2016-07-16 09:00:00

Սեմինարներ Կարիտասում՝ Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական վարդապետութեան թեմաներով


Կարիտասը Կաթողիկէ Եկեղեցու աստուածաբանութիւն կոնկրետ գործադրման ամենագեղեցիկ օրինակներից է:

 2016թ. յունիսի 7-ից սկսած՝ ամեն շաբաթ Հայկական Կարիտասի «Էմիլի Արեգակ» սոցիալական կենտրոնի սրահում կազմակերպւում են հանդիպում-սեմինարներ Հայկական Կարիտասի Գիւմրիի ամբողջ անձնակազմի մասնակցութեամբ, որոնք վարում է Հայ Կաթողիկէ Եկեղեցու սպասաւոր Տ. Յովսէփ քհն. Գալստյանը՝ օրհնութեամբ Հայկական Կարիտասի ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի և աջակցութեամբ Հայկական Կարիտասի տնօրինութեան:

Հանդիպումների թեման Կաթողիկէ կամ Ընդհանրական Եկեղեցու սոցիալական աստուածաբանութիւնն է, որը գաղափարական հիմքն է թէ Միջազգային Կարիտասի և թէ Հայկական Կարիտասի առաքելութեան: Հանդիպումների ընթացքում քահանան խօսում է Կարիտասի ինքնութեան, հոգևոր նկարագրի, գործունութիւն նպատակների և Կաթողիկէ Եկեղեցու վարդապետութեան մասին, ըստ որի Կարիտասը կազմակերպում է իր գործունէութիւնը աշխարհի տարբեր երկրներում: Ներկայացուել է Կարիտասի ինքնութեան մասին Հռոմի Սրբազան Քահանայապետերի մտքերը, հատուածներ՝ եկեղեցական փաստաթղթերից,  Caritas Internationalis-ի կանոնադրութիւնից, որոնք վերաբերում են բոլոր անդամ կազմակերպութիւններին, այդ թուում և՝ Հայկական Կարիտասին: Հանդիպումներից իւրաքանչիւրը տևում է 1 ժամ: Քննարկւում են տարբեր հարցեր, որոնք վերաբերում են գործնական աշխատանքին և աստուածաբանութեանը, մասնակիցները կարծիքներ են յայտնում սուրբ գրական կամ եկեղեցական փաստաթղթերի հատուածների շուրջ և թէ ինչպէս են Եկեղեցու վարդապետութեան սկզբունքները արտայայտւում իրենց աշխատանքում:

 

Հայկական Կարիտասը սոցիալական աշխատանքի շուրջ 2 տասնամեակների հարուստ փորձ ունի, առաջնորդւում է աւետարանական սկզբունքներով և առողջ քաղաքացիական հասարակութեան զարգացման, մարդու իրաւունքների պաշտպանութեան տեսլականով: Այս իմաստով պարբերաբար անդրադառնալ սեփական գաղափարական հենքին և վերարժևորել սեփական աշխատանքը շատ կարևոր է:

 

 

Սեմինարների նպատակներն են՝

1.Նպաստել Հայկական Կարիտասի առաքելութեան արդիւնաւէտ իրականացմանը և նոր հեռանկարային ծրագրերի մշակմանը՝ համահունչ Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական վարդապետութեանը,

2.Անձնակազմի համար հնարաւորութիւն և առիթներ ստեղծել՝ աւելի յստակ պատկերացում և աւելի շատ գիտելիքներ ունենալու կազմակերպութեան գաղափարական հենքի, առաքելութեան դրդապատճառների ու նպատակների մասին,

3.Անձնակազմի տալ գործիքներ, մտածողութեան սկզբունքներ՝ սեփական աշխատանքը իմաստաւորելու, կատարած աշխատանքի արժէքն ու մոտիվը նորովի ըմբռնելու և, ըստ այդմ, առաւել նուիրուած լինելու, աւելի արդիւնաւէտ կազմակերպելու սեփական աշխատանքը, այն դիտելու որպէս ծառայութիւն՝ մարդկային բարձրագոյն բարոյական արժեգներին ու նպատակներին՝ համոզուած, որ դրանց աղբիւրն ու ճշմարտացիութեան գրաւանը Եկեղեցու վարդապետութիւնն է։

4.Դասընթացների միջոցով ձևաւորել հարթակ՝ աշխատանքային գործընթացի ընթացքում պարբերաբար խօսելու և քննարկելու կազմակերպութեան առաքելութեան հոգևոր-բարոյական հիմքի, դրա իւրայատկութեան և սոցիալական այլ ծառայութիւններից (զուտ աշխարհական՝ secular) տարբերուելու մասին, Աստծոյ և հոգևորի մասին զրուցելու, սեփական պատկերացումներն ու զգացումները միմեանց հետ կիսելու համար,

5.Նպաստել Կարիտասի հոգևոր-սոցիալական ինքնութեան ինքնագիտակցմանը և Եկեղեցում ու հասարակութեան մէջ Կարիտասի դերի աւելի լաւ ըմբռնմանը,

6.Այս ամենով հանդերձ՝ նպաստել Եկեղեցու Աւետարանացման առաքելութեանը, որի մի կարևոր մասն է Կարիտասի առաքելութիւնը:

 

Հանդիպումները կը շարունակուեն, հաւանաբար, մինչև տարեվերջ: Ծրագրւում է նման հանդիպումներ անցկացնել նաև Լոռու և Գավառի Կարիտասի կենտրոնների աշխատակազմերի, ինչպէս նաև՝ կամաւորականների հետ:








All the contents on this site are copyrighted ©.