2016-06-10 09:22:00

Ռաֆայէլ արքեպս.Մինասեանի հարցազրոյցը՝ ՝՝Օգնութեան կարիքաւոր եկեղեցուն՝՝հետ


Արհ․ Տ․ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասեանը հարցազրոյց է ունեցել «Օգնութիւն Կարիքաւոր Եկեղեցուն» (Aid to the Church in Need) կաթողիկէ միջազգային բարեգործական կազմակերպութեան հետ` յունիսի 24-26-ին Հայաստանի Հանրապետութիւն Պապի կատարելիք այցի մասին: Հարցազրոյցը հրապարակուել է Zenit գործակալութեան կայքում:

Ֆրանցիսկոս Պապի առաջիկայ այցը Հայաստան մեծ ոգևորութիւն եւ ակնկալիքներ է առաջացնում․«Պապը գալիս է, որ էլ աւելի ամրապնդի հայերիս՝ մեր հաւատի մեջ։ Մենք` հայերս, լինենք կաթողիկէ, թէ առաքելական, սիրում ենք նրան: Ի վերջոյ, նա ճանաչեց մեր ժողովրդի ցեղասպանութիւն փաստը: Միշտ կյիշենք նրան այդ քայլի համար»:

Սրբազան Հայրն ասել է. «Պապը ցուցաբերեց ուժեղ բարոյական առաջնորդութիւն, երբ 100 տարի առաջ մեր ժողովրդի դէմ իրագործուած ցեղասպանութիւնը կոչեց իր անունով եւ ճանաչեց այն՝ որպէս 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւն։ Սա չափազանց կարեւոր է մեզ`հայերիս, համար:

«100 տարի շարունակ մենք աշխատել ենք, որ մեր տառապանքը ճանաչեն, բայց առանց յաջողութեան: Միայն դատարկ խոստումներ ենք ստացել տարբեր ժողովուրդներից եւ քաղաքական գործիչներից: Սակայն Պապը քաղաքական գործիչ չէ: Նա Քրիստոսի ներկայացուցիչն է երկրի վրայ եւ մտահոգուած է ճշմարտութեամբ եւ մարդու իրաւունքների պաշտպանութեամբ»:

Արքեպիսկոպոսը շեշտել է, որ Հայաստանը մեծ նշանակութիւն ունի ողջ աշխարհի քրիստոնէութեան համար: «Հայաստանը առաջին պետութիւնն էր երկրի վրայ, որ ընդունեց քրիստոնէութիւնը: Դա աւելի քան 1700 տարի առաջ էր: Մեր ժողովուրդը շարունակում է այսօր էլ կրել հաւատքի ազդեցութիւնը։ Դարեր շարունակ քրիստոնէութեան համար միլիոնաւոր նահատակներ ենք տուել: Ես միշտ ասում եմ, որ հրէա ժողովուրդը պատրաստեց  Քրիստոսի առաջին գալուստը: Մեր նահատակների միջոցով, մենք՝ հայերս, ճանապարհ ենք պատրաստում Քրիստոսի երկրորդ գալստեան համար։ Մենք վկայում ենք Քրիստոսին ի դէմս ողջ աշխարհի»:

Հայաստանի բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Հայ Կաթողիկէ Եկեղեցին միաւորած է Հռոմին եւ ունի մօտ 160․000 անդամ Հայաստանում: Արքեպիսկոպոսն ընդգծեց, որ Հայ Առաքելական եւ Հայ Կաթողիկէ Եկեղեցիների տարբերութիւնները նուազագոյնն են, իսկ յարաբերութիւնները՝ օպտիմալ։

Նա ասաց. «Մենք ունենք նոյն հաւատը, նոյն խորհուրդներն ու Սբ. Պատարագը: Միակ տարբերութիւնը Հռոմի Պապի ճանաչումն է: Դրանից բացի, այլ տարբերութիւններ չկան։ Եւ ամեն դէպքում, հայերը, անկախ նրանից, առաքելական են, թէ կաթողիկէ, իրենց մէկ ազգ եւ մէկ Եկեղեցի են համարում»:

Ըստ Արքեպիսկոպոս Մինասեանի, Հայաստանում Եկեղեցու վիճակը բոլորովին տարբերւում է Արեւմտյան Եւրոպայի միւս մասերից: «Այստեղ չկայ աշխարհիկութիւն: Հայերը կրօնասէր ժողովուրդ են: Մարդիկ հաւատ ունեն: Սա կեանքի անհերքելի իրականութիւն է։ Մեր եկեղեցին կենդանի է, թէեւ շատ չենք։ Բայց ունենք բազմաթիւ բարեգործական ծրագրեր՝ աղքատների, ծերերի եւ հաշմանդամների համար»:

«Սակայն,- աւելացրեց նա,- որպէս Եկեղեցի ունենք միայն սահմանափակ միջոցներ։ Սա մեզ էլ աւելի երախտապարտ է դարձնում Արեւմուտքի բարեգործների հանդէպ: Բայց հիմա ուզում եմ խնդրել նրանց յատուկ կերպով աղօթել, որ Պապի այցը յաջողութեամբ կը կատաուի»:

Zenit լրատուական գործակալութեան կայքից թարգմանեց՝ Նարինե Աղասարեանը

 








All the contents on this site are copyrighted ©.