Ընկերային ցանցեր:

RSS:

Ծրագիր:

Ռատիօ Վատիկան

Քահանայապետի եւ Եկեղեցւոյ ձայնը աշխարհի հետ երկխօսութեան մէջ

Լեզու:

Եկեղեցի \ Եկեղեցին հայկական

Փանիկի մանուկների առաջին Սբ. Հաղորդութիւնը՝ Սրբազան Հօր ձեռամբ

Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեան - RV

16/05/2016 12:14

2016թ. մայիսի 15-ին Փանիկի հայ կաթողիկէ եկեղեցում Սբ. և անմահ Պատարագը մատուցեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանը, առընթերակայութեամբ Գերպ. Հ Գառնիկ վրդ Յովսէփեանի: Հոգեգալստեան տօնն այս համայնքում առաւել շքեղութեամբ հանդիսաւորեց Փանիկի մի խումբ մանուկների առաջին  Սուրբ Հաղորդութեան գեղեցիկ արարողութեամբ:

Եկեղեցու բակում Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանին դիմաւորեցին աղ ու հացով: Հաւատացեալների խնդրանքով, Սրբազան Հայրը, ի նշան խաղաղութեան, մի ծառ տնկեց, ապա շրջեց եկեղեցու բակում և ծանօթացաւ բարեկարգման աշխատանքներին:

Սուրբ Պատարագի քարոզի ընթացքում Սրբազան Հայրը  իր խօսքն ուղղելով երեխաներին՝ յորդորեց սիրել, նուիրուել ծնողներն և ապրել ազնուօրէն.

«Անտարակոյս, այսօր ուրախութեան մի օր է,  մի քանի պատճառների համար. Նախ և առաջ շնորհաւորում եմ այս երեխաներին, ովքեր շատ գեղեցիկ աղօթք արեցին սկզբում: Դուք այսօր հրաւիրուել էք մաս կազմելու Քրիստոսի Սեղանին և այս Քրիստոսի Սեղանը հրաշալի մի բան աւետեց իր աշակերտներին, որ շատ-շատերը չհաւատացին և շատ շատերն էլ հեռացան: Երբ Ս. Հաղորդութեան խորհուրդը Յիսուս Քրիստոս հաստատեց վերջին ընթրիքի ժամանակ, երբ 12 առաքեալների հետ սեղանի շուրջ նստած` վերցրեց  հացը, օրհնեց, տուեց նրանց ու ասաց. «Առէք, կերէք, այս է Իմ մարմինը»: Յետոյ վերցրեց անխառն գինով լի բաժակը, գոհութիւն յայտնեց, տուեց աշակերտներին և ասաց. «Խմեցէք դրանից ամէնքդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ Արիւնը, որ թափւում է շատերի համար` իրենց մեղքերի թողութեան համար»: Այնուհետ պատուիրեց. «Այս արէք իմ յիշատակի համար» (Մատթ. 26:26-29):

Ուրեմն սա նշանակում է, որ մենք երբ մօտենում ենք Սուրբ Հաղորդութեան` սա մի հրաշք է: Հրաշք, որ անկարելի է մարդկայնօրէն բացատրել կամ ներկայացնել: Եւ, սակայն այնքան խորը, որ մեզ համար ապահովում է նոր կեանք և ոչ ժամանակաւոր կեանք,  ինչպէս, որ մենք ապրում ենք այսօր, յաւիտենական կեանք, յաւիտեանս յաւիտենից ապրելու ենք: Եւ այս հրաւէրը, որ դուք ձեր բերանով ասում էք, որ դուք ուրախ էք և ես ձեր անունով աղօթում եմ և խնդրում եմ աստուածային շնորհները: Ես մաղթում եմ, որ իսկապէս այս հրաւէրը, որ դուք պէտք է ընդունէք Յիսուս Քրիստոսին ձեր մէջ մնա միշտ: Եւ դուք միշտ մնաք հաւատարիմ ձեր խոստմանը:

Այսօր Սուրբ Հոգու տօնն է այսօր: Ուրախութիւն է բոլորիս համար, որպէս քրիստոնեայ հասարակութիւն, որպէս հաւատացեալներ, հաւատարիմ հաւատացեալներ, որոնց մէջ կա Սուրբ Հոգի: Ձեր մէջ բնակւում է Սուրբ Հոգին: Կարծեմ, այս բաները յստակ են ձեզ համար, որ Սուրբ Հոգին ձեր մէջ է բնակւում: Բայց մի բան է պակասում  այս կէտերի մէջ, մի կարևոր կէտ. Սուրբ Հոգու շնորհները գալիս են ամեն օր, ամեն ժամ ու վայրկեան, բայց եթէ մեր սիրտը փակ է և եթէ մենք ուզում ենք, որ ուղղակի, լրիւ տարբեր կեանք ապրել և չզղջանք մեր գործած յանցանքների վրայ, կամ էական չէ, որ միայն յանցանք ունենանք, բաւ է, որ մենք մեր սրտի մէջ ունենանք խոնարհութիւն, պարզութիւն:

Եւ որքան, որ մենք պարզ, խոնարհ ու սիրալիր լինենք, այնքան Սուրբ հոգու շնորհները կաճեն ու կշատանան մեր սրտերում: Մեր կեանքը լրիւ կը փոխուի… Երախտագիտութեամբ շնորհակալութիւն եմ յայտնում ձեզ բոլորիդ, որ ձեր աչքը անպակաս լինի ձեր եկեղեցուց»:

Երեխաները գեղեցիկ սպիտակ զգեստներ էին հագել՝ ի նշան մաքրութեան, գիտէին այս հանդիսաւոր արարողութեան համար նախատեսուած աղօթքները՝ հարցուպատասխանի ձևով:

Իւրաքանչիւր  քրիստոնեայի համար մեծ խորհուրդ ունի Սուրբ Հաղորդութեան ընդունումը: Գիտակցելով ու հասկանալով խորհուրդի իմաստը, երեխաները պատրաստ էին Աստծուն ընդունել իրենց մէջ: Ծնողների համար էլ սա յուզումնալից ու կարևոր իրադարձութիւն է:

Սբ. Պատարագից յետոյ  կազմակերպուեց  փոքրիկ հիւրասիրութիւն, առաջին անգամ Տիրոջ Մարմինն ու Արիւնը ճաշակած երեխաները ստացան վկայականներ, որպէսզի այդ օրուայ խորհուրդը իրենց սրտերում պահեն ողջ կեանքի ընթացքում:

16/05/2016 12:14