2016-10-07 09:52:00

Թիֆլիսի հայ կաթողիկէների ժողովրդապետի շնորհակալական խօսքը՝ Սրբազան Քահանայապետին


«Շնորհակալ ենք Ձեր հոգատարութեան ու մօտիկութեան համար»:

2016թ. հոկտեմբերի 1-ին Թիֆլիսի Սուրբ Կոյս Մարիամի Վերափոխման եկեղեցում քահանաների, միանձնուհիների և ճեմարանականների հետ Սրբազան Քահանայապետի հանդիպման ժամանակ Նորին Սրբութեանը շնորհակալութեան խօսքով դիմեց նաև Թիֆլիսի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հոգշն. Հ. Միքայէլ վրդ. Խաչկալեանը:

Նրա խօսքը ներկայացնում ենք՝ իտալերէնից հայերէն թարգմանութեամբ (թարգմանեց Տ. Մաշտոց սրկ. Ղազարեանը):

«Սրբազնագոյն Հայր,

Աստուածային Նախախնամութեան շնորհով՝ այս տարի արդեն երրորդ անգամն է, որ հանդիպում ենք Ձեզ։ Առաջին անգամը Հայաստանում էր, ուր Ձեզ՝ Սրբազնագոյն Հայր, արտայայտեցինք այն, ինչ բխում էր մեր սրտից. սէր, ինքնութիւն, կեանք և վկայութիւն։ Մի հանդիպում, որն արդեն իսկ պտուղներ է հասունացնում հաւատքի մի վերանորոգ ու քաջարի ընթացքում։

Երկրորդ անգամ, բարեգործական կազմակերպութիւնների և Լեհաստանի Եկեղեցու օգնութեամբ՝ մեր թեմի 380 հայ երիտասարդների հետ կարողացանք իրականացնել Կրակովում Երիտասարդների Համաշխարհային Օրուան մասնակցելու երազանքը։ Այնտեղ յիշարժան օրեր ապրեցինք, հարուստ՝ հոգեկանութեամբ, հաւատքով, եղբայրութեամբ, աղօթքով ու վկայութեամբ։ Այնտեղից մեր հետ բերեցինք այն էական յուշումները, որոնք Դուք, Սրբազնագոյն Հայր, հաղորդեցիք մեզ. կենդանի պահել անցեալի յիշատակը, ազգային պատմութիւնը, և քաջութիւնն ունենալ երազելու և կառուցելու մի լուսաւոր ապագայ, խաղաղութեան ու եղբայրութեան ապագայ։ Բոլոր այդ երիտասարդներն ասում են Ձեզ «շնորհակալութիւն՛ն», Ձերդ Սրբութիւն, շնորհակալութիւն Ձեր տուած խորհուրդների համար, շնորհակալութիւն Ձեր մօտիկութեան համար, և շնորհակալութիւն Ձեր տուած վկայութեան համար իբրև Պետրոսի Յաջորդ։

Այսօր, Սրբազնագոյն Հայր, որպէս Վրաստանում Հայ Կաթողիկէ համայնքի պաշտօնեայ, անդամ լինելով կաթողիկէ փոքրամասնութեան, ուրախութիւնն ունեմ ևս մէկ անգամ շնորհակալութիւն յայտնելու Ձեզ՝ Ձեր հոգատարութեան ու մօտիկութեան համար։ Ձեր ներկայութեամբ քաջալերում էք մեզ անսասան մնալ մեր հայրերի հաւատքի մէջ՝ ի Քրիստոս Յիսուս, և բոլորի հետ եղբայրաբար ապրել Տիրոջ կողմից օրհնուած այս երկրում։

Հայ Կաթողիկէները Վրաստանում՝ սրտաբաց այս երկրում, որը միշտ ընդունել է մեզ սիրով ու յարգանքով, վառ հաւատքի երկարատև պատմութիւն ունեն։ Վրաստանն այն երկիրն է եղել, ուր սուրբ մարտիրոս Շուշանիկ Մամիկոնեանն իր կեանքը զոհաբերել է՝ ի պաշտպանութիւն քրիստոնէական հաւատքի։ Եւ այդ նոյն հաւատքն է, որ հազարաւոր հայ կաթողիկէների մղել է Վրաստանի տարբեր գիւղերից գալու՝ այսօր առաւօտեան հանդիպելու Պետրոսի յաջորդին և արտայայտելու նրա հանդէպ ունեցած սերն ու երախտագիտութիւնը։ Հայ ժողովրդի այս զաւակները, թև տակաւին եկեղեցի չունեն Թիլիսմում, հաւաքուել են՝ Ձեր կողմից հաւատքի մէջ վերահաստատուելու և Ձեր օրհնութիւնը ստանալու համար, Սրբազնագոյն Հայր, և երախտագիտութիւն յայտնելու Ձեզ այն ամեն ինչի համար, որ արել էք մեր՝ հաւատքի մէջ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի ժառանգներիս համար։

Շատ սիրելի Սրբազնագոյն Հա՛յր, մինչ հայցում ենք Ձեր օրհնութիւնը, վստահեցնում ենք Ձեզ, որ եռանդագին աղօթելու ենք Ձեր համար, որպէսզի Տէրը զօրացնի Ձեզ և պահի առողջ, որպէսզի Եկեղեցու նաւի ղեկը բռնած՝ առաջնորդէք դէպի նաւահանգիստը խաղաղութեան, անդորրի, սիրոյ ու եղբայրութեան»:

 

 








All the contents on this site are copyrighted ©.