Ընկերային ցանցեր:

RSS:

Ծրագիր:

Ռատիօ Վատիկան

Քահանայապետի եւ Եկեղեցւոյ ձայնը աշխարհի հետ երկխօսութեան մէջ

Լեզու:

Եկեղեցի \ Եկեղեցին հայկական

Սրբոց Նահատակաց մայր տաճարում տեղի ունեցաւ քահանայական և սարկաւագական ձեռնադրութիւն

Քահանայական ձեռնադրութիւն - RV

05/04/2016 09:41

 2016թ. ապրիլի 2-ին Գյումրիի Սրբոց նահատակաց առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցաւ Տ. Լևոն   սարկաւագ Գալստեանի քահանայական և Կարեն կիսասարկաւագ Աղեկյանի սարկաւագ ական ձեռնադրութեան արարողութիւնները՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանի՝ առաջնորդի Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլ. Եւրոպայի կաթողիկէ հայոց: Սրբազան Հոր առընթերականերն էին առաջնորդութեան ընդհանուր փոխանորդ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սուլահեանը, Հոգշ. Հ. Պետրոս վրդ. Եսայեանը, Հոգշ. Հ. Ներսէս վրդ. Գալստեանը, Հոգշ. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը, Հոգշ. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկը,  Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսեանը, Սրբոց Նահատակաց եկեղեցու ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչեանը: Արարողութիւններին ներկայ էին ձեռնադրեալների հարազատները, Անարատ Յղութեան միաբանութեան հայ քոյրերը, Գթութեան քոյրերը՝ Սպիտակի տան երեխաների հետ, Գիւմրիի հաւատացեալները:

Սբ. Պատարագից առաջ տեղի ունեցաւ Կարեն Աղեկեանի սարկաւագական ձեռնադրութիւնը: Կարենը եպիսկոպոսից ձեռնադրութեամբ ստացաւ Սբ. Հոգու շնորհը՝ ծառայելու Եկեղեցում և օգնելու եպիսկոպոսին և քահանաներին: Նոր ձեռնադրեալ սարկաւագը եպիսկոպոսից ստացաւ ուսուրարը, որը նշանն է Քրիստոսի լուծը մասամբ կրելու, ապա՝ բուրվառը՝ խնկարկելու իշխանութեամբ և Սբ. Պատարագի ժամանակ Աւետարան կարդալու իրաւունքը, և Տիրոջ Մարմինն ու Արիւնը ժողովրդին բաշխելու իրաւունքը:

Սբ. Պատարագի ընթացքում տեղի ունեցաւ Տ. Լևոն սարկաւագ Գալստեանի քահանայական ձեռնադրութիւնը: Ինչպէս սարկաւագի ձեռնադրութեան ժամանակ, այս անգամ ևս կատարուեց աշխարհից հրաժարման կարգը.ձեռնադրեալը ծնկաչոք, դէմքով դէպի արևմուտք՝ դէպի ժողովուրդը և ձեռքերը դէպի վեր բարձրացրած դիրքով աղօթում էր, քահանաները ձեռները դրել էին նրա ուսերին՝ ի նշան եղբայրական զօրակցութեան, և երգում էին մի գեղեցիկ շարական.

«Աստուածային և երկնաւոր շնորհք, որ միշտ լնու զպէտս սրբոյ սպասաւորութեան առաքելական եկեղեցւոյ, կոչէ զՏէր Լեւոն ի սարկաւագութենէ ի քահանայութիւն…»:

Ապա նոյնը աղօթեց և եպիսկոպոսը՝ վերջում ասելով.

«Ես դնեմ զձեռս ի վերայ եւ դուք ամենեքեան աղօթս արարէք, զի արժանի լիցի սա զաստիճան քահանայութեան անարատ պահել առաջի սեղանոյ Տեառն Աստուծոյ զամենայն աւուրս կենաց իւրոյ…»:

 

 

Նոր ձեռնադրեալ քահանան կոչուեց Տեր Յովսէփ՝ որպէս հովանաւոր սուրբ ունենալով Սբ. Յովսէփին՝ Սուրբ Կոյս Մարիամի պահապանին:

Գեղեցիկ արարողութեան ընթացքում Տէր Յովսէփին հագցրեցին քահանայական հանդերձանք՝ սպիտակ շապիկ, բազպանները, ուրարը, գօտին, վակասը և շուրջառը, թագը և խաչը, ապա

յանձնուեց սկիհն ու մաղզման՝ ի նշան պատարագելու իշխանութեան, որը քահանայի ամենաառաջնային պարտականութիւնն է՝ մատուցել միակ ճշմարիտ Զոհը: Սրբազան Հայրը սրբալոյս միւռոնով օծեց Տէր Յովսէփի ձեռքերը և ճակատը: Ապա նորօծ քահանան տուեց իր առաջին օրհնութիւնն ու «Խաղաղութիւն ամենեցուն»:

 

Սբ. Պատարագի բուն մասը Սրբազան Հայրը մատուցեց նորօծ քահանայի հետ միասին:

Սբ. Պատարագից յետոյ հոգևորականները և ներկայ ժողովուրդը ջերմօրէն շնորհաւորեցին նորօծ քահանային ու նոր ձեռնադրեալ սարկաւագին: Հայ Կաթողիկէ եկեղեցին համալրուեց Քրիստոսի նոր զինուորներով:

 

05/04/2016 09:41