2015-08-28 13:55:00

Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը հանդիպել է ՀՀ Սփիւռքի նախարարի հետ:


2015թ. օգոստոսի 26-ին Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը այցելել է ՀՀ Սփիւռքի նախարարութիւն և զրուցել սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի հետ: Սրբազան Հ0րն ընկերակցել են Մեծ Բրիտանիայում Պաղեստինի դեսպան Մանուել Հասսասսեանը՝ եղբoր՝ Յովհաննէս Հասսասսեանի հետ միասին, ովքեր Ռաֆայէլ Սրբազանի մտերիմներ են՝ հայ կաթողիկէ հաւատացեալներ:

Ռաֆայէլ Սրբազան ՀՀ Սփիւռքի նախարարին է ներկայացրել պրն.դեսպանին և նրա եղբօրը, զրուցել են Պաղեստինում հայկական համայնքի խնդիրների, Սփիւռքի նախարարութեան և պաղեստինահայ համայնքի միջև համագործակցութեան հնարաւոր ուղիների մասին: Խօսել են նաև Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի հետ կապուած միջոցառումների մասին:

Սրբազան Հայրը տկն. Հրանուշ Յակոբեանին է նուիրել ամերիկահայ մատենագէտ Էդդի Եղիայանի կազմած “The Armenian Genocide” անգլերէն ծաւալուն մատենագիտական աշխատութիւնը, որը Ռաֆայէլ Սրբազանի խնդրանքով այս տարի հրատարակել է Վատիկանի հրատարակչատունը:

Գրքում ներկայացուած է Հայոց Ցեղասպանութեան մասին աշխարհի տարբեր անկիւններում տարբեր լեզուներով հրատարակուած գրեթէ ամբողջ գրականութեան, յօդուածների ցանկը՝ համառօտ նկարագրութիւններով: Գրքի շնորհանդէսը նախատեսուած է կազմակերպել 2015թ. հոկտեմբերին, հանդիսաւոր արարողութեամբ:

Տկն. Հրանուշ Յակոբեանը, շնորհակալութիւն յայտնելով այս բացառիկ նուերի համար, կարևորել է այդ գրքի հրատարակումը յատկապէս Վատիկանի կողմից, ինչը, ըստ նրա, կնպաստի, որ գիրքն արագօրէն տարածուի և դառնայ աղբիւրագիտական հիմք՝ այլազգի հետազօտողների և ցեղասպանագէտերի համար:

Ռաֆայէլ Սրբազանը տկն. Հրանուշ Յակոբեանին հրաւիրել է 2015թ. սեպտեմբերի 24-ին ներկայ գտնուելու Գիւմրիի «Սրբոց նահատակաց» առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողութեանը:

2015թ. հոկտեմբերի 27-ին Ռաֆայէլ Սրբազանը հանդիպել է նաև ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ, զրուցել Ցեղասպանութեան յիշատակութեանը նուիրուած պետական միջոցառումների ձեռքբերումների, միջազգային ճանաչման հետ կապուած խնդիրների մասին և հրաւիրել նախարարին ներկայ գտնուելու սեպտեմբերի 24-ին Գիւմրիում կայանալիք պատմական իրադարձութեանը:








All the contents on this site are copyrighted ©.