մոնս. Ֆիզիկելլային, ով խանդավառութեամբ ընդունեց առաջարկը և ներառեց այն Գթասրտութեան Յոբելենական Սուրբ Տարուայ պաշտօնական միջոցառումների ցանկում և ով այսօր մեզ պատւում է իր ներկայութեամբ և իր ողջոյնի խօսքը կուղղի ներկաներին:

Շնորհակալութիւն Ձերդ Գերազանցութիւն:

Իմ շնորհակալութիւնն եմ յայտնում նաև ''Սարտիս'' ընկերութեանը՝ ի դեմս Գագիկ Սարուխանյանի, ով ստանձնել է այսօրուայ միջոցառման հովանաւորութիւնը: 

08/10/2016 09:14