2014-09-25 15:06:42

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհի. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի խօսքը՝ Հայաստան-Սփիւռք, 5-րդ համաժողովի մասնակիցներին։


Յոյժ սիրելի հոգևոր հայրեր և յարգարժան մասնակիցներ,
մեր եռօրեայ համագումարի վերջին նիստում ուրախ եմ և պատիւ ունեմ արձանագրելու, որ սերմն այն գաղափարի, որը մենք յղացանք՝ ճշմարիտ համագործակցութիւն և ընդհուպ միասնութիւն ոգու, հայեացքների, կամքի, գործողութիւնների, Հայ Եկեղեցում այսօր մեր համատեղ և միահամուռ աշխատանքի շնորհիւ հնարաւորութիւնն ունի աճելու և զարգանալու: Ի հեճուկս տարաբնոյթ մարդկային զանազան խոցերի և ցաւալի իրականութիւնների, մենք՝ Հայ Եկեղեցին ներկայացնող զանազան համայնքներս, կարողացանք մէկ սեղանի շուրջ քննարկել Հայ Եկեղեցու և հայի առջև ծառացած խնդիրները՝ փորձելով դրանց լուծումները գտնել միասնաբար: Եւ գործի միասնութիւնը աշխատանքի մէջ է:
Սիրելիներ, թող Ամենաբարին Աստուած իր պահապան աջով միշտ հովանի լինի մեզ, այսօր մենք մեծ մարտահրաւէրներ ունենք, և, այո՛, նոյն քամին մեկին նաւահանգիստ է հասցնում, միւսին խորտակում: Այս ալեկոծ կեանքում մեր նաւը մեր Սուրբ Հայ Եկեղեցին է, որ պահում և պաշտպանում է ամեն համայնքի ինքնութիւնը, իսկ մեր նաւահանգիստը Քրիստոսն է, ուստի, սիրելինե՛ր, նախ մեր աշխատանքով և գործունէութեամբ շարունակենք ամրացնել և տարածել այս միասնականութիւնը: Կրկին խորին շնորհակալութիւնս եմ յայտնում հայոց հայրապետներին՝ իրենց գորովալից աջակցութեան համար:
Շնորհակալութիւն բոլորիդ անխտիր, որ չխնայեցիք ձեր ժամանակը, ուժը և, նուիրուելով այս համագումարի աշխատանքներին, զօրավիգ եղաք կեանքի կոչմանը: Մեր համատեղ աշխատանքի պտուղների սերմը մեզնից իւրաքանչիւրն է, որ, վերադառնալով, մտնելու և քարոզելու է՝ վկայելով քրիստոնեայ հայ ազգի՝ թէ հոգևորականի և թէ համօրէն հաւատացեալ մարդու, միասնականութիւնը: Մեր սրբոց նահատակաց սուրբ արեան կանչով մենք մեր ներդրումն ենք բերելու հայ դատի արդար լուծմանը: Մաղթանքս և աղերսս է առ Բարձրեալն Ամենազօր, որ պահի և պաշտպանի ձեզ և համօրէն ազգս հայոց:
Եւ վերջում խօսքս կնքում եմ գոհաբանական աղօթքով.Փա՛ռք Քեզ Աստուած, փա՛ռք Քեզ յաղագս ամենայնի, փա՛ռք Քեզ:







All the contents on this site are copyrighted ©.