2015-11-24 10:02:00

Ջավախքի Ծինուբան գիւղում խաչքար է օծուել


2015թ. նոյեմբերի 17-ին Ջավախքի Ծինուբան հայ կաթողիկէ համայնքում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած խաչքարի օծման հանդիսաւոր արարողութիւն՝ ձեռամբ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանի՝ առաջնորդական փոխանորդի կաթողիկէ հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլ. Եվրոպայի, առընթերակայութեամբ Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանի, Գերպ. Հ. Անտոն վրդ. Գրիգորյանի և Ծինուբանի ժողովրդապետ Արժ. Տ. Պողոս քահանայ Գրիգորյանի և ներկայութեամբ Ծինուբանի, հարևան Նեոխրեբ, Ծղալթբիլա, Աբաթսխև, Ջուլղա գիւղերի հաւատացեալների բազմութեան:

Արարողութեանը ներկայ էր նաև խաչքարի տեղադրման հովանաւոր ծնունդով նոյն գիւղից, Ալմա Աթայում բնակուող պրն. Հարություն Սերոբյանը: Խաչքարը գտնւում է գիւղի Սբ. Աստուածածին եկեղեցուն կից:

Ծինուբան գիւղը գտնւում է Ախալցխայից 9,5 կմ դէպի հարաւ-արևմուտք: «Ծինուբան» նշանակում է «դիմացը հարթ»: Գիւղի բնակիչների թիւը ներկայում մոտ 350 է: Ներկայիս կաթողիկէ բնակչութեան նախնիները այդ գիւղում հաստատուել են 1830թ.՝ գաղթելով Արևմտեան Հայաստանի Կարին գաւառից:

Գիւղի Սբ. Աստուածածին եկեղեցին կառուցուել է, ըստ տարբեր աղբիւրների, 1869թ. կամ 1879թ., բնակիչների ծախսերով, վերանորոգուել է 1908թ.: Նորակառոյց եկեղեցու առաջին քահանան եղել է Տ. Յակոբ Սահարյանը: Եկեղեցին գործել է մինչը 1936թ.: 1937թ. կոմունիստներն այն դարձրել են ցորենի պահեստ,  բայց ընդամէնը մի քանի օր անց գիւղացիները եկեղեցուց դուրս են բերել ամբողջ ցորենն ու պահպանել այն որպէս եկեղեցի, թէև կաթողիկէ քահանաների գործունէութիւնը գիւղում (ամբողջ ԽՍՀՄ տարածքում) արգելուած էր: 1969թ. եկեղեցին վերանորոգել է, խաչը վերատեղադրել:

Քաղուած armenianchurchco.com կայքէն։








All the contents on this site are copyrighted ©.