2014-09-02 10:14:58

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան շնորհաւորական ուղերձ յղած է ԼՂ անկախութեան տօնին առիթով:


“Սիրելի՛ արցախցիներ,
Շնորհաւորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախութեան տօնի առթիւ: Արցախի ժողովրդի պատմական ընտրութիւնն այլեւս անշրջելի իրականութիւն է: Ողջ հայութեան աջակցութեամբ, եւ առաջին հերթին ձեր անկոտրում կամքի, ձեր գերմարդկային ջանքերի ու ճիգերի շնորհիւ, ինչպէս նաեւ մեծագոյն զոհողութիւնների գնով դուք ստեղծեցիք եւ կայացրիք պետականութիւն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնն այսօր հպարտօրէն կարող է կանգնել աշխարհի բոլոր այն երկրների շարքում, որոնք շահեկանօրէն տարբերւում են իրենց կազմակերպուածութեամբ, հզօր բանակով եւ պետական կուռ կառոյցներով: Ժողովրդավարութեան խորացումը, մշակութային ու կրթական վերելքը, ինչպէս նաեւ տնտեսական աճի տեմպերը Լղհ-ում տպաւորում են ոչ միայն մեզ: Արցախը եւ՛ իրեն, եւ՛ աշխարհին արդէն ապացուցել է, որ կայացած եւ ծաղկուն պետութիւն լինելու համար ունի հզօր քաղաքակրթական պաշար:
Մեզ պարտադրուած պատերազմը եւ սահմանների երկայնքով իրականացուող պարբերական սադրանքները ոչինչ են այն հզօր ոգու համեմատութեամբ, որ առաջնորդում է արցախցուն եւ ողջ հայութեանը:
Այդ ոգին առաջնորդեց մեր հերոսներին դէպի ազատամարտ եւ այդ ոգին է մեզ այսօր առաջնորդում դէպի արարում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհաւորում եմ բոլորիս այս մեծ տօնի կապակցութեամբ: Մաղթում եմ խաղաղ երկինք եւ առաջընթաց”:


ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեան շնորհաւորական ուղերձ յղած է ԼՂՀ անկախութեան 23-րդ տարեդարձին առիթով:
“Սիրելի հայրենակիցներ,
Իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ բոլորիդ մեր կարեւորագոյն պետական տօնի` Արցախի Հանրապետութեան օրուայ առթիւ:
1991 թուականի Սեպտեմբերի 2-ը շրջադարձային եղաւ արցախահայութեան կեանքում եւ դարձաւ նրա դարաւոր երազանքների իրականացման սկիզբը: Այն ազդարարեց Արցախի Հանրապետութեան ծնունդը, որն արդիւնք էր մեր ժողովրդի երկարամեայ մաքառումների ու անկոտրում կամքի: Մենք վերջապէս նուաճեցինք մեր հողի վրայ ազատ ու անկախ ապրելու իրաւունքը, ապրելու համամարդկային ու ազգային արժէքներին, ժողովրդավարական նորմերին ու միջազգային սկզբունքներին համահունչ:
Այդ ճանապարհին մեզ սպասում էին ինչպէս դաժան փորձութիւններ, այնպէս էլ մեծ յաղթանակներ, յաղթանակներ, որոնք ձեռք բերուեցին անասելի կորուստների ու զրկանքների, մեր հերոս քոյրերի ու եղբայրների թափած արեան գնով: Դրանք հնարաւոր դարձան համայն հայութեան միասնականութեան ու համախմբուածութեան, մեր ժողովրդի անսասան ոգու ու անձնուիրութեան շնորհիւ:
Ուղիղ մէկ ամիս առաջ ղարաբաղա-ատրպէյճանական սահմանին տեղի ունեցած դէպքերը ցոյց տուեցին, որ Արցախի Հանրապետութիւնն ուժեղ է ու անառիկ, քանի որ նրա սահմանին կանգնած է իր հողն ու տունը պաշտպանող զինուորը, կանգնած է ողջ հայ ժողովուրդը: Այդպէս է եղել այս 23 տարիների ընթացքում, այդպէս կը լինի այսուհետ:
Թանկագին հայրենակիցներ,
Մէկ անգամ եւս շնորհաւորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղութիւն, քաջառողջութիւն, երջանկութիւն ու ամենայն բարիք ձեր ընտանիքներին, զօրացում ու բարգաւաճում` մեր հարազատ Արցախին”:








All the contents on this site are copyrighted ©.