2015-08-03 10:32:00

«Կարդինալ Աղաճանեան» ճամբարի երեխաները վայելեցին հոգևոր առաջնորդի ներկայութիւնը։


Ուրիշներին սիրել սովորեցնել՝ կարելի է միա՛յն սիրելով:

2015թ. յուլիսի 31-ին «Կարդինալ Աղաճանեան» ճամբար այցելեց Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը որ իր հայրական օրհնութիւնը բաշխեց ճամբարական երեխաներին և իր շնորհակալութիւնը յայտնեց ճամբարի կազմակերպիչներին ու ջոկատավարներին՝ նուիրեալ աշխատանքի համար:

Ռաֆայէլ Սրբազանի առաջնորդութեանը վստահուած համայնքները բաւական շատ են և աշխարհագրօրեն իրարից հեռու են գտնւում՝ Հայաստանում, Վրաստանում Ռուսաստանում և Արևելեան Եւրոպայում: Ի լրումն  բոլոր համայնքների կարիքներին ժամանակին արձագանքելու անհրաժեշտութեան, այդ համայնքների առաջնորդ արքեպիսկոպոսը մասնակցում է նաև Հայ Կաթողիկէ Եպիսկոպոսաց Սինոդի աշխատանքներին:

Հետևաբար, Սրբազան Հօր ներկայութիւնն ու օրհնութիւնը վայելելը թանկ է իւրաքանչիւր հաւատացեալի համար: Դա արտայայտութիւնն է հայրական հոգատարութեան, սիրոյ, իր հօտի հետ լինելու, բոլորի ուրախութիւններն ու տխրութիւնները կիսելու, նրանց պէտքերը հոգալու պատրաստակամութեան և պատասխանատուութեան բարձր զգացումի:

Ճամբարական շատ երեխաներ մինչ օրս հնարաւորութիւն չէին ունեցել անմիջականօրէն զրուցելու հոգևոր առաջնորդի հետ, պատմելու նրան իրենց ապրումների, յուզումների մասին, ստանալու նրա հայրական օրհնութիւնը և խմբային լուսանկար ունենալու նրա հետ միասին. ընդ որում իրենց հետ լուսանկարուելիս Սրբազան Հայրն հագել էր նոյն ճամբարական հագուստը, որը կրում են իրենք:

Մի քանի օր առաջ ճամբարականներին այցելել էին նաև առաջնորդական փոխանորդ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահեանը և Տ. Նարեկ սարկաւագ Մնոյանը:

Ռաֆայէլ Սրբազանը և ճամբարի պատասխանատուները կարևորում են երեխաների հետ անմիջական շփուելու առիթները, մանաւանդ հոգևորական-երեխայ շփումը: Դա օգնում է երեխային ազատուել աւելորդ լարուածութիւնից, ինքն իրեն սիրուած զգալ, լինել ուշադրութեան կենտրոնում, սկսել վստահել մարդկանց, հոգևորականին, եթէ նոյնիսկ երեխայի մօտ կան դիմացինին չվստահելու հոգեբանական, սոցիալական լուրջ պատճառներ:

Ճամբարի այս երկրորդ փուլի ընթացքում, որը սկսուել է յուլիսի 25-ին, երեխաների հետ աշխատում է չորս հոգևորական (Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեան, Գերհ. Հ. Ռաֆայէլ վրդ. Կռավչիկ, Արժ. Տ. Գրիգոր աւագ քահանայ Մկրտչյան, Արժ. Տ. Նարեկ քահանայ Թադևոսյան), ովքեր վարում են հոգևոր դասընթացներ, երաժշտութեան դասեր, մատուցում Սբ. Պատարագ և ընդունում խոստովանութիւններ, զրուցում երեխաների հետ տարբեր թեմաներով, օգնում նրանց ազատուել հոգեկան բարդոյթներից, լինել աւելի ազատ ու երջանիկ՝ ի Քրիստոս, սիրելով նրանց՝ սովորեցնում են սիրել ուրիշներին, լինել աւելի լաւ հաւատացեալներ և քաղաքացիներ:








All the contents on this site are copyrighted ©.