2015-05-04 10:52:00

Հայ կաթողիկէ երիտասարդները պատրաստւում են մեկնել Լեհաստան՝ ԵՀՕ ուխտագնացութեան


2015թ. մայիսի 1-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Կարդինալ Աղաջանեան» ճամբարում, Բարձրշ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ երիտասարդական հանդիպում՝ 2016թ. Երիտասարդութեան համաշխարհային օրուայ (ԵՀՕ) նախապատրաստական աշխատանքների մասին խօսելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի եւ Վրաստանի կաթողիկէ համայնքների 60 երիտասարդներ՝ ժողովրդապետների հետ միասին:

 Յիշեցնենք, որ 2015թ. յունուարին Բարձրշ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը եւ երկու երիտասարդներ հրաւիրուել էին Լեհաստան՝ մասնակցելու ԵՀՕ կազմակերպչական աշխատանքներին: Լեհ հոգեւոր պատասխանատուները եւ Պլոտսկի համայնքի ներկայացուցիչները պատրաստակամութիւն են յայտնել՝ հիւրընկալելու մինչեւ 700 հայ երիտասարդ եւ խոստացել են կազմակերպել հանգանակութիւններ եւ բարեգործական վաճառքներ՝ նրանց ճանապարհածախսի խնդիրը լուծելու համար եւ առաջարկել են նման ձեռնարկներ կազմակերպել նաեւ հայ երիտասարդներին՝ Հայաստանում:

 Մայիսի 1-ի հանդիպման ժամանակ Սրբազան Հայրը խօսեց այդ մասին եւ առաջարկեց որոշակի ծրագրեր մտածել ու իրականացնել՝ ճանապարհածախսի խնդիրը լուծելու համար, որովհետեւ լուրջ միջոցներ են անհրաժեշտ՝ մեծ թուով երիտասարդներ Լեհաստան ուխտագնացութեան տանելու համար: Որպէս մէկ օժանդակութիւն, նա խոստացաւ երիտասարդներին նուիրել մեծ քանակութեամբ մեղր՝ ինքնուրույն վաճառելու եւ սեփական տոմսի գումարը հայթայթելու համար: Նաեւ առաջարկեց ձեռագործների կամ սեփական ձեռքով պատրաստուած այլ իրերի վաճառք կազմակերպել:

 Սրբազանը խնդրեց երիտասարդներից իւրաքանչիւրին միւս նախապատրաստական հանդիպմանը (որը, հաւանաբար, տեղի կունենայ այս տարուայ հունիսին) իր հետ բերել եւս 3-5 հոգի՝ աւելի մեծ թուով ԵՀՕ ուխտագնացութեան մեկնելու համար, եթէ, իհարկէ, յաջողուի ապահովել բոլորի մեկնման համար անհրաժեշտ գումարը:

 Ամենակարեւորը ԵՀՕ ուխտագնացութեան մեկնող երիտասարդների համար իրենց հաւատակից այլազգի ընկերներին որպէս հայ քրիստոնեայ ներկայանալն է, հոգեւոր խոր ապրումի մասին վկայելը, շեշտեց Ռաֆայէլ Սրբազանը: Հայ երիտասարդը պէտք է կարողանայ ներկայանալ իր լաւագոյն հոգեւոր ու ազգային արժեքներով: Կարեւոր է նաեւ խտրականութիւն չդնելը իրենց հետ ուխտի մկենող երիտասարդների միջեւ, բոլորի հետ լինել սիրով եւ պատրաստ՝ ջերմ հարաբերութիւններ հաստատելու:

Ժողովրդապետները խօսեցին զանազան հարցերի շուրջ:

Արժ. Տ. Գրիգոր ավ.քհնյ. Մկրտչեանը խօսեց այս առաջիկայ մէկ տարուայ ընթացքում միմեանց լաւ ճանաչելու, հոգեպէս պատրաստուելու կարեւորութեան մասին: Ուխտի են գնալու երիտասարդներ, ովքեր հաւաքուած են Եկեղեցւոյ շուրջ, ովքեր գիտեն, թէ ուր են գնում եւ ինչ նպատակով, անընդունելի է այլեւայլ ակնկալիքներով կամ ինչ-որ բան պոկելու համար Եկեղեցի հաճախել կամ ուխտագնացութեան մեկնել, բացատրեց Տէր Գրիգորը:

Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայեանը խնդրեց մտածել, որ հայ երիտասարդները մէկ շաբաթ շփուելու են շատ հաւատաւոր լեհ եւ այլ ազգերի կաթողիկէ երիտասարդների հետ: Լեհ հոգեւորականներն ու համայնքներն օգնում են հայ երիտասարդներին մասնակցել ԵՀՕ-ին՝ ոչ թէ ժամանցի, այլ հոգեւոր պտուղներ քաղելու համար, Սրբազան Քահանայապետի խօսքը լսելու եւ նրա հետ միասին աղօթելու համար:

Գերպ. Հ. Ներսէս վրդ. Գալստեանը փոքր-ինչ խստութեամբ խօսեց երիտասարդներից շատերի անտարբերութեան մասին՝ հոգեւորի եւ եկեղեցական կեանքի նկատմամբ ընդհանրապէս, կոչ արեց մտածելու, որ ժամանցն ու գեղեցիկ վայրերում լուսանկարուելն աւելի կարեւոր չէ հոգեւոր ապրումից, որի մասին ընկերոջը պատմելը շա՛տ աւելի անհրաժեշտ է քրիստոնեայի համար, քան լուսանկարներ ցոյց տալը: ԵՀՕ-ին մասնակցելն առիթ է՝ հոգեւոր զարթոնք ունենալու եւ դրանով ընկերներին վարակելու համար: Հարկ է աւելի մեծ հետաքրքրութիւն ունենալ Եկեղեցու եւ հոգեւորի հանդէպ, մի բան, ինչի մասին շարունակ յիշեցնում է Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետը:

Արժ. Տ. Նարեկ քհնյ. Թադեւոսեանը պատմեց նախորդ ԵՀՕ-ների իրենց փորձառութեան եւ ԵՀՕ ծրագրի մասին, խօսեց ուխտագնացութեան ֆիզիկական դժուարութիւնների մասին եւ խորհուրդ տուեց միշտ յիշելու, որ դժուարութիւնների հոգեւոր պտուղները յետոյ են քաղելու:

Երիտասարդներից ոմանց հետաքրքրում էին կազմակերպչական հարցեր, որոնց պատասխաններն ստանալուց յետոյ մի փոքրիկ տեսահոլովակ պատրաստեցին իրենց լեհ ընկերների համար, ովքեր խոստացել են օգնել իրենց՝ միասին անցկացնելու 2016թ. ԵՀՕ-ը, որը տեղի կունենայ հուլիսի 26-31-ը:








All the contents on this site are copyrighted ©.