Ընկերային ցանցեր:

RSS:

Ծրագիր:

Ռատիօ Վատիկան

Քահանայապետի եւ Եկեղեցւոյ ձայնը աշխարհի հետ երկխօսութեան մէջ

Լեզու:

Եկեղեցի \ Եկեղեցին հայկական

Հարցազրոյց՝ Արհ.Տ. Ռաֆայէլ արքեպս.Մինասեանի հետ՝ Ֆրանչիսկոս Պապի այցի վերաբերեալ

Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեան

18/05/2016 14:11

«Քահանայապետի այցը Հայաստան գնահատանքի, քաջալերանքի, մխիթարութեան այցելութիւն է»:

Սրբազան Հայր, ո՞րն է Սրբազան Քահանայապետի Հայաստան այցելութեան նպատակը

Եթէ Հռոմի Սրբազան Քահանայապետը գալիս է Հայաստան, նշանակում է՝ մի նպատակ կայ, մի առիթ կայ: Եթէ մեր խիղճը քննենք և մեր ինքնութիւնը փորձենք հասկանալ, թէ ով ենք, կը գտնենք հետևեալը, որ որպէս հայ ժողովուրդ, հնուց մի ազգ ենք, որ հպարտութեամբ պահել ենք մեր քրիստոնէական ինքնութիւնը: Այս ինքնութիւնը որ դարեր ի վեր ապրում ենք, դարերի ընթացքում տուել է միլիոնաւոր նահատակներ՝ վասն Քրիստոսի: Որպէս Ընդհանրական Եկեղեցու հայր և գլուխ, պարզ է, որ Պապը մտածում է արժևորել մեր այս քրիստոնէական վկայութիւնը:  Հետևաբար, գնահատանք է և պատիւ մեզ համար, որ այսպիսի արժևորում և գնահատանք է  տրւում մեր ազգին և մեր նահատակներին, որոնց շառաւիղներն ենք մենք այսօր: Հետևաբար շատ բնական է, որ այսպիսի այցելութիւն է լինում այսօր: Միևնոյն ժամանակ այս այցելութիւնը մեր յիշողութեան մէջ արթնացնում է Ֆրանչիսկոս Քահանայապետի 2015թ. ապրիլի 12-ի պատմական քայլը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում, որով պաշտպանեց մեր մարդկային իրաւունքը՝ հռչակելով, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը տեղի է ունեցել հայ ժողովրդի հանդէպ: Այս այցելութիւնը նաև մի պատեհ առիթ է, որ մեր երախտագիտութիւնը յայտնենք Պապին և Կաթողիկէ Եկեղեցուն, որ այսպիսի քայլ է արել և անում է այսօր:

Ինչու՞ Սրբազան Քահանայապետը որոշեց այցելել Գյումրի

Պապի այցելութիւնը Հայաստան է, ոչ թէ միայն Գյումրի: Հայաստանն էլ միայն Երևան չէ, Հայաստանը ունի շատ տեղեր՝ արժանի այցելութեան: Ոչ միայն այցելելու է Գյումրի, այլեւ՝ Խոր Վիրապ, բնակուելու է Էջմիածնում: Գյումրի գալը բնական մի երևոյթ է նաև այլ տեսանկիւնից: Գիտէք, որ հայ կաթողիկէ առաջնորդանիստ կենտրոնը Գիւմրին է, և այս աթոռը վերակենդանացրել է, հաստատել է Հռոմի Սուրբ Աթոռը: Բնական է, որ Սրբազան Պապը այցելի և իր կաթողիկէ ժողովրդին, իր հօտին տեսնի: Սրանք նաև Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի խօսքերն են: Յոյսով եմ, որ իմ պատասխանը գոհացնելու է բոլոր հարցերը:

Կարո՞ղ է արդեօք Քահանայապետի այցելութիւնը նպաստել Գիւմրիի զարգացմանը

Եթէ մեր կեանքում կան թերութիւններ, թող Սրբազան Քահանայապետի այս այցելութիւնը առիթ դառնայ, որ Գիւմրին աւելի զարգանայ, ինչպէս ուրիշ քաղաքներ Հայաստանում: Նախ և առաջ սա առիթ կլինի խթանելու քրիստոնէական ապրումը մեր բոլորի սրտում, և վստահ եմ, որ շատ օգտակարութիւններ պիտի քաղենք իր պատգամից, երբ որ այն հնչեցնի քարոզի ժամանակ, բայց ես պիտի յուսայի, որ այս առիթը կանխապէս լինի մեզ համար հոգևոր արթնացում և որպէսզի աւելի լրջօրէն կարողանանք ապրել մեր քրիստոնէական պատասխանատուութիւնը և զարգացնել հոգևոր, բարոյական, սոցիալական արժեգները մեր ընտանիքներում:

Ի՞նչ դեր կարող է խաղալ Քահանայապետի այցը կամ պատգամը՝ Ղարաբաղում խաղաղութեան հաստատման գործում

Քահանայապետի այցը Հայաստան գնահատանքի, քաջալերանքի, մխիթարութեան այցելութիւն է: Ոչ միայն մեր, նաև Սրբազան Պապի ցանկութիւնն է, որ աշխարհում և մեր տարածաշրջանում խաղաղութիւն տիրի: Պապի այցելութիւնները երբեք քաղաքական բնոյթ չեն ունեցել և չեն ունենալու: Այնուամենայնիւ, այս այցելութիւնը կարող է կարևոր պտուղներ ունենալ նաև այդ դաշտում, ինչպէս տեսանք անցած տարի, երբ ապրիլի 12-ի Քահանայապետի պատգամից անմիջապէս յետոյ Խորհրդարանը կարևոր բանաձև ընդունեց Հայոց Ցեղասպանութեան դատապարտման մասին:

Հարցազրոյցը վարեց Տ. Յովսէփ քհն. Գալստեանը

18/05/2016 14:11