2016-09-01 08:49:00

Հայկական Կարիտասը բազմակողմանի աջակցութիւն է ցուցաբերում փախստական սիրիահայերին


Հայ Կաթողիկէ Եկեղեցին մշտապէս հոգ է տարել պատերազմի հետևանքով տուժած սիրիահայ ընտանիքների մասին:

Հայկական Կարիտասի Հասարակայնութեան հետ կապերի բաժինը զրուցել է Լուսինէ Ստեփանեանի հետ, ով Հայկական Կարիտասի  միգրացիայի եւ թրաֆիքինգի հետ կապուած ծրագրերի ղեկավարն է: Ծրագիրն իրականացւում է Երևանի գրասենեակի միջոցով:

Հայկական Կարիտասի երեւանեան գրասենեակն աշխատում է 3 հիմնական ոլորտներում՝ հրատապ աջակցութիւն տրամադրում սիրիացի փախստականներին եւ նրանց ինտեգրումը, ովքեր ապաստանել են Հայաստանում՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով, ԵՄ երկրներից Հայաստան վերադարձողների վերաինտեգրումը, եւ անկանոն միգրացիայի կանխարգելումը միգրացիոն բարձր տոկոսներ ունեցող համայնքներում`  տեղեկատուութիւն տարածելով  անկանոն արտագաղթի եւ թրաֆիքինգի ռիսկերի մասին»:

Հրատապ աջակցութեան տրամադրում եւ ինտեգրում

2012 թ.-ին Սիրիայում հակամարտութեան սկսուելուց յետոյ, փախստականների առաջին գաղթի  ժամանակ 21.000 սիրիահայ է եկել Հայաստան: Նրանցից ոմանք վերջին տարիներին վերադարձել են Սիրիա: Միւսները լքել են երկիրը՝ գնալով Եւրոպա եւ Կանադա: Սակայն, մեծ մասը`  17.000 հոգի, որոշեց  մնալ Հայաստանում: Կարիտասն աշխատում է նրանց հետ: Տրամադրում է  հրատապ աջակցութիւն եւ հեշտացնում նրանց ինտեգրումը հայաստանեան հասարակութեանը:

«Ազգութեամբ հայ մարդիկ, ովքեր փախստականների իրավիճակում են յայտնուել, ինչպէս սիրիահայերը կամ իրաքահայերը, դիտւում են որպէս Հայաստանի  քաղաքացիներ՝ ՀՀ կառավարութեան կողմից, – բացատրեց Լուսինէն եւ շարունակեց,- որպէս այդպիսին, նրանք իրաւունք ունեն դիմելու բոլոր սոցիալական ծրագրերին առաջին իսկ օրուանից, ինչպէս ցանկացած ՀՀ քաղաքացի»:

Հայկական Կարիտասի երեւանեան գրասենեակը սիրիահայերի համար իրականացրել է մարդասիրական օգնութեան տրամադրման 5 ծրագիր: Այդ ծրագրերից երկուսն ունեն Կարիտաս Գերմանիայի եւ Կաթողիկէ Օգնութեան Ծառայութիւնների (Կարիտաս ԱՄՆ) աջակցութիւնը, մէկը`  Կարիտաս Չեխիայի, իսկ միւս երկուսը` Կարիտաս Աւստրիայի եւ Աւստրիական Զարգացման Գործակալության աջակցութիւնը: Այսպիսով, աւելի  քան 2500 սիրիահայ է օգտուել այս ծրագրերից:

Վեցերորդ ծրագիրն արդեն ընթացքում է: «Հայկական Կարիտասը» վերջերս ստացաւ հաստատումը, որ Եւրոպական Յանձնաժողովը համաֆինանսավորելու է մի նախագիծ, որի միջոցով Սիրիայում եւ Լիբանանում ապրող սիրիահայերը կիրազեկուեն իրենց իրաւունքների մասին` որպէս Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներ: Այս ծրագիրը կիրականացուի Կարիտաս Աւստրիայի հետ համատեղ: Զեկոյցները խօսում են Լիբանանում  15,000 սիրիահայի, եւ  Սիրիայում մնացած եւս 15,000 –ի մասին, յատկապէս Հալէպ, Դամասկոս եւ Ալ-Քամիշլի քաղաքներում:

Եվրամիության երկրներից վերադարձող հայերի վերաինտեգրումը

Ինչ վերաբերում է գործունէութեան երկրորդ ոլորտին, «Հայկական Կարիտասը» միգրացիայի եւ զարգացման  ծրագիր է իրականացնում Կարիտաս Ավստրիայի եւ Լիխտենշտեյնի կառավարութեան հետ համատեղ: Այս ծրագրի նպատակն է հեշտացնել ԵՄ երկրներից վերադարձող հայերի վերաինտեգրումը: Այն նաեւ նպաստում է կանխել անկանոն միգրացիան արտագաղթի բարձր տոկոսներ ունեցող համայնքներից՝ տեղեկատուութիւն տարածելու եւ համայնքային զարգացման ծրագրեր կազմակերպելու միջոցով:

Յատուկ մշակուած իրաւական եւ սոցիալական աջակցութիւն ստանալուց բացի շահառուները կարող են նաեւ հետաքրքրուել կայուն բիզնես պլանների համար նախատեսուած անտոկոս վարկերով: «Սրանք փոքրածաւալ նախաձեռնութիւնների` կար ու ձեւի, նկարչութեան, վերանորոգման, խոհարարութեան համար են: Փոքրածաւալ բիզնեսներ, որոնք կօգնեն նրանց ապրուստի միջոց հայթայթել եւ վերաինտեգրվել հայ հասարակութեանը», – պարզաբանեց Լուսինէն: 57 սկսնակներ հիմնել են իրենց փոքր բիզնեսները ծրագրի շրջանակներում 2010 թ.-ից ի վեր:

«Հայկական Կարիտասն» իրականացնում է եւս մէկ ծրագիր այս ոլորտում: Այն կոչւում է «Կայուն վերաինտեգրում կամաւոր վերադարձից յետոյ»  եւ իրականացւում է Կարիտաս Բելգիայի հետ համատեղ: Ծրագրի թիրախը Բելգիայից հեռացող հայերն են, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան: Այն առաջարկում է յատուկ մշակուած վերաինտեգրման փաթեթներ` կախուած իւրաքանչիւր առանձին դէպքից, եւ կարող է ներառել բժշկական, սոցիալական եւ բիզնես բաղադրիչներ:

Անկանոն միգրացիայի կանխարգելում

Գործունէութեան 3-րդ ոլորտի շրջանակներում «Հայկական Կարիտասն» իրականացնում է մի ծրագիր, որը կոչւում է «Կառուցենք տեղական կարողութիւններ՝ նուազեցնելու անօրինական միգրացիան եւ թրաֆիքինգը»:  Ծրագիրը նպաստում է անվտանգ արտագաղթին եւ թրաֆիքինգի կանխարգելմանը` կազմակերպելով դասընթացներ եւ իրազեկման արշաւներ: Ծրագիրն իրականացւում է Հայաստանի երեք մարզերում (Գեղարքունիք, Շիրակ եւ Լոռի), որոնք առաւել խոցելի մարզերն են արտագաղթի առումով:

Գոհար Երանեանը  այս ծրագրի ղեկավարն է: Գոհարը բացատրեց, որ «Հայկական Կարիտասն» ինտենսիվորեն քարոզում է ներառել միգրացիայի թեման՝ ազգային կրթութեան ծրագրում: Կարեւոր է, որ այս երիտասարդ սերունդը տեղեակ լինի միգրացիայի ռիսկերի, մասնաւորապէս անկանոն միգրացիայի ռիսկերի մասին»:

«Հայկական Կարիտասը» ակտիվ եւ առանցքային դերակատար է՝ միգրացիայի ոլորտում: Շնորհիւ կառավարութեան ներկայացուցիչների եւ այլ հիմնական դերակատարների` ՄԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ այլոց հետ ունեցած գերազանց կապի, կազմակերպութիւնը համապատասխան կարծիք ձեւաւորող կառոյց է:

Հարկ է նշել, որ սիրիահայերին աջակցութիւն ցուցաբերելու ուղղութեամբ ծրագրերը, և Հայկական Կարիտասի բոլոր ծրագրերն առհասարակ, Հայկական Կարիտասի ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանի օրհնութեամբ են և առանձնայատուկ ուշադրութեան կենտրոնում: Սիրիական պատերազմի սկզբից մինչ օրս Սրբազան Հոր նախաձեռնութեամբ Երևանի հայ կաթողիկէ ժողովրդապետութեան շէնքում ապրում են մօտ 4 տասնեակ սիրիահայ ընտանիքներ, ովքեր ապահովւում են նաև սննդով և այլազան աջակցութեամբ:

 








All the contents on this site are copyrighted ©.