2016-04-04 14:14:00

Նախագահ Սարգսեան հանդիպում ունեցաւ ԵԱՀԿ անդամ երկիրներու դեսպաններուն հետ


Նախագահ Սերժ Սարգսեան, երկուշաբթի, 4 ապրիլ 2016-ին, հանդիպում մը ունեցաւ ԵԱՀԿ անդամ երկիրներու դեսպաններուն հետ` Լեռնային Ղարաբաղի հետ սահմանագիծին վրայ ստեղծուած իրավիճակի մասին տեղեկատուութիւն փոխանցելու, ինչպէս նաեւ իրավիճակին համարժէք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով:

ՀՀ նախագահի աշխատակազամի հասարակայնութեան հետ կապերու ու տեղեկատուութեան միջոցներու հետ կապերու վարչութենէն կը ներկայացնեն  ԵԱՀԿ անդամ երկիրներու դեսպաններուն հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսեանի բացման խօսքը:

«Շնորհակալ եմ իմ հրաւէրին արագ արձագանգելու եւ այստեղ ներկայ գտնուելու համար: Վստահ եմ, որ բոլորդ տեղեկացուած էք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծուած իրավիճակի մասին: ԵԱՀԿ անդամ պետութիւնների դեսպաններին այստեղ հրաւիրելու նպատակը ձեզ առաջին ձեռքից տեղեկատուութիւն փոխանցելն է, ինչպէս նաեւ ստեղծուած իրավիճակին համարժէք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելը:

«Ինչպէս գիտէք, Ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախապէս մշակուած սցենարով դիմել է աննախադէպ սադրանքի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով` իրականացնելով լայնածաւալ մարտական գործողութիւններ, կիրառելով սպառազինութիւնների ողջ համալիրը, այդ թւում` զրահատեխնիկայ, ծանր հրետանի եւ օդուժ:

«Գործողութիւնների առաջին իսկ ժամերից հակառակորդի թիրախ են դարձել նաեւ քաղաքացիական անձինք: Իրենց դպրոցի բակում զոհուել եւ ծանր վիրաւորուել են երեխաներ: Իրենց տներում վայրագաբար սպանուել են տարէց մարդիկ` խաղաղ բնակիչներ, այդ թւում 92-ամեայ բնակչուհի: Եւ դա արել է, այսպէս կոչուած, Ադրբեջանի դիւերսիոն հետախուզական խումբը, որովհետեւ Ադրբեջանի զօրատեսակները որեւէ բնակավայր չեն մտել: Ճիշտ է, այդ խումբը դէպքից անմիջապէս յետոյ ոչնչացուել է, բայց փաստը մնում է փաստ: Այդ կադրերը երէկ յայտնուեցին նաեւ լրատուամիջոցներում. նայէք այդ կադրերը ու համադրէք դրանք «հանդուրժողականութեան կղզեակ Ադրբեջանի կազմում» Ղարաբաղի ժողովրդի իրաւունքները պաշտպանելու մասին հարեւան պետութեան ղեկավարի պարբերաբար հնչեցուող խօսքերի հետ:

«Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի` ժամանակին եւ արհեստավարժ գործողութիւնների շնորհիւ հնարաւոր եղաւ իրավիճակը վերցնել հսկողութեան տակ:

«Նման մասշտաբի գործողութիւններ չի գրանցուել 1994 թուականի զինադադարի հաստատումից ի վեր: Յարձակողական սադրիչ գործողութիւններն ադրբեջանական կողմից վերսկսուել են յաջորդ օրն առաւօտեան եւ շարունակւում են մինչեւ այս պահը: Ադրբեջանը շարունակում է թիրախաւորել խաղաղ բնակչութեանը` օգտագործելով հրթիռահրետանային կայանքներ եւ հրանօթներ: Այսպէս կոչուած «միակողմանի զինադադարի» յայտարարումից յետոյ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի ուղղութեամբ աշխատել է Ադրբեջանի հրետանին:

«Հայաստանի Հանրապետութիւնը` որպէս 1994 թուականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժէքօրէն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչութեան անվտանգութեան ապահովման իր պարտաւորութիւնները: Աւելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարութեանը` աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնութեան պայմանագիր կնքելու ուղղութեամբ: Եւ այստեղ պէտք է նշեմ` մէկ անգամ չէ, որ ես յայտարարել եմ, որ եթէ, իրօք, ռազմական գործողութիւնները շարունակուեն եւ ստանան լայնածաւալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը:

«Մարտական գործողութիւնների յետագայ սաստկացումը կարող է յանգեցնել անկանխատեսելի եւ անդառնալի հետեւանքների` ընդհուպ մինչեւ լայնածաւալ պատերազմի: Սա, բնականաբար, կ’ազդի ոչ միայն հարաւկովկասեան, այլեւ եւրոպական տարածաշրջանի անվտանգութեան ու կայունութեան վրայ:

«Ակնյայտ է, որ թէ ռազմական գործողութիւնների դադարեցումը եւ առհասարակ, հիմնախնդրի խաղաղ կարգաւորումը բխում են նաեւ եւրոպական երկրների շահերից: ԵԱՀԿ-ին` որպէս Եւրոպայի անվտանգութեան ապահովման երաշխաւորման գործում առանցքային դերակատարութիւն ունեցող կառոյցի, այս հարցում առանձնակի դեր է վերապահուած:

«Ցաւօք, հայկական կողմի բազմաթիւ կոչերն առ այն, որ Ադրբեջանը վաղ թէ ուշ գերի է դառնալու հայատեացութեան իր իսկ հռետորաբանութեանն ու նոր զինուած արկածախնդրութիւն է սանձարձակելու, եւ պէտք է հնարաւոր միջոցներով զսպել ագրեսորին, չտուեցին ցանկալի արդիւնք: Երբ Ադրբեջանը հպարտանում էր մեծաքանակ սպառազինութիւնների ձեռքբերումներով, միջազգային հանրութիւնը լուռ էր կամ գրեթէ լուռ էր: Երբ ամենաբարձր մակարդակով յայտարարւում էր ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մասին, միջազգային հանրութիւնը գրեթէ լուռ էր: Երբ Ադրբեջանը վարկաբեկում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունէութիւնը եւ հրաժարւում վստահութեան ամրապնդման մեխանիզմներ ստեղծել, միջազգային հանրութիւնը կրկին լուռ էր, ու այսօր էլ լուռ է, երբ Ադրբեջանը կիրառում է ծանր հրետանի ու գնդակոծում խաղաղ բնակչութեանը: Իմիջիայլոց, պէտք է ասեմ, որ ընդամէնը րոպէներ առաջ առաջին անգամ ադրբեջանական զինուած ուժերը կիրառեցին ծանր հրանետ, ռուսերէն բառը օգնեմեօտ է կոչւում, եւ դրա տիպը, զինատեսակը կոչւում է «Տոս-1»: Իսկ երբ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակը հակազդում է իրեն անգամներ գերազանցող Ադրբեջանի բանակին, նրան կոչ են անում «ցուցաբերել զսպուածութիւն»:

«Ես երեք ուղերձ ունեմ ձեզ, որոնք ուզում եմ, որ փոխանցէք ձեր մայրաքաղաքներ.

Ադրբեջանի արտգործնախարարութեան, ինչու՞ միայն արտգործնախարարութեան` Ադրբեջանի նախագահի խօսքից էլ էր դա երեւում, եւ այլ պաշտօնական աղբիւրների կողմից հրապարակաւ յայտարարուել է, որ ինչ-որ նպատակներով, միգուցէ իրենց համար հասկանալի, բայց մինչ օրս տեղի ունեցող գործընթացների մէջ որեւէ կերպ չտեղաւորուող պատճառներով, հէնց Ադրբեջանն է նախայարձակ եղել: Իրենց բացատրութեամբ Ադրբեջանը յարձակուել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վրայ, որպէսզի լուծի խնդիրներ, որոնք, ենթադրւում է, որ պիտի լուծուէին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցութիւնների միջոցով: Մենք տարածաշրջանային խաղաղութեամբ մտահոգ բոլոր կողմերից ակնկալում ենք ռազմական գործողութիւններ սկսելու վերաբերեալ բացատրութեան յստակ պահանջ Բաքուից:

«Վերջին օրերին հնչեցին բազմաթիւ երկրների ու միջազգային կառոյցների ղեկավարների` իրավիճակի շուրջ մտահոգութիւններ արտայայտող ուղերձներ, խաղաղութեան հաստատման կոչեր ու յայտարարութիւններ: Դրանք արդիւնաւէտ չեն այնքան ժամանակ, հէնց այդ պատճառով էլ ասում եմ, որ միջազգային հանրութիւնը լուռ էր, քանի դեռ ուղղուած չեն ռազմական գործողութիւններ հրահրած կոնկրէտ հասցէատիրոջը եւ չեն նախատեսում հետեւանքներ դրանց անտեսման համար:

«Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպէսզի դադարեցուեն ռազմական գործողութիւնները եւ խստօրէն պահպանուի 1994թ. զինադադարի ռեժիմը եւ որ բոլոր զօրամիաւորումները վերադառնան մինչեւ 2016թ. Ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զօրանոցները: Զինադադարի պահպանման համար անհրաժեշտ է, որ Էահկ-ն հանդէս գա կայունացնող միջոցներով, որոնք այս պայմաններում պէտք է լինեն նախ եւ առաջ զինադադարի հետաքննութեան մեխանիզմի շտապ ներդնումը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային կարողութիւնների զգալի աւելացումը: Հակամարտութեան գօտում անհրաժեշտ է նաեւ աւելացնել զինադադարի խախտումներն արձանագրող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների քանակը:

Ես բազմիցս խօսել եմ այն մասին, որ որեւէ հակամարտութիւն կարգաւորելու հարցում, յատկապէս` ինքնորոշման իրաւունքի համար պայքարող ժողովուրդների ճակատագրին վերաբերող հակամարտութիւնների դէպքում, անհրաժեշտ է վերացնել հակամարտութեան պատճառը եւ յետոյ միայն անցնել դրանից բխող բոլոր կարգաւորումներին:

«Հայկական կողմը, եւ դրա մասին քաջ տեղեակ են Մինսկի խմբի համանախագահներն ու այստեղ նստած երկրները ներկայացնող դեսպանները, երբեք չի հրաժարուել հակամարտութեան կարգաւորմանն ուղղուած տրամաբանական փոխզիջումներից: Բայց դրանց մասին իմաստ ունի խօսել միայն այն ժամանակ, երբ կը լուծուի հակամարտութեան բուն պատճառը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը կ’ազատուի կրկին գաղութակցուելու վտանգից: Ոչ ոք չի կարող պարտադրել մի ժողովրդի ապրել այնպիսի պետութեան կազմում, որը չի արտացոլում այդ ժողովրդի իղձերն ու արժէքները:

Երրորդ. Ադրբեջանի հերթական լկտի պահուածքի վերջին դրսեւորումներից մէկն էլ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան յայտարարութիւնն էր, որում ասւում էր, թէ իբր մարդասիրական քաղաքականութիւնից ելնելով` Ադրբեջանը միակողմանիօրէն դադարեցնում է պատասխան գործողութիւնները «թշնամու նկատմամբ» եւ սկսում կեանքի կոչել ազատագրուած տարածքների պաշպանութեան ամրապնդման ծրագիրը: Ես ձեզ հաւատացնում եմ, որ որեւէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել, այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամէնը մի փոքրիկ հատուած հարաւում եւ մի փոքրիկ հատուած հիւսիսում, որ յոյս ունեմ` մինչեւ մեր շփումն աւարտենք, այլեւս այդ հատուածը հիւսիսում չի լինի, ընդամէնը 200-300 մետր տարածք են գրաւել ադրբեջանցիները` տալով ամէն մետրի համար մէկից աւելի զոհ: Պարզ է չէ՞, որ սրանով Ադրբեջանը կրկին մոլորեցնում է միջազգային հանրութեանը եւ փորձում ստեղծել նախադրեալներ իր կողմից սանձազերծուած ռազմական գործողութիւնները եւ դրանց յետագայ շարունակութիւնը քօղարկելու համար:

«Որեւէ այսպէս կոչուած նոր «միակողմանի զինադադարի» մասին խօսք լինել չի կարող, քանի որ 1994թ. Ադրբեջանի կողմից ստորագրուած զինադադարն ուժի մէջ է, եւ Ադրբեջանը ոչ թէ որպէս բարի կամքի դրսեւորում, այլ որպէս միջազգային պարտաւորութիւն պէտք է հետեւի այդ փաստաթղթի տառին եւ ոգուն: Իմիջիայլոց, կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունեն այն ժամանակուայ միջնորդները, ովքեր իմ կարծիքով հանդիսանում են նաեւ զինադադարի ռեժիմի պահպանման երաշխաւորներ: Այդ փաստաթղթի կողմ է Լեռնային Ղարաբաղը, եւ Ադրբեջանը պէտք է սկսի ուղիղ խօսել Ղարաբաղի իշխանութիւնների հետ` անկախ նրանից հաւանում է նրանց, թէ` ոչ: Աւելին, կարծում եմ, որ զինադադարի խախտման իւրաքանչիւր դէպք պէտք է դառնա մանրամասն ուսումնասիրութեան եւ գնահատականի առարկայ, քանի որ դա է արդիւնաւէտ բանակցային գործընթացի գրաւականն ու շարժառիթը:

«Որպէս ԵԱՀԿ անդամ երկիր` Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել ԵԱՀԿ բոլոր անդամ երկրներին` լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում: Եթէ առկայ է կամք եւ ցանկութիւն շտկել իրավիճակը, ապա հարկաւոր է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղութեամբ եւ պարտադրել Ադրբեջանին յարգել 1994թ. զինադադարի ռեժիմը:

«Եւ վերջում. ԵԱՀԿ մասնակից երկրներից մէկը` Թուրքիան, որը յաճախ յիշեցնում է իր Մինսկի խմբի անդամակցութեան մասին, հանդէս է գալիս տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու դիրքերից եւ բացայայտ քաջալերում է ադրբեջանական ղեկավարութեան արկածախնդիր քաղաքականութիւնը: Ադրբեջանը պարծենում է իր իբրեւ թէ արձանագրուած յաղթանակով, իսկ Թուրքիան` շնորհաւորում է նրան դրանում: Մինչ միջազգային հանրութիւնը դատապարտում է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, թէեւ միայն խօսքերով, Թուրքիան միակն է, որ աներկբայ աջակցութիւն է ցուցաբերում ադրբեջանական արկածախնդրութեանը: Անկարայի կողմից այս իրավիճակից առաջ եւ յետոյ կատարած յայտարարութիւնները, որոնցով այդ երկիրը կարծես թէ իր հակահայկական մօտրել տարածաշրջանային լարուածութեան նոր օջախ, ինչի փորձը Թուրքիան ունի Մերձաւոր Արեւելքում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին միջնորդների թւում տեսնել Թուրքիային, այսօր հասկանում են, որ «արիւնակցական անվտանգութեան» մօտեցում որդեգրած այդ երկրին պէտք է ընդհանրապէս հեռու պահել ղարաբաղեան կարգաւորման գործընթացից:

«Ամփոփելով խօսքս` ուզում եմ կրկին շնորհակալութիւն յայտնել ձեզ ներկայութան համար եւ յոյս յայտնել, որ յանուն համաեւրոպական անվտանգութեան ու խաղաղութեան իմ ուղերձն ու մտահոգութիւնները դրական արձագանգ կը գտնեն ձեր մայրաքաղաքներում:

«Պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին»:

Քաղուած Եռագոյն կայքէջէն








All the contents on this site are copyrighted ©.