2015-08-03 14:05:00

Կլենտելի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ հայ կաթողիկէ եկեղեցին հռչակուեց առաջնորդանիստ եկեղեցի:


2015թ. օգոստոսի 2-ին Սբ. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել եկեղեցու հռչակման հանդիսաւոր արարողութիւնը՝ յընթացս Սբ. Պատարագի և  մասնակցութեամբ՝ Սուրբ Աթոռի Արևելեան Եկեղեցիների հաստատութեան նախագահ` Կարդինալ Լեոնարտօ Սանտրիի, Միացեալ Նահանգների կաթողիկէների առաջնորդ արքեպիսկոպոս Խօսէ Գոմեզի և այլ եկեղեցական համայնքների առաջնորդների:

Ֆրանչիսկոս Սրբազան Պապի հաւանութեամբ և Սուրբ Աթոռի Արևելեան Եկեղեցիների Ժողովի 2014թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ  Միացեալ Նահանգների Կլենտել քաղաքում գտնուող Սբ. Գրիգոր Լուսաւորիչ հայ կաթողիկէ եկեղեցին հռչակուեց Միացեալ Նահանգների և Գանատայի Նարեկի Տիրամայր հայ կաթողիկէ թեմի (eparchy) առաջնորդանիստ եկեղեցի:

Սրբազան Պապն ընդառաջել է թեմի առաջնորդ Արհ. Տ. Միքայէլ եպս. Մուրատեանի խնդրանքին՝ առաջնորդանիստ եկեղեցու կարգավիճակ շնորհելու Կլենտելի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուն: Նախկինում թեմի առաջնորդանիստ եկեղեցի է համարուել  Նիւ Եորքի Սբ. Աննայի եկեղեցին, որը 1983թ. հայ կաթողիկէ նոր հաստատուած թեմի (էքզարքության) տրամադրութեան տակ էր դրել Նիւ Եորքի արքեպիսկոպոս` Կարդինալ Թերենս Քուքը:

 

Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին կառուցուել է այն ժամանակ (1990-2006թթ.) Քալիֆորնիայի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերպ. Հ. Ռաֆայէլ վրդ. Մինասեանի ջանքերով և օծուել 2001թ.: Սբ. Գրիգոր Լուսաւորիչ շքեղ եկեղեցին թեմի առաջնորդանիստ եկեղեցի հռչակելու և թեմի առաջնորդի աթոռը Նիւ Երոքից Կլենտել տեղափոխելու հարցը միայն ժամանակի և Սուրբ Աթոռի հաւանութեան խնդիր էր, ինչն էլ իրականութիւն դարձաւ Մուրադտեան եպիսկոպոսի ջանքերով, 2014թ. վերջին: Տեղափոխութիւնը պայմանաւորուած է ոչ միայն սեփական տաճարի գոյութեամբ, այլև՝ վարչական կառավարման արդիւնաւէտութեամբ:

2015թ. օգոստոսի 2-ին հռչակման արարողութեան ժամանակ Կլենտելի կաթողիկէ հաւատացեալներին է դիմել Կարդինալ Լեոնարտօ Սանտրին: Նա շեշտել է հայ ժողովրդի՝ առաջին քրիստոնեայ ազգը լինելու պատմական փաստը, դրուատանքով խօսել հաւատքի համար նահատակուած հայերի մասին, նաև՝ Ցեղասպանութեան տարիներին:

«Դուք կարողացել էք յաղթահարել բոլոր դժուարութիւնները՝ առանց կորցնելու ձեր հաւատքը, որովհետև կարողացել էք ձեր հայեացքը սևեռել Քրիստոսին, ով յաղթահարեց մահը Խաչի վրայ»ասել է նա և կոչ արել մշտապէս գիտակցել հաւատքի համար անցած պատմական ճամփորդութիւնը:

 

Վսեմաշուք Կարդինալը յիշեցրել է Ծննդոց գրքի 28-րդ գլխի պատմութիւնը Յակոբի երազի մասին, որից յետոյ Յակոբը կանգնեցրեց Բեթէլի քարը և օծեց այն: Կարդինալը մաղթել է, որ Սբ. Գրիգոր Լուսաւորիչ տաճարը լինի հայերի համար Բեթէլի քարը՝ Աստծոյ հանդէպ հաւատարմութեան նշանը, Աստծոյ կենդանի ներկայութեան նշանը:

Սուրբ Աթոռի բարձրաստիճան պաշտօնեան իր խօսքն աւարտել է Սբ. Գրիգոր Նարեկացու տողերով՝ նուիրուած Աստուածածնին և կոչ է արել Նարեկի Տիրամօր ամերիկահայ կաթողիկէներին խանդավառութեամբ ապրել իրենց հաւատքը և լինել միութեան շաղախ՝ Միացեալ Նահանգների հայութեան համար:

Հիւսիսային Ամերիկայի Նարեկի Տիրամօր թեմի առաջնորդ Արհ. Տ. Միքայէլ եպս. Մուրատեան իր քարոզում ևս խօսել է հաւատքի ճամփորդութեան մասին.

ճամփորդութիւն՝ դէպի Քրիստոս, որի մէկ հանգրուանն է Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու կառուցումը և հռչակումը՝ որպէս Առաջնորդանիստ եկեղեցի: Բայց ճամփորդել դէպի Յիսուս՝ առաջին հերթին նշանակում է վկան լինել Աւետարանի. «առաջնորդանիստ» հռչակումը կարևորութիւն չի ունենայ, եթէ մենք չենք ապրում մեր հաւատքը: Ամենակարևորը քրիստոնեայի կեանքում Յիսուս Քրիստոսն է, ասել է Մուրատեան Սրբազանը:

 

Համառօտ տեղեկութիւններ թեմի մասին

Հիւսիսային Ամերիկայի հայ կաթողիկէ համայնքները սկսել են ձևաւորել 19-րդ դարի վերջերին և, մանաւանդ, Ցեղասպանութիւնից յետոյ, նախ՝ Նիւ Եորքում, ապա՝ Նյու Ջերսիում, Բոսթոնում, Լոս Անջելեսում, Դեթրոյտում, Գլենդելում: Իսկ Գանատայում հայ կաթողիկէները հիմնականում ապրում են Մոնրեալում, Թորոնթոյում:

1981թ. Հայ Կաթողիկէ Եպիսկոպոսաց Սիւնհոդոսի յանձնարարութեամբ  և Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Պապի հաստատմամբ պաշտօնապէս հիմնուել է Հիւսիսային Ամերիկայի հայ կաթողիկէ էքզարքութիւնը: Առաջին առաջնորդը Արհ. Տ. Ներսէս եպս. Սեթեանն էր, ով, թեմը կառավարելով մինչև 1993թ., կարողացաւ ամուր կապ հաստատել տարբեր քաղաքներում ապրող հայ կաթողիկէների միջև, հիմնել է «Ջահ» պաշտօնաթերթը, հրատարակել գիտական մի քանի աշխատութիւններ, վախճանուել 2002թ. սեպտեմբերի 9-ին: 1995-2000թթ. Սեթեան եպիսկոպոսին յաջորդել է Արհ. Յովհաննէս եպս. Դերձակեանը, ում 2000-2011թթ.յաջորդեց Արհ. Մանուել եպս. Պաթագեանը, իսկ 2011թ. մայիսից Հիւսիսային Ամերիկայի հայ կաթողիկէների առաջնորդն է Արհ. Տ. Միքայէլ եպս. Մուրատեանը:

2005թ. սեպտեմբերի 12-ին Պենետիկտոս 16-րդ Սրբազան Պապը Հիւսիսային Ամերիկայի էքզարքութիւնը բարձրացրեց Էբարքութեան կարգավիճակի:








All the contents on this site are copyrighted ©.