2014-09-30 12:11:00

Հայ Կաթողիկէ Եկեղեցին ունեցաւ ևս մէկ աղօթատուն


Աղօթատան կառուցումը նախաձեռնել ու կազմակերպել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը՝ համայնքապետ Արմեն Բաղդասարեանի և ռուսաստանաբնակ նորաշէնի բարերարների օգնութեամբ, ովքեր ևս ներկայ էին տաճարի օծման արարողութեանը` 2014թ. սեպտեմբերի 25-ին։
Օծվեցին խորանը և խաչը, իսկ տաճարի ամբողջական օծումը թողնուեց աւելի մեծ հանդիսութեամբ հետագայում կատարելու համար, Արևելեան կաթողիկէ եկեղեցիների համախմբի նախագահ Կարդինալ Լէոնարտօ Սանտրիի՝ Հայաստան հաւանական այցելութեան ժամանակ:
Նորաշէնում այժմ բնակւում է 600 ընտանիք, բոլորն էլ կաթողիկէ: Գիւղում տասնամեակներ շարունակ Սբ. Պատարագ չի մատուցուել, որովհետև աղօթատուն չի եղել, բացառութեամբ գիւղացիների ձեռքով սարքուած մի հին մատրան, որտեղ բարեպաշտ գիւղացիները սովորութիւն են ունեցել մոմ վառելու և իրենց առանձնական աղօթքներն առ Աստուած բարձրացնելու:
Այս գիւղում, ինչպէս յարակից միւս գիւղերում, կաթողիկէ ընտանիքները հաստատուել են 19-րդ դարի առաջին կէսում՝ գաղթելով Արևմտեան Հայաստանի գաւառներից՝ իրենց հետ ներելով կաթողիկէ հաւատքի աւանդոյթները, որոնք կարողացել են պաշտպանել մինչև կոմունիստական վարչակարգի հաստատուելը: Գրեթէ 100 տարուայ կրօնական ամայութիւնից յետոյ նորաշէն այս տաճարի հետ գիւղի կրօնական կեանքը դարձեալ աշխուժացման հեռանկար ունի:
Երկար ժամանակ եկեղեցի ու Պատարագ չտեսած գիւղացիները մեծ ու փոքր հաւաքել էին իրենց նոր եկեղեցու օծումը տեսնելու, իրենց թեմի հոգևոր հովիւի խօսքը լսելու, նրա օրհնութիւնը ստանալու, եկեղեցու յայտնութիւնը գիւղում շուքով տօնելու: Նրանց ծափահարութիւնների ուղեկցութեամբ Սրբազան Հօր ձեռամբ օծուած խաչը տեղադրուեց զանգակատան գագաթին, ապա ժողովուրդը խմբուեց տաճարում՝ տեսնելու, թէ ինչպէս է օծւում խորանը և լսելու Սրբազան Հօրը, ով իր օրհնութեան խօսքում հետևեալն ասաց.
«Այժմ ունէք ձեզ եկեղեցին, ուր կարող էք մաքուր սրտով և հոգով մօտենալ Քրիստոսին և գտնել Նրան այս տաճարում…Մեծ ուրախութիւն է, որ այս սուրբ տաճարում զգում ենք, այն դարձաւ մեզ համար հոգևոր մի ապաստանարան, ուր ամէնքը կարող են գալ և գտնել Քրիստոսին: Երախտագիտութիւնս եմ յայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այս շինարարութեան, յատուկ կերպով՝ գիւղապետին, այս շրջանի պատասխանատուներին, որ ամեն տեսակ զոհողութիւն և աշխատանք տարան, որպէսզի կարողանան այս ժողովրդին աղօթքի մի անկիւն տալ…Շնորհակալ եմ Հայր Ներսեսին, ով իր աշխատանքի հետ միասին ձեզ այցելում է…իր ամբողջ աշխատանքի համար և յուսով եմ, որ ոչ միայն մէկ վարդապետ ունենք, որ մէկ գիւղից միւս գիւղը գնա, այլ ունենաք ձեր քահանան, ով պէտք է գայ ձեր ընտանիքներից, կոչումներով, ձեր երեխաներից…Սպասում եմ, որ այստեղ հաւաքուած ընտանիքներից քահանայութեան նորանոր կոչումներ լինեն: Քահանայութիււնը մեր կեանքի ազնուագոյն կոչումն է և այդ ազնւութեան արժանանալու համար պէտք է ունենանք խաչը մեր ուսին, զոհողութիւնը, ազնուութիւնը, համեստութիւնը, որպէսզի կարողանանք ասել.«Աստուա՛ծ իմ, Տէ՛ր, ահաւասիկ ես քո ձեռքերում եմ, խնդրում եմ՝ օրհնիր ինձ, որպէսզի լինեմ քո ժողովուրդը…Աստուած օրհնի՛ ձեզ, և շնորհաւոր թող լինի ձեր նոր սուրբ տաճարը»:
Գիւղի հոգևոր պէտքերը հոգում է Հայր Ներսէս վարդապետ Գալստեանը, ով հովիւն է Տաշիրի տարածաշրջանի 26 կաթողիկէ համայնքների.սա ինքնին բարդացնում է մշտապէս որևէ համայնքի ժողովրդի կողքին լինելու հնարաւորութիւնը, բայց Սբ. Պատարագներ Նորաշէնում այսուհետ կմատուցուեն կանոնաւոր կերպով: Աւելացնենք նաև, որ Նորաշէնի Սբ. Խաչը Տաշիրի տարեշրջանի կաթողիկէ համայնքներում գործող երրորդ եկեղեցին է, վերջերս աւարտուեց նաև Մեծավանի Սբ. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու վերանորոգումը:







All the contents on this site are copyrighted ©.