2016-08-27 09:01:00

«Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովն ամփոփեց իր աշխատանքները


Օգոստոսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ԵՊՀ Ռիթա և Վարդգես Պալյանների անվան դահլիճում «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովն ամփոփեց իր աշխատանքները: «Սփյուռքը համացանցային հարթակում» խորագրով թեմատիկ նիստը վարում էր ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

 «Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելությունը համացանցի ճամփով» թեմայով զեկուցեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության լսատեսողական բաժանմունքի վարիչ Տեր Պետրոս վրդ. Մանվելյանը: Նա ամփոփ ներկայացրեց իրենց կայքում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, հոգևոր դաստիարակությանը նպաստող ծրագրերի ու ձեռնարկների արտացոլումը: Հայր սուրբը խոսեց Կաթողիկոսության գիտական հարուստ ձեռքբերումների, փորձառության և դրանք զարգացնելու ու տարածելու պատրաստակամության, համացանցում հայկական ներկայությունը աշխուժացնելու և այդ ուղղությամբ տարվող աշխատանքերի մասին: Նա անդրադարձավ Կաթողիկոսարանի կողմից ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած նոր հնարավորությունների գործածության փորձին:

 Այնուհետև զեկուցումով հանդես եկավ Զմմառի Մայրավանքի փոխտեսուչ Տեր Մաշտոց վրդ. Զահթերյանը: Ներկայացնելով Զմմառի վանքի համացանցային կառույցը՝ նա անդրադարձավ Հայ Կաթողիկե եկեղեցու պաշտոնական կայքէջին, նրա կառուցվածքին, բաժիններին, կրթական, մշակութային գործունեության, գրադարանային, թանգարանային հարուստ հավաքածուի, ինչպես նաև Սփյուռքում գործող թեմերի ներկայացմանն ու լուսաբանմանը: Զեկուցողը ցավով նշեց, որ Զմմառի միաբանության կայքէջը իսլամիստ ծայրահեղականների կողմից ենթարկվել է հարձակման, այն այս պահին չի գործում, սակայն ակտիվ աշխատանքներ են տարվում հնարավորինս շուտ վերականգնելու ուղղությամբ:

 Լիբանանահայ գաղութի, ազգային ինքնության և սոցիալական ցանցերի մասին զեկուցեց Լիբանանի Ազգային Առաջնորդարանի տեղեկատվական բաժանմունքի պատասխանատու  Րաֆֆի Դեմիրճյանը: Նա հանգամանալից ներկայացրեց լիբանանահայ համայնքի պատմությունը, անդրադարձավ Լիբանանի հոգևոր կենտրոնների դերին, համախմբվածությանը, Լիբանանում գործող պաշտոնական կայքէջերում դրանց արտացոլմանը:

 Խոսելով սոցիալական ցանցերի մասին՝ նա անդրադարձավ դրանց դրական և բացասական կողմերին և սոցիալական ցանցերի նկատմամբ համայնքի վերաբերմունքին: Իր ելույթի վերջում բանախոսն առաջարկեց ստեղծել համահայկական տեղեկատվական ցանց՝ առաջին հերթին համայնքներում, կրթական-դաստիարակչական համակարգում տեղադրել խորհրդատվություն՝ աշակերտներին ծանոթացնելով համացանցի դրական և բացասական կողմերին, կրթկան համակարգի մեջ ներառել համացանցը օգտագործելու հանրակրթական ծրագրեր:

 Ֆրանսիայի ACAM կայքի գործունեությունը ներկայացրեց Շուշան Փիլիպոսյանը: Նա անդրադարձավ կայքի ստեղծմանը՝ նշելով, որ, չնայած կայքը միայն ֆրանսերենով է գործում, այն լուրջ ուղենշային տվյալներ է հաղորդում ֆրանսահայ համայնքի և Ֆրանսիայում հայկական հարուստ ժառանգության մասին:

 «Սոցիալական մեդիայի դերը հայկական Սփյուռքի կազմակերպությունների գործունեության ոլորտում» զեկուցումով հանդես եկավ Հայաստանում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Մարիամ Մարտիրոսյանը: Նա անդրադաձավ Ուկրաինայի հայերի միության ստեղծմանն ու գործունեությանը: Խոսելով սոցիալական  ցանցերի դերի բարձրացման մասին՝ նա նշեց, որ սոցիալական ցանցերը մեծ հնարավորություն են ընձեռում հայեցի բարենպաստ միջավայր ստեղծելու, հակահայկական քարոզչությունը կանխելու, ինչպես նաև հայկական մշակույթն ու արժեքները սոցմեդիայի միջոցով ավելի հասանելի դարձնելու գործում:

 Նիստի ավարտից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան, կառուցողական քննարկում, առաջարկվեց ստեղծել համակարգող մարմին, որը կնպաստի ոլորտում իրականացվող աշխատանքների համակարգմանը:








All the contents on this site are copyrighted ©.