2016-05-05 09:42:00

Հայ կաթողիկէ համայնքը գործօն կերպով կը պատրաստուի Սրբազան Քահանայապետի այցին։


Հայ կաթողիկէ համայնքը և հայ հասարակութեան մի մեծ զանգուած անհամբեր սպասում են Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետի այցելութեանը Հայաստան՝ 2016թ. յունիսի 24-26-ը: Նորին Սրբութիւնը պատմութեան մէջ առաջին անգամ կայցելի նաև Գիւմրի՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկէների կենտրոնը, որտեղ գտնւում է նաև Սրբոց Նահատակաց մայր տաճարը:

Համայնքի նախապատրաստական գործօն աշխատանքներն արդեն սկսուել են: Գրեթէ բոլորն են ցանկութիւն յայտնում յունիսի 25-ի պատմական օրը ներկայ գտնուելու Գիւմրիի Վարդանանց հրապարակում, Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցուելիք Սբ. Պատարագին և տեսնել իրենց հովուապետին, լսել նրա հայրական խօսքն ու ստանալ օրհնութիւնը: Մեծամասնութեան կեանքում, թերևս, մէկ անգամ պատահող մեծ իրադարձութիւն կլինի դէմ առ դէմ տեսնել ամբողջ քրիստոնեայ աշխարհի առաջին հոգևոր պետին՝ յաջորդին Սբ. Պետրոսի՝ այն Վէմի, ում վրայ Յիսուս կառուցեց իր Եկեղեցին, և ով անվիճելի հեղինակութիւն ունի թէ 1 միլիարդից աւելի կաթողիկէ հաւատացեալների համար և թէ ողջ քրիստոնեայ, ինչպէս նաև՝ այլակրօն աշխարհում, նոյնիսկ բազում անհաւատների համար:

Մայիսի 3-ին մի քանի գիւղապետեր առաջնորդարանում հանդիպեցին հայ կաթողիկէ հոգևորականների հետ՝ Գիւմրիի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի հրաւէրով: Հոգևորականները խօսեցին համայնքների բնակչութեան տեղափոխման կազմակերպչական հարցերի, Նորին Սրբութեան Գիւմրի այցելութեան որոշ մանրամասների և այլ կազմակերպչական մանրամասնութիւնների ասին: Գիւղապետերին հետաքրքրում էին այցելութեան բոլոր մանրամասները, որոնք, սակայն, դեռևս պաշտօնապէս հրապարակուած չեն: Նրանք վստահ էին, որ իրենց համայնքների բնակչութիւնը առաւելագոյնն ներկայութիւն կունենան այդ մեծ իրադարձութեանը, միայն թէ Վարդանանց հրապարակը կարողանայ տեղաւորել այդքան մեծ բազմութեանը: Հոգևորականները բացատրեցին, որ կազմակերպչական հսկայական աշխատանք կա, որը առանց գիւղապետերի, բնակիչների գործօն մասնակցութեան հնարաւոր չի լինի արդիւնաւէտ կատարել: Բոլոր մասնակիցները պէտք է գրանցուեն անուն առ անուն և բոլորին պէտք է տրուեն հրաւիրատոմսեր:

Ներգրաւուելու են նաև մեծ թուով երիտասարդներ՝ որպէս կամաւորականներ: Երիտասարդներից շատերը որոշ փորձառութիւն ունեցան 2015թ. սեպտեմբերի 24-ին՝ Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման արարողութեան ժամանակ բազմաթիւ հիւրեր ընդունելիս, կազմակերպուած աշխատանքով: Շատերն են ցանկութիւն յայտնել նաև 2016թ. յունիսի 24-26-ը ներգրաւուել կամաւորական աշխատանքում և մշտապէս վայելել Սրբազան Քահանայապետի ներկայութիւնը:

Հոգևորականները պարբերաբար աշխատանքային ժողովներ են ունենում Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի գլխաւորութեամբ և քննարկում զանազան կազմակերպչական հարցեր:

Սրբազան Քահանայապետի այցելութեան ժամանակացոյցը տակաւին չէ  հրապարակուած պաշտօնապէս:

Քաղուած  armenianchurchco.com կայքէջէն








All the contents on this site are copyrighted ©.