2015-07-30 09:20:00

Արամ Ա. Կաթողիկոս շնորհաւորական այցելութիւն տուաւ Գրիգոր-Պետրոս Ի.Պատրիարքին


Երկուշաբթի 27 Յուլիս 2015-ին, երեկոյեան ժամը 5-ին, Զմմառու Տիրամօր վանքը այցելեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ընկերակցութեամբ Լիբանանի Առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Եպս. Փանոսեանի, եպիսկոպոսներու և վարդապետներու: Վեհափառին ողջունեցին Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց նորընտիր Կաթողիկոս Պատրիարք՝ Ամենապատիւ Տէր Գրիգոր Պետրոս Ի.ը և Հայ Կաթողիկէ եպիսկոպոսաց դասը, Պատրիարքական Փոխանորդ և Զմմառու վանքի Մեծաւոր Հ. Գաբրիէլ Թ.Ծ.Վ. Մուրատեան: Ապա ամէնքը ուղղուեցան Վերափոխման Ս. Տիրամօր եկեղեցի, ուր ամէնքը միաձայն երգեցին «Հրաշափառ» շարականը, ապա ուղղուեցան վանքի դահլիճը, ուր հաւատացեալներու հոծ բազմութիւնը կը սպասէր երկու Հայրապետներներուն: Արամ Ա. Վեհափառը սրտաբուխ խօսքերով շնորհաւորեց նորընտիր Գրիգոր Պետրոս Ի.ի ընտրութիւնը: Նշեց կարեւորութիւնը Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Աթոռին, մաղթելով անոր երկար օրեր, բեղուն առաքելութիւն և եղբայրական միասնական ուժերով ծառայութիւն Հայ Եկեղեցւոյ և Հայ ժողովուրդին: Նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքը իր կարգին անհուն շնորհակալութիւն յայտնեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին այցելութեան համար Զմմառու դարաւոր վանքին: Այս առթիւ ան խնդրեց Վեհափառ Հօր յատուկ աղօթքը և եղբայրական գործակցութիւնը ի փառս Աստուծոյ և ի պարծանս Հայ Եկեղեցւոյ և Ազգիս: Երկու Հայրապետներու ուղերձները ընդունուեցան ջերմ ուրախութեամբ և ծափողջոյններով:








All the contents on this site are copyrighted ©.