2016-09-28 07:56:00

Քահանայապետական 16-րդ միջազգային ճամբորդութիւն։ Վրաստանում Հայ Կաթողիկէ եկեղեցին


1991թուականին Սուրբ Յովհանէս-Պօղոս Բ-ի Պապական կոնդակով վերահաստատուեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի թեմը։ Այս հսկայածաւալ տարածքում  Հայ Կաթողիկէներով բնակեցումը հիմնականում կապուած է զանազան պատերազմների և գաղթերի հետ։

Հայոց պետականութեան կորստից յետոյ, քաղաքական ու սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, հայ ժողովուրդը բազմիցս ենթարկուել են օտար նուաճողների կազմակերպած բռնագաղթերին և տեղահանութիւններին։ Դարեր շարունակ նրան իր հարազատ հայրենիքից բռնութեամբ տեղահանել եւ գերեվարել են պարսիկները, արաբները, սելջուկ-թուրքերը, մոնղոլները և վերջապէս Օսմանեան թուրքերը։ Յաճախ էլ հայերը իրենք հարկադրուած են եղել, Հայաստանը երկատած թուրք –պարսկական բռնակալների յարուցած ազգային քաղաքական ճնշումներից, սոցիալական հարստահարութիւններից և կրօնական հալածանքներից փրկուելու համար, լքել հայրենի օջախները և տարագրուել օտար երկրներ։ Աշխարհով մեք սփռուած հայերին Հայաստանում ազգահաւաքման ու համախմբման երազանքն այնքան է յուզել և մտահոգել հայ ժողովրդին, որ նրա այդ նուիրական ցանկութիւնը հանապազօրեայ աղօթքի է վերածուել։

 

1829-1830թթ․ Արևմտահայերի գաղթի պատմութիւնից։

1828թ ապրիլին Ռուսաստանը պատերազմ յայտարարեց Թուրքիային։ Ռուսական զօրքերը կռուում էին երկու ռազմաճակատներում ՝ Կովկասեան և Պալքանեան։

Կովկասեան ճակատում ժեներալ Պասկեվիչը 1828թ․ յունիս 14ին անցնելով Ախուրեան գետը պաշարում է Կարսի բերդը։ Կարսը գրաւելուց յետոյ շարժւում և գրաւում Ախալքալաքը, Խերթվիսի ամրոցը հասնում մինչև Ախլցխա։ Միաժամանակ ռուսական զօրքերը պաշարում են Կարսի բերդը։

Այդ նոյն ժամանակ Պալքանյան ռազմաճակատում գործող զօրքերը մօտեցան Կոստանդնուպոլսի մատոյցներին։ Սուլթան Մահմուդ 2-րդը հարկադրուած ընդունեց ռուսների առաջադրած պայմանները և հաշտութիւն խնդրեց, որը ստորագրուեց Ադրիանապոլսում 1829թ․ սեպտեմբեր 2-ին։ Այս պայմանագրով ռուսներին անցան Սև ծովի արևելեան ափերը՝ Անապայից մինչև Փոթի նաւահանգիստը, Ախալցխայի փաշայութիւնը՝ Ախալցխա և Ախալքալաք բերդերով։

Անգլիայի, Աւստրիայի և Ֆրանսիայի ճնշման տակ, որոնք չէին ցանկանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը Մերձաւոր Արևելքում և ի վնաս հայ ժողովրդի ազգային շահերի, վերստին Թուրքիային վերադարձուեցին Էրզրում, Կարս, Բայազետ, Բաբերդ, Մուշ, Արտահան, Ալաշկերտ, Օլթի խնուս քաղաքները և հարիւրաւոր հայաբնակ գիւղեր։ Արևմտեան Հայաստանում թուրքական լծի տակ մնացած հայերը կանգնեցին բնաջնջման վտանգի տակ, քանզի պատերազմի ընթացքում օգնել էին ռուսական զօրքերին, իսկ հիմա ռուսները գրաւուած տարածքները հանց այնպէս յանձնում էին թուրքերին։ Հայերը Ադրիանապոլսի հաշտութիւնից յետոյ ստիպուած եղան բռնել գաղթի ճամբան, Արևմտեան Հայաստանից գաղթելով և վերաբնակութիւն հաստատելով Վրաստանում (Ախալցխայի փաշայութիւնը՝ Ախալցխա և Ախալքալաք քաղաքները և յարակից գիւղեր)  Հայկական մարզում ։

Գաղթերի կազմակերպման դերը ստանձնեց Էրզրումի հայոց թեմի առաջնորդ` Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին, կազմակերպելով Էրզրումի և շրջակայ հայաբնակ գիւղերի 1829-30թթ գաղթերը։

Չնայած թուրքական կառավարութեան յարուցած բազմաթիւ արհեստական արգելքներին, գաղթի կոմիտէի տուեալներով, 1829-1830թթ․ Էրզրումի, Կարսի Բայզաետի փաշայութիւններից և Թուրքիայի միւս գաւառներից Հայական մարզ (Շորագյալ կամ Շիրակ, Լոռի- Փամբակ, Ծալկայի և Ախալցխայի ու Ախալքալակի փաշայություններ) գաղթեցին 14,044 ընտանիք, կամ աւելի քան 100 հազար մարդ։

Վերաբնակեցնելով աւերուած քաղաքները և գիւղերը,­ հայերը սկսեցին վերակառուցել դրանք և անգամ հիմնել նոր գիւղեր և շէնքեր։

Ներկայումս Վրաստանում Հայ Կաթողիկէ համայնքը բնակւում է 5 քաղաքներում և շուրջ 25 գիւղերում։

Մայրաքաղաք Թիֆլիսում գործում է Հայ Կաթողիկէ Ս․ Գրիգոր Լուսաւորչի անուան Ժողովրդապետութիւնը, ժողովրդապետն է Հ Միքայել վրդ Խաչկալյանը։

Հաշւում է շուրջ 4հազար հայ կաթողիկէներ, որոնցք եկեղեցական կեանքին ներգրաւած են շուրջ 150 ընտանիք։ Հայ Կաթողիկէները օգտւում են Թիֆլիսում գտնուող Ս․ Պօղոս և Ս․ Պետրոս առաքեալների անունը կրող կաթողիկէ եկեղեցուց, որ պատկանում է լատին համայնքին, սակայն 1800ականների վերջերին կառուցուած այս եկեղեցու հիմնման և կառուցման աշխատանքներին իրենց գործօն մասնակցութիւնն են ունեցել Հայ Կաթողիկէները, այդ իսկ պատճառով արտօնութիւն ունեն մատուցելու կիրակնօրեայ Ս․ Պատարագները, Ս․ Պսակի և Ս․ Մկրտութեան խորհուրդները։ Թիֆլիսի Գուտնիս փողոցում գտնուող ժողովրդապետութեան շէնքում 2014թ կառուցուել է Ս․ Աստուածածնի մատուռը և օծուել ձեռամբ Հ Ռաֆայէլ Արքեպս Մինասեանի և այնտեղ է մատուցւում ամենօրեայ Ս․ Պատարագները։








All the contents on this site are copyrighted ©.