2014-11-23 11:09:44

Օծուեցին և տեղադրուեցին Գիւմրիի նորակառոյց «Սրբոց մարտիրոսաց» առաջնորդանիստ եկեղեցու խաչերը:


Անդրադարձ՝ հին և նոր տաճարների պատմութեանը:
Նոյեմբերի 20-ին Գիւմրիի հայ կաթողիկէ համայնքում տօն էր. վերջապէս նորակառոյց Սրբոց մարտիրոսաց աղօթատան գմբեթներին յայտնուեցին խաչերը՝ բոլորին աւետելով, որ արդէն բոլորովին մօտ է այն գեղեցիկ օրը, երբ Սբ. Պատարագին մասնակցելու և Տիրոջը հաղորդուելու հնարաւորութիւնն կունենան նորակառոյց, շքեղ տաճարում: Աղօթատան երկու խաչերն օծեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ` Գերշն. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը, հաւուր պատշաճի, թեմի հոգևորականների օգնութեամբ ու գոհաբանական աղօթքներով, հաւատացեալների բազմութեան, Շիրակի մարզպետարանի, Գիւմրիի քաղաքապետարանի և այլ հասարակական կառոյցների աշխատակիցների ներկայութեամբ: Խաչերը գինով և ջրով լուացին համայնքի նախկին ժողովրդապետ Տ. Գրիգոր աւագ քահանայ Մկրտչեանը և ներկայիս ժողովրդապետ Հ. Պետրոս վարդապետ Եսայեանը: Յաւարտ հանդիսաւոր ծիսակարգի, նորօծ խաչերը հաւատացեալների բազմութեան ծափահարութիւնների ուղեկցութեամբ տեղադրուեցին տաճարի գմբեթներին:
Այս իրադարձութեանը Գիւմրիի հայ կաթողիկէները սրտի տրոփիւնով և խոր կարոտով սպասել են տասնամեակներ շարունակ, գրեթէ չորս սերունդ, մօտ 90 տարի՝ 1926թ.-ից, երբ քաղաքում գործող կաթողիկէ աղօթատունը մասամբ աւերուեց երկրաշարժից ու այլևս չվերականգնուեց, իսկ 1930-ականներին, ստալինեան հալածանքների ժամանակ, աղօթատունը փակուեց: Համայնավարները արգելեցին հայ կաթողիկէ հոգևորականների գործունութիւնը առհասարակ, շատերն աքսորուեցին կամ բռնութիւնների զոհ դարձան.Գերշն. Տ. Ներսէս Արքեպս. Տեր-Ներսէսեանի տեղեկութիւններով՝ շուրջ 40 հոգևորական սպաննուեցին 1936-39թթ.: Գիւմրիի կամ, աւելի ճիշտ, Ալեքսանդրապոլի կաթողիկէ աղօթատունը նուիրուած էր Սրբուհի Աստուածածնին, կառուցուել է 1843-1855թթ., Ալեքսանդր վարդապետ Արարամեանի ջանքերով, ինչպէս փաստում է մինչ օրս տաճարի պատին պահպանուած քարէ արձանագրութիւնը: Կիսաւեր տաճարը, որը գտնւում է Գիւմրիի ներկայիս զինուորական կոմիսարիատի հարևանութեամբ, այժմ անշուք մի բնակելի շինութիւն է յիշեցնում: 1926թ. երկրաշարժից յետոյ խոնարհուած տաճարն ապաստարան դարձաւ անօթևան չորս ընտանիքների համար, որոնց հետագայ տասնամեակների ընթացքում գումարուեցին ևս մէկ տասնեակից աւելի ընտանիքներ: Այդ ընտանիքների արածը սրբապղծութիւն չէր, այլ՝ ճարահատեալ ընտրութիւն, իսկ համայնավարներն ազատուեցին այդ ընտանիքներին բնակարանով ապահովելու գլխացաւանքից՝ միաժամանակ ոչնչացնելով կառոյցի սկզբնական նշանակութիւնը: Տարիների ընթացքում հին աղօթատունը շրջապատուեց շինութիւններով, թաքնուեց մարդկանց աչքից, իսկ 1988թ. յետոյ աղօթատանը կից նաև տձև ժամանակաւոր տնակներն յայտնուեցին՝ իրենց վառարանների խողովակներով, որոնց ծուխը մինչ օրս սևացնում է տաճարի բաց մնացած խորանի կամարակապ առաստաղը, որտեղ տեղ-տեղ երևացող աստղերի պատկերներն հուշում են, որ նախկինում խորանը նկարազարդ է եղել: Այդ խորանը, որտեղ գրեթէ 100 տարի առաջ քահանան ճաշակում էր Տիրոջ Մարմինն ու Արիւնը, այժմ անպիտան արկղերի գորշ մի անկիւն է դարձել: Դա էր Աստուածածնին նուիրուած աղօթատան խաչը՝ երկրաշարժ, անաստուածութիւն, սրբապղծութիւն, արհամարհանք, ճիշտ ինչպէս իր հաւատացեալների մի քանի սերունդների կրած ծանր խաչը, մի տարբերութեամբ միայն՝ աղօթատունն իր կեանքը տալով՝ փրկեց աղէտից տուժած հայ ընտանիքների կեանքերը: Իսկ քաղաքի կաթողիկէ ջերմեռանդ հաւատացեալների մի խումբ շարունակում էր գաղտնի աղօթել տներում, իսկ յետոյ՝ առաքելական Սբ. Յոթվէրք եկեղեցում:
1991թ., երբ Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետը ձևաւորեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների թեմը՝ Գերշն. Տ. Ներսէս Արքեպս. Տեր-Ներսէսեանի առաջնորդութեամբ, հայ կաթողիկէ հոգևորականները վերսկսեցին իրենց առաքելութիւնը Հայաստանում, Գիւմրիում հաստատուեց թեմի առաջնորդարանը՝ Աթարբեկյան 82 հասցէում, համայնքը տասնամեակների հարկադիր անզգայացումից յետոյ սկսեց հոգևոր զարթօնք ապրել, աղօթատուն ունենալու խնդիրը օր ըստ օրէ աւելի հրատապ էր դառնում: Խոնարհուած աղօթատունը վերանորոգելու համար հարկ կլիներ նախ լուծել այնտեղ ապաստանած ընտանիքներին բնակարաններով ապահովելու բարդ խնդիրը, իսկ դա հսկայական ծախսեր էր պահանջում, որոնք գումարուելու էին վերանորոգման մեծ ծախսերին: Հետևաբար, որոշուեց կառուցել նոր աղօթատուն:
Նոր տաճարի կառուցման աշխատանքները հնարաւոր եղաւ մեծ դժուարութիւններով սկսել միայն 2010թ., թեմի առաջնորդական տեղապահ Հ. Վահան ծ. վրդ. Օհանեանի և Գիւմրիի ժողովրդապետ Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչեանի ջանքերով, ով կարողացաւ ի վերջոյ ստանալ ՀՀ Մշակոյթի նախարարութեան թոյլտուութիւնը՝ քանդելու այժմեան նորակառոյց տաճարի տարածքում գտնուող պատմամշակութային արժէք համարուող հին շինութիւնը և տեղում կառուցելու տաճարը: Երբ ձեռնարկուեցին տաճարի հիմքերի փորման աշխատանքները, բարդութիւններ առաջ եկան գրունտային ջրերի արտահոսքի պատճառով, ինչը ստիպեց շինարարներին կարճ ժամանակով դադարեցնել աշխատանքը, մինչև որ ճիշտ լուծում տրուեց խնդրին: Շինարարութիւնը լայն թափ շարունակուեց: Ճարտարապետը Յակոբ Ջիվանյանն է՝ փորձառու մի մասնագէտ, ով որոշեց ճարտարապետական առանձնայատուկ մի կառոյց պարգևել Եկեղեցուն՝ 8 խաչուող կամարներով, առանց ներքին սիւների, մօտ 30 մետր բարձրութեամբ, Զուարթնոցի տաճարին յատուկ ճարտարապետական տարրերով, որոնց վերջնական գեղեցկութիւնը հաւատացեալները կկարողանան ըստ արժանւոյն գնահատել արդեն 2015թ. գարնանը, երբ աղօթատան շինարարական ու ներքին յարդարման աշխատանքները լրիւութեամբ կաւարտուեն:
Աղօթատունն ի սկզբանէ անուանակոչել է Սբ. Խաչ, բայց ի տես Ցեղասպանութեան 100- ամեայ տարելիցի, վերանուանել է Սրբոց Մարտիրոսաց՝ ի յիշատակ Մեծ Եղեռնի 1,5 մլն զոհերի և բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ հալածուել են իրենց հաւատքի համար ու իրենց ջերմեռանդութիւնը փոխանցել ներկայիս սերունդներին:
Հաւատացեալները հպարտ են՝ տեսնելով վերածնուած համայնք, խոնարհուած հին տաճարի յիշատակն իր մէջ սրբութեամբ ամփոփող, շքեղութեամբ վեր խոյացող մի երիտասարդ աղօթատուն՝ պատրաստ դիմակայելու նոր փորձութիւնների ու իր խաչուող ամուր կամարների ներքոյ երաշխաւորելու հայ ժողովրդի հաւատքի ամրութիւնն ու վերելքը:
Ինչպէս լրագրողների հետ իր խօսքում խաչերի օծման առիթով նշեց Գերշն. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը, այս աղօթատունը բաց է բոլորի առջև՝ առանց խտրականութիւն դնելու կաթողիկէների, առաքելականների կամ այլոց միջև, այն ևս մէկ նոր հոգևոր տուն է, Աստուծոյ հետ հաղորդուելու սրբավայր: Իսկ ժողովրդապետ Հայր Պետրոս վրդ. Եսայեանը ուրախ է, որ այսուհետ հաւատացեալները, որոնք նախկինում խուսափում էին աղօթքի գալ ժողովրդապետութեան շէնքի նկուղային յարկի աղօթասրահում, այժմ աւելի հոծ բազմութեամբ կյաճախեն եկեղեցի: Նոր աղօթատունը, նրա խօսքերով, վերածնուող հաւատքի խորհրդանշական փիւնիկն է, որն իր թևերի տակ կհաւաքի իր ձագուկներին ու կճախրի առ Աստուած:
Սրբոց Մարտիրոսաց աղօթատան օծումն ու բացումը կլինի 2015թ. մարտ կամ ապրիլ ամիսներին: Իսկ անդրանիկ Սբ. Պատարագը նախատեսւում է տաճարում մատուցել 2015թ. ապրիլի 24-ին:








All the contents on this site are copyrighted ©.